Հետևեք մեզ։

Ալեքսանդր Խատիսյան․ Թիֆլիսի քաղաքապետից մինչև Առաջին Հանրապետության առաջին ԱԳ նախարար և երկրորդ վարչապետ

18:24, 25 հունիս 2023
Ալեքսանդր Խատիսյան․ Թիֆլիսի քաղաքապետից մինչև Առաջին Հանրապետության առաջին ԱԳ նախարար և երկրորդ վարչապետ

Ալեքսանդր Հովհաննեսի Խատիսյան. հայոց պատմության նշանավոր անուններից մեկը․

 

 «Ձեր սահմանները մեզ ուղղակի ապշեցրին: Եվ դուք՝ նստած Ալեքսանդրապոլ, պարտություն կրելուց հետո պահանջում եք Մուշը եւ Վանը: Ի՞նչ կլիներ, եթե դուք նստած լինեիք Վան: Ի՞նչ կմնար Թուրքիայից…»,- Կարաբեքիր փաշան` Ալեքսանդր Խատիսյանին:

 

«Ես նրան պատասխանեցի, որ մենք մեր պարտքը համարեցինք մեր ժողովրդի առաջ ներկայացնել այն, ինչ որ անհրաժեշտ է մեր ժողովրդի գոյության եւ ապագայի համար: Ես ավելացրեցի, որ նույնիսկ իր՝ Թուրքիայի համար, կարեւոր է ունենալ իբրեւ հարեւան կենսունակ Հայաստան»,- Խատիսյանի պատասխանը Կարաբեքիրին:

Ռուսական կայսրության օրոք՝  1874թ․ Թիֆլիսում՝ խոշոր ազնվականների ընտանիքում է ծնվել Ալեքսանդր Հովհաննեսի Խատիսյանը։ Ազնվական ընտանիքը հատուկ հոգ էր տանում որդու լավ կրթության համար․ Թիֆլիսի պետական գիմնազիան ավարտելուց հետո Ալեքսանդր Խատիսյանը գնացել է ուսումը շարունակելու Մոսկվայի և Խարկովի համալսարաններում․ նպատակը մեկն էր՝ հայտնի բժիշկ դառնալ, բայց Խատիսյանն այլ կոչումով էր ծնվել։ 
Ռուսական կայսրության սահմաններից դուրս՝ եվրոպական երկրներ է մեկնել Խատիսյանը վերապատրաստումների, նա 19-րդ դարի վերջին գերմանական ու ֆրանսիական կլինիկաներում վերապատրաստում էր անցնում։ Նա տիրապետում էր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և վրացերեն լեզուներին, իսկ եվրոպական մայրաքաղաքներում լույս էին տեսնում նրա աշխատությունները ջրամատակարարման, սպանդանոցների և այլ թեմաների վերաբերյալ։

 

Բայց, գիտությամբ զբաղվող երիտասարդը վերադառնում է հայրենի քաղաք և այդ պահից՝ 1900 թվականից սկսվում է նրա քաղաքական ուղին։
Տարբերվող գաղափարով ու լայն մտահորիզոնով օժտված երիտասարդը 1902-ին ընտրվում է քաղաքային դումայի նախագահ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905 թվականից քաղաքային վարչության անդամ։ Մասնակցում է 1905 թվականի հեղափոխությանը։

 

Կարժ ժամանակ անց՝ 1907 թվականից Թիֆլիսի քաղաքագլխի օգնական էր,  իսկ 1910-ին Թիֆլիսի քաղաքապետը։ Նա Թիֆլիսի քաղաքագլուխն է եղել 7 տարի։

 

1914 թվականից Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահն էր։ Այդ ժամանակ էլ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և հետո Հայոց ցեղասպանությունը։
Այստեղ արդեն Խատիսյանը դարձավ յաթաղանից փրկված ազգակիցներին օգնելու գործին, բացի այդ, նա աջակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, և այդ ընթացքում էլ ընտրվում է Հայկական ազգային բյուրոյի նախագահի տեղակալ։

 

Մոսկվայում ընթացող գործընթացների ակտիվ մասնակից է եղել։ Խատիսյանը 1916 թվականի դեկտեմբերին մասնակցել է Լվովի կազմակերպած քննարկմանը, որի օրակարգային հարցը կայսերը գահընկեց անելն էր։ Խատիսյանին վստահվեց առաջադրանքը՝ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին փոխանցել, որը կայսերը գահընկեց անելոց հետո նա ստանձնի գահը։
Նիկոլաևիչը Կովկասի փոխարքան էր։


1917 թվականին սկիզբ առավ հայտնի Փետրվարյան հեղափոխությունը և դրա ավարտից հետո նա դադարում է լինել Թիֆլիսի քաղաքապետ և տեղափոխվում է Հայաստան, անդամագրվում Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Նույն այդ ժամանակահատվածում էլ դառնում է Ալեքսանդրապոլի (Գյումրի) քաղաքագլուխ։

 

1918-ին նա դառնում է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ Այդ կարգավիճակում նա մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում (փետրվարին) և Բաթումում (մայիսին)։


Խատիսյանն է, որ Առաջին Հանրապետության հռչակումից հետո  Հովհաննես Քաջազնունու հետ ստորագրում Բաթումի խաղաղության պայմանագիրը՝ 1918 թվականի հունիսի 4-ին։


1918թ․ նոյեմբերին Խատիսյանը ստանձնում է Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը, 1919-ին սկզբին նա դառնում է վարչապետի պաշտոնակատար։

Վարչապետի պաշտոնը Խատիսյանն ընդունեց Համո Օհանջանյանից, ում մասին Խատիսյանը նշում է իր` շատ կարեւոր «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքում. «Նույն նիստում վարչապետ Օհանջանյանը հայտնեց իր հրաժարական տալու որոշումը եւ խնդրեց խմբակցությանը մտածել նոր վարչապետի մասին: Խորհրդարանի անդամների տրամադրությունը համանման էր վարչապետի կարծիքին, որովհետեւ թվում էր, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններ վարելու համար պետք է ոչ այն կառավարությունը, որը պատերազմ էր մղել նրա դեմ»:


Ձևավորվում է նոր խորհրդարան՝ դաշնակցական մեծամասնությամբ․ պետությունը զարգացում էր ապրում մի շարք ուղղություններով։ Հենց այդ ժամանակ բացվեց Երևանի պետական համալսարանը, երդվյալ ատենակալների դատարանը, Լոնդոնում սկսվեց հայկական դրամների տպագրությունը, բացվում է Կարս-Բաթում երթուղին։ Իսկ  Հովհաննես Թումանյանն այդ ժամանակ Գրողների միության նախագահն էր, ով դիմել էր Խատիսյանին և նրա հրամանով 100 հզր ռուբլի նպաստ հատկացվեց միության։

 

Բայց, այդ ժամանակները երկար չտևեցին․ Ադրբեջանը խորհրդայնանում է և Հայաստանում կրկին իրավիճակն ապակայունանում է․ այդ ժամանակահատվածում Վրաստանում և Ադրբեջանում բոլշևիկները հալածվում էին, իսկ Հայաստանում նրանց ապրելու և աշխատելու հնարավորություն էր տրված;
Կառավարական ճգնաժամը բերեց նրան, որ 2020-ի մայիսի 5-ին, արտահերթ նիստում Քաջազնունին ներկայացնում է Խատիսյանի կաբինետի հրաժարականը, որն ընդունվում է։

 

Գևորգ Խատիսյան, Գաբրիել Ղորղանյան, Ավետիս Ահարոնյան, Մուխթար բեյ, Ալեքսանդր Խատիսյան և ուրիշներ

 


Բայց Խատիսյանն իր գործունեությունը չի դադարեցնում․ 
1920 թվականի ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնում է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով։

 

Խատիսյանը ԱՄՆ գեներալ Հարբորդի հետ

1920թ. դեկտեմբերի 2-ին Խատիսյանը ստորագրել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որից հետո մեկնել է Փարիզ և այնտեղ շարունակել գործունեությունը Հայկական Ազգային պատվիրակության կազմում. սկզբում` որպես փոխնախագահ, ապա` նախագահ, մասնակցել է Լոզանի կոնֆերանսին։  1922-1923 թթ․ նա մասնակցում է Լոզանի կոնֆերանսին, պաշտպանում հայ ժողովրդի շահերը։


1926թթ․ երկրաշարժից հետո նա մեջ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։


Անդամակցել է մի շարք մասսոնական կազմակերպությունների. 1924-31թթ՝ «Հյուսիսային աստղ», 1931-37թթ՝ Ֆրանսիայի «Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան» օթյակներին, 1932թ.՝ «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին:

 

Ալեքսանդր Խատիսյան

 

Հեղինակել է ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածներ, հայերենից կատարել է թարգմանություններ: Հրատարակվել են նրա «Թիֆլիս քաղաքի մունիցիպալ տնտեսությունը։ Հանրային դասախոսությունը, Ժողովրդական համալսարան» (1909թ.), «Քաղաքների համառուսական խորհրդի Կովկասյան բաժնի գործունեության կրճատ ակնարկ, 1915-16թթ» (1917թ.), «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» (1930թ., 1968թ.), «Քաղաքապետի մը յիշատակները» (1991թ.) և այլ աշխատություններ։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվում է Պորտուգալիա։ 1944 թվականին Խատիսյանին ձերբակալում են՝ գաղտնի ամբաստանության հիման վրա՝ մեղադրելով նրան գերմանացիների հետ կապերի մեջ, սակայն շուտով ազատում նրան՝ փաստերի բացակայության պատճառով։


Մահացել է 1945 թվականի մարտի 10-ին Փարիզում, հուղարկավորվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը։


Վերլուծական