Հետևեք մեզ։

Արցախցի 30-ամյա կինը շրջափակման հարուցած սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ «Արցախի շրջափակման հետևանքները»

17:00, 23 հունիս 2023
Արցախցի 30-ամյա կինը շրջափակման հարուցած սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ «Արցախի շրջափակման հետևանքները»

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

 

Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

 

Զեկույցում ներկայացված են նաև որոշ արցախցիների պատմությունները, որը Hayastan.news-ը կներկայացնի «Արցախի շրջափակման հետևանքները» շարքով:

 

30-ամյա Անուշը բռնի տեղահանված է Շուշիից, ով կորցրել է իր կրտսեր եղբորը 2020 թվականի պատերազմում, իսկ հայրը ծանր վիրավորվել է 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ պատճառով նա ժամանակին լուրջ հոգեբանական տրավմա և սթրես է կրել։ Նա վերջերս է ամուսնացել և շրջափակման սկզբում առաջին հղիության չորրորդ ամսում էր գտնվում։ Շրջափակման պատճառով նրա ամուսինը ստիպված մնացել է Երևանում։

 

Նրա մայրը՝ Արմինեն, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է, որ Անուշը 2023 թվականի փետրվարի 1- ին փորձել է ինքնասպան լինել, քանի որ վիժել էր և կորցրել երկար սպասված առաջնեկին՝ շրջափակման հարուցած սթրեսի, անհանգստության, դեպրեսիայի և թերսնման պատճառով: Այժմ Անուշը վերականգնողական բուժում է անցնում հիվանդանոցում և գտնվում է հոգեբանների և նյարդաբանների հսկողության տակ, քանի որ նրա հոգեկան և ֆիզիկական վիճակը շատ փխրուն է։

 

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից բռնի տեղահանված 39-ամյա Աիդան, 4 երեխաների մայր, այդ թվում՝ մեկը հաշմանդամ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում ասել է. «Մինչև 2022 թվականի ավարտը մենք պետք է տեղափոխվեինք մեր նոր տունը, որը տրամադրվել էր կառավարության կողմից տեղահանվածների վերաբնակեցման պետական ծրագրով։ Սակայն շրջափակման պատճառով մեր տան շինարարությունը կասեցվել է անորոշ ժամկետով, ինչի հետևանքով մենք հայտնվել ենք լիակատար անորոշության մեջ։ Մենք առայժմ պետք է ապրենք նկուղում, որը շատ ցուրտ է ու փոքր մեր ընտանիքի համար։ Մենք ապրում ենք միայն ներկա օրով և չգիտենք, թե ինչ սպասել վաղը:

 

Ապագադ պլանավորել ուղղակի անհնար է։ Որպես 4 երեխաների մայր՝ ես չափազանց անհանգստացած և ճնշված եմ երեխաներիս հոգեկան վիճակով և վերջնական ճակատագրով: Նրանց կրթությունը բազմիցս խաթարվել է՝ սկզբում 2020-ի պատերազմը և համաճարակը, այնուհետև 2022-ի փետրվար-մարտին գազի անջատումները և այժմ 3- ամսյա շրջափակումը. սա նորմալ չէ։ Մենք կարոտում ենք մեր հայրենի գյուղը և չկա մի օր, որ չհիշենք ու չխոսենք դրա մասին։ Երբեմն ես զգում եմ, որ մենք այլևս ոչ մի վայրի հետ կապված չենք: Ես ինձ անօթևան եմ զգում, և այս երկարատև անորոշ իրավիճակն ինձ անհանգստություն է պատճառում: Իմ երեխաներին միայն ցանկանում եմ խաղաղ ապրել հայրենիքում: Արդյո՞ք դա շատ է ակնկալելու համար»: