Երևանը Հայաստանի սիրտն է ու համայն հայության մայրաքաղաքը, անբացատրելի մթնոլորտով ու ձգողականության ուժով այս քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է։
Hayastan.news-ն այսօր անդրադառնում է Երևանի գլխավոր ճարտարապետ, Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Թամանյանին, այսօր մեծանուն հայի ծննդյան օրն է։
Թամանյանը ծնվել է 1878 թվականի մարտի 4-ին՝ Ռուսաստանի կայսրության Եկատերինոդար (այժմ ՝ Կրասնոդար) քաղաքում հայ բանկային ծառայող Հովհաննես (Իվան) Միրոնովիչ Թամանյանցի (1838-1930) և նրա կնոջ՝ Մարիա Էմանուիլովնա Տերտերյանի (1850-1925) մեծ ընտանիքում: Հովհաննես Միրոնի նախնիները Արևմտյան Հայաստանի Տրապիզոնից էին և փախել էին Ռուսաստան Oսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով:
Երիտասարդ Ա. Թամանյանը Ռուսաստանում, 1903
1898-ին Թամանյանը երկրորդ փորձից (առաջին անգամ օգնել էր ընկերջը) ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության ֆակուլտետ, ընթացքում սովորել է նաև ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի արվեստանոցում։
Նրան նկատում էին բոլորը՝ դպրոցում նկարչի ուսուցչից մինչև ակադեմիայի վարպետները։ Հայ աշակերտը բացառիկ տաղանադավոր է եղել։
1902-ի մայիսին Թամանյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների սեփականության կառավարման խորհրդի ճարտարապետ։ Նա այդ շրջանում նախագծել է Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկի հայկական գերեզմանատան ծառայողական շենքերի և ջերմոցի նախագիծը։ Եվ այդպես սկսվեց կերտվել թամանյանական ձեռագիրը․ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական առաքելական եկեղեցու վերակառուցում՝ հիմքից, Իշխան Ս. Ս. Աբամելիք-Լազարևի առանձնատան նախագիծ, Իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի նախաձեռնությամբ Հռոմում կառուցվելիք ուղղափառ տաճարի նախագիծ, Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա Ռոմանովայի առանձնատան նախնական նախագիծ վորոնեժյան կալվածքում և այլն։
Թամանյանի արագությունն անգամ ռեկորդային է եղել։ Երիտասարդ ճարտարապետը ռուսական քաղաքի շուկայական հրապարակ է կառուցել 2,5 ամսում․ 1913-ին Ռոմանովների տոհմի գահակալության 300-ամյակի հոբելյանական տոնակատարության կապակցությամբ Ալեքսանդր Թամանյանը ռեկորդային 2,5 ամսում կառուցել է այդ տաղավարային համալիրը՝ Յարոսլավլ քաղաքում գյուղատնտեսական Ցուցահանդեսի համար:
Ռուսաստանի կայսր Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանովը ներկա է եղել այդ ցուցահանդեսին, որտեղ է նրան ծանոթացրել են Թամանյանի հետ։
36 տարեկանում՝ 1914-ի հոկտեմբերի 27-ին Թամանյանին շնորհվել է ճարտարապետության ակադեմիկոսի կոչում:
Սակայն, կալվածքների, կարևոր շինությունների նախագծումից հետո, ինչպես ուսանողական ընկերոջը խոստացել էր Թամանյանը, ինքը պետք է ստեղծագործեր Հայաստանում և այդպես էլ արեց՝ հենց հայրենիքի սրտում դաջելով իր ֆենոմենալ հետագիծը։
1918-նի նա նկարիչ Հակոբ Կոջոյանի հետ նախագծել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը: Այդ զինանշանը հետևյալ տեսքն ուներ՝ արծիվ և առյուծ։
1919-ին Թամանյանը Հայաստանի գլխավոր ճարտարապետն էր և սկսվեց Երևանի շենացումը․ 1919-ին Ալեքսանդր Թամանյանը սկսեց մշակել Երևանի գլխավոր հատակագիծը:
Այդ ժամանակահատվածում` 1921֊1923թթ. Թամանյանը մեկնել է Պարսկաստան։ Նրան են պատկանում`
Հայաստանի Հանրապետության հյուպատոս Մուշեղ Տեր-Զաքարյանի տան ճակատի ձևավորման նախագիծը Թավրիզում, Մելքոն Բաղդասարյանի տան նախագիծը Թավրիզի Լիլավա թաղամասի Քարաշենք մասում, Պանթեոնի նախագիծն և կառուցումը Թավրիզի Լիլավա թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, Պարոն Ավագ (Պարնավա) փողոցի կառուցապատումը, Թավրիզի գլխավոր փողոցներից մեկի նախագիծն և կառուցումը։
