Հետևեք մեզ։

Հայրենիքն ու ձկնորսությունը

18:55, 24 հունիս 2023
Հայրենիքն ու ձկնորսությունը

Երբ շատ ասելիքի պայմաններում էլ ամեն կերպ փորձում ես ոմանց մասին չխոսել, իսկ ոմանք ամեն ինչ անում են հակառակի համար, մնում է խոսել։

 

Վիգեն Խաչատրյանի մասին լռելու առիթը նրա հայտարարություններն են Հայաստանի ու Արցախի մասին, բոլորից առաջ ընկնելով Արցախն Ադրբեջան ճանաչելը, այդ ելույթներից հետո ալիևյան հրճվանքներից նույնիսկ չազդվելը, նրան ավելի ոգևորելու Վիգեն Խաչատրյանի ու նրա նմանների բացառիկ ունակությունը։ Որոշել էինք այս ամենի հիշատակմամբ նրա մասին չխոսել՝ «մահացածի մասին՝ ոչինչ» սկզբունքով։

 

Իսկ չզսպելու և այդուհանդերձ խոսելու առիթը Վիգեն Խաչատրյանի մասին ելույթներն են, նրան տրված բնութագրերը՝ հայրենիքը, ժողովրդին սիրելու, ողջախոհության, մեծ ավանդի և այլնի մասին։ 

 

Ո՞վ է հիշում Վիգեն Խաչատրյանին, ի՞նչ ավանդ ունի նա առհասարակ, բացի տարբեր ժամանակներում ընտրություններում ձայն փախցնելուց, ինչո՞վ է աչքի ընկել նա՝ հայոց պատմությունն ու արցախյան պատերազմերում անմահացածների հիշատակն ուրանալով հայկական տարածքները թուրքին պատկանելու մասին հայտարարություններից բացի։

 

Բայց դիտմամբ, թե պատահմամբ, Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի մասին գրառմամբ իր և նրա մասին ասել է գրեթե ամեն ինչ, օրինակ, որ նա սիրում էր ձկնորսություն, հայրենիքը, ժողովրդին․․․

 

Հայտնի պատճառով դադարեցնելով Վիգեն Խաչատրյանի անունն այլևս հիշատակելը՝ արձանագրենք, որ Հայաստանում շատերն են հայրենիքը սիրում այնպես, ինչպես սիրում են ձկնորսությունը, իսկ Հայաստանի վարչապետն իր թիմակցի սիրո օբյեկտներ ձկնորսությունն ու հայրենիքը թվարկում է իրար կողքի: Սա, իհարկե, շատ զարմանալի չէ, որովհետև կան մարդիկ, ովքեր սիրում են հայրենիքն ու ալկոհոլ, ոմանք՝ Հայաստանը, իրենց պաշտոնն ու եղեգնաշաքար, ոմանք՝ հայրենիքն ու լուսանկարվել, որոշները՝ մի քանի ծառայողական ավտոմեքենա ու ժողովրդին, ոմանք՝ հայրենիքն ու  հայրենիքի հետ ավելի ու ավելի անհամեմատելի ու անհամատեղելի բաներ։ 

 

Բայց ո՛չ, ոմանք ընդամենը չեն սիրում հայրենիքը և անձնական շահերի համար ընդունակ են ամեն ինչի, նույնիսկ՝ հայրենիքը, պետական խորհրդանիշները, Արարատի հայկականությունը թուրքից ավելի կասկածի տակ դնելուն….

 

Ոմանք հայրենիքը սիրելու մասին խոսելիս ավելի ու ավելի են բացահայտում հակառակը․․․

 

Բեթղեհեմ Արաբյան

 

Վերլուծական