Հետևեք մեզ։

Թաղման հրավեր

15:14, 26 հունիս 2023
Թաղման հրավեր

Միանգամից ասեմ՝ Վիգեն Խաչատրյանին չեմ անդրադառնալու, դրա համար մեկ տասնյակից ավելի պատճառ կա, պարզապես մեկ խոսակցություն մեջբերեմ ու անցնեմ առաջ․ քննարկվում էր, վիճաբանություն էր  ընդդիմության պահվածքի մասին ոչ քաղաքական դաշտի մարդկանց հետ․ քննարկումն ավարտվեց մասնակիցներից մեկի հետևյալ նախադասությամբ․ ես 200-ից ավելի հայորդու հուղարկավորության կամ հոգեհանգստյան արարողության եմ գնացել, Վիգեն Խաչատրյանին չեմ տեսել։ Վիճաբանությունն ավարտվեց։

 

Մենք այն սերունդն ենք, որոնց դաստիարակության մեջ անկյունաքարային նշանակություն ունի խղճի առաջ պատասխան տալը։  Խղճի հանգստության մասին, գլուխը հանգիստ բարձին դնելու մասին բոլոր դաստիարակչական թեզերը գուցե ոչ մտածված են մեզ փոխանցվել, բայց հաստատ պատահական չեն։

 

Աժ պատգամավորի մահվանից հետո իրավիճակը խոսում է հասարակության տարբեր շերտերի մասին, բայց փաստ է, որ կա իրավիճակ, երբ մարդիկ Հայաստանում մեկ այլ մարդու մահվան հանգամանքի վրա առանց վախի, անթաքույց ուրախանում են։ Ընդունելի է, թե ոչ, երևի Աստծո գործն է․․․, բայց նորմալ չէ, երբ մահն ուրախություն է պատճառում։

 

Մի բան կա, որի վրա Հայաստանում բարիկադներ են շարվում՝ ատելության հիմքի։ 2018-ին օդում պտտվող դագաղների ուրվականը հենց այնպես չի անցնելու, դրանք պտտողները հիմա տեսնում են, որ անգամ մահը չի ներվում, վախենու՞մ են, իհարկե, բայց այստեղ էլ դասեր չեն քաղում․ իսկ ի՞նչ անել, որ այդպես չլինի, իսկ ո՞ր սխալներն են բերել այս իրավիճակին, գուցե ԱԱԾ «պադվալից» Մանվել Գրիգորյանի կուչ եկած լուսանկարը «Հայկական ժամանակ»-ով տարածելն ու դրա վրա խրախճանք կազմակերպելն ու «հեղինակություն» հավաքելն  էր պատճառը, գուցե մեկը դա կհիշի ու չի գնա իրենց գործընկերոջը հրաժեշտ տալու։

 

Գիտեք, մեծահոգությունը իշխանության մենաշնորհն է, ես այդպես եմ կարծում․ օրինակ, իշխանական մեկը ցավակցեր կենդանության օրոք իրենց հայհոյող մարդու մահվան կապակցությամբ, մեծահոգաբար գնար վերջին հրաժեշտը տալու, գրառումով ամոթանք տար իրենց թիմակցին էթիկայից դուրս գրառման համար, որն արել էր, երբ լսել էր, որ մարդ է մահացել։ Գուցե գնար իրենց քննադատողին հրաժեշտ տալու և այսօր կանխած կլիներ փոխադարձ ատելության այս շերտը։

 

Բարիկադներից այս կողմ ու այն կողմ շարվում են «մեր» ու «ոչ մեր» մահացածները, որոնց շուրջ շարունակվում է ողջերի կռիվը․  սա հասարակությանը կհասցնի կամ արդեն հասցրել է հոգեխանգարմունքի, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերել ու չի բերում։


Ընդդիմությունը չի գնում հրաժեշտ տալու իր կողքը նստած մարդուն․ իր որոշումն է, վախեցել է քննադատվելու՞ց, գուցե, ինչը, խորքային առումով չափազանց վատ է, դա թուլության նշան է,  բայց միգուցե ցանկություն չի եղել գնալու, բացառված չէ։ Գուցե դա պատասխան վերաբերմունք է իշխանությանը։

 

Ի դեպ, պատասխան վերաբերմունքի մասին, բացարձակ լավ չէ վատ արարք համարել մեկ բան, և մեկ այլ իրավիճակում նույն արարքն անել միայն այն պատճառով, որ դիմացինը դա արել է  քո հանդեպ։ Սա հատկապես տարածված է սոցիալական ցանցերում։ Բա նմանվե՞լ դիմացինին․․․

 

Հոգեհանգիստը հրավերով չէ, դա վաստակ է, դա խղճի շղթան է՝ ապրե՞լ ես այնպես, որ գան, մարդիկ՝ պատահական, քաղաքացիներ, այնպե՞ս ես ապրել, որ չկարողանան չգալ, որովհետև խիղճը չի ների, որովհետև մարդը քննադատվելուց այնքան չի վախենում, որքան խղճի դատելուց։

 

Ամբողջ կյանքի ընթացքում վերջի մասին ասվող խոսքերը հենց այնպես, դատարկ արտահայտություններ չեն, վերջի մասին ընթացքում է մտածել պետք։

Մի բան էլ գնացողներին․ աքսիոմա է՝ հիշատակը լռությամբ են հարգում։

 

Բեթղեհեմ Արաբյան

 

 

Վերլուծական