1923֊ին Թամանյանը վերադառնում է Երևան։ 1924-ի ապրիլի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց Թամանյանի Երևան քաղաքի վերակառուցման և զարգացման հատակագիծը: Նախագիծը նախատեսված էր 150 000 մարդու համար, հետագայում այդ ցուցանիշը վերանայվեց մի քանի անգամ։
Ա. Թամանյան՝ Երևան մայրաքաղաքի գլխավոր հատակագիծ, 1932
Ա. Թամանյան՝ Վաղարշապատի (Էջմիածին) հատակագիծ, 1926
«Իմ բոլոր աշխատանքներում, սկսած 1923 թվականից, ես ջանացել եմ օգտագործել անցած դարերի ճարտարապետական ժառանգությունը։ Ես ձգտել եմ գտնել այնպիսի ձևեր, որոնք համապատասխանեն երկրի կլիմայական պայմաններին և բնությանը, ինչպես նաև արտացոլելու Հայաստանի ժողովրդական ստեղծագործությունը: Այս աշխատանքներում ես ձգտել եմ գտնել ազգային ճարտարապետական ձևի և սոցիալիստական բովանդակության միասնության լուծումը»:
Ա. Թամանյանը իր աշխատանքային սենյակում, Երևան, 1930 թվականներ
Եվ այդպես սկսվեց Երևանի կառուցումն ու արևը Երևան բերելը․ Հիդրոէլեկտրակայանի շենքը, Երևանի oպերայի և բալետի թատրոնը, որտեղ բաց ամֆիթատրոնի գաղափարը չիրագործվեց, նախագիծը փոփոխությունների ենթարկվեց ֆինանսավորման պատճառով։ Թատրոնի շենքի հիմնաքարի տեղադրման արարողությունը տեղի ունեցավ 1932-ին, Թամանյանն անձամբ է վերահսկել շինարարության մեկնարկը: Ալեքսանդր Թամանյանի մահից հետո՝ 1936-ին, թատրոնի ձևավորումը և կառուցումը վստահվել է ճարտարապետ Գևորգ (Գեորգի) Ալեքսանդրի Թամանյանին՝ նրա ավագ որդուն, ով աշխատում էր իր հոր հետ։
Ճարտարապետ Ա. Թամանյան՝ ամառային համերգասրահի բաց ամֆիթատրոնային տարբերակը (այժմ՛ Արամ Խաչատրյան համերգասրահ)
1926-1928 թվականներին Թամանյանը նախագծեց Հողժողկոմատի (Հողային հարցերով զբաղվող ժողովրդական Կոմիսարիատի) կառավարական շենքը, որը նա նախատեսնում էր որպես Լենինի օվալաձև հրապարակի (այժմ՝ Հանրապետության հրապարակ) անսամբլի զարգացման առաջին շենքը:
Կառավարական տան նախագիծ, Ա.Թամանյան, Երևան: Կենտրոնական մասը չի կառուցվել, ինչը փոխել է արտաքին տեսքը և նվազեցրել շենքի ֆունկցիոնալությունը
Փոփոխված պլանը
Նախագիծն իրականություն է դարձրել ճարտարապետի ավագ որդին։ Շենքի հիմնական մասի շինարարությունն ավարտվել է 1941-ին, իսկ ամբողջ շենքը՝ 1952-ին:
Երևանի Պետական համալսարանի աստղադիտարան, Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկում, Կենդանաբանության և անասնաբուժական ինստիտուտ (այժմ ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Երևանի ուսանողական թաղամասի հատակագծի կազմում, դոկտոր Հ. Գաբրիելյանի առանձնատան նախագիծ, Թանգարանային թաղամասի նախագիծ Կոնդում, Մարտիրոս Սարյանի առանձնատան նախագծի իրականացում, որտեղ նկարիչը ապրել է 1932-1972 թվականներին և որը դարձել է նրա տուն-թանգարանի մի մասը, զբոսայգի, ծննդատուն և այլ շինություններ Երևանում թամանյանական են։
Թամանյանի Երևանի հոյակապ օպերայի և բալետի թատրոնը 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Երևանի Կառավարական տան նախագծի համար Ալեքսանդր Թամանյանը 1942-ին հետմահու արժանացել է ԽՍՍՀՄ Ստալինյան մրցանակի:
1936-ի փետրվարի 20-ին Ալեքսանդր Թամանյանը՝ մեծ հայրենասերը, Երևանի նկարիչը, մեծ հումանիստը մահացել է թոքաբորբից՝ 57 տարեկան հասակում։ Նրան հուղարկավորել են Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Այս ամենից հետո, թվում է, թե պետք էր արժանին մատուցել Թամանյանին, սակայն ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի՝ 2001 թվականին ստեղծված թանգարանը 2016 թվականին միավորվեց ճարտարապետության ազգային թանգարանի հետ: Թամանյանն իր սիրելի Երևանում առանձին թանգարան չունի։
Hayastan.news-ի հրապարակման լուսանկարների աղբյուրը Թամանյանի ընտանեական արխիվն է, որը հրապարակված է նրա կայքում։