«Մինչև հիմա սպասում եմ, որ կզանգեն ու կասեն, որ թյուրիմացություն է եղել՝ Երվանդը չի զոհվել․․․ Չէ, չեմ հավատում ու չեմ կարող հավատալ, որ իմ Երվանդը, իմ մտերիմ ընկերն է՛լ չկա․․․ Երբեք չէի պատկերացնի, որ ինձ կզանգեն ու կասեն՝ պատմեք Երվանդի մասին՝ հետմահու․․․»- լսափողի միջից, հուզմունքից խեղդվելով՝ արտաբերում է այս գիշեր Արցախի ուղղությամբ թշնամու գրոհի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի հետ նույն թաղում մեծացած, մանկապարտեզից նրա հետ մտերմացած Մարիամը։
Բռնազավթված Բերձորի գեղատեսիլ բնության մեջ ապրած երջանիկ մանկության հիշողություններն այսօր մեկ առ մեկ Մարիամի աչքի առաջ են եկել։ Երկուսուկես տարի առաջ՝ ծննդավայրի, հիմա էլ՝ ամենամտերիմ ընկերոջ կորուստը կարոտի անհաղթահարելի զգացողություն են գեներացրել․․․
«Ես, Երվանդն ու Հայկը դասարանում էլ միշտ միասին էինք՝ անբաժան։ Մեզ դպրոցում եռյակ էին ասում։ Երվանդը քչախոս էր, բայց շատ հասուն։ Ինքն այնպիսի մտքեր էր արտահայտում, որ իր տարիքի համեմատ՝ չափից հասուն էին․ դրա համար իր անունը Բիձուկ էի դրել։ Ինքն իրոք շատ հասուն էր։ Դասարանում բոլորին հաշտեցնում էր, մեր հաշտարարն էր․․ Խաղաղ, համեստ ու շատ տարբերվող տեսակ էր»,-արցունքների միջից, հազիվ լսելի ձայնով «Փաստինֆո»-ին պատմում է Մարիամը։
Երվանդը 20 տարեկան էր․ քիչ ժամանակ էր մնացել զորացրվելուն․ Մարիամն օրացույցի վրա հետհաշվարկ էր անում, հետո, զգալով, որ այդպես դանդաղ է անցնում ժամանակը, դադարել էր հաշվել օրերը․ հիմա նրա անտանելի ծանր է գիտակցել, որ Երվանդն է՛լ հետ չի գալու․․․
«Խոստացել էր, որ գալ՝ հավաքվենք։ Հիմա գնաց հավերժ, էլ չի գա, ու մեր անբաժան եռյակն այլևս չկա, մնացինք երկուսով՝ ես ու Հայկը․․․ Գիշերը պետք է դիրքերից իջներ, չհասցրեց․․․ Ու ամենածանրն այն է, որ դեպքից վեց ամիս առաջ Երվանդն ու մարտական ընկերը տեսաուղերձ էին պատրաստել, որում, կարծես կանխազգալով կատարվելիքը, ասում են՝ եթե հանկարծ պատերազմը նորից սկսվի ու իրենք էլ զոհվեն, բացակա չդնենք իրենց․․․ Ասում է՝ 7-րդ համարին բացակա չդնեք․ Երվանդը մատյանով 7-րդ համարն էր․․․Ու նաև ասում է՝ եթե զոհվեն իրենք, ծանր չտանենք, քանի որ դա Հայրենիքի համար կլինի»,-պատմում է Մարիամն ու ապշում, թե ինչպես կարող էին տղաները մահվան մասին ժպիտով խոսել՝ ինչպես այդ տեսաուղերձի մեջ։
20 տարի Երվանդի հետ նույն օդը շնչած, նույն հողի վրա քայլած, նույն երազներով ապրած, նույն ցավը՝ հայրենիքի կորստի ցավն ապրած Մարիամի ապրումները լսափողի մյուս կողմում այնքան տեսանելի էին․․․
«Ես սպասում էի, որ ինքը գար ու ինձ ծաղիկներ բերեր, իսկ հիմա չեմ պատկերացնում, որ ես պետք է իր համար ծաղիկներ տանեմ․․․»,-կոկորդում խեղդելով հուզմունքը՝ ասում է Մարիամը։
Իրեն ճանաչողների համար միշտ ժպտերես ու խելացի, տարիքի համեմատ՝ անհամեմատ հասուն, ընկերների համար ոչինչ չխնայող, հայրենիքի համար կյանքը տված Երվանդի մասին, վստահաբար, դեռ երկար կխոսվի․․․
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտ վաղ հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Քիչ անց հրապարակվեցին նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։