«Հետքը» գրում է.
Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ»-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։
Այս երկու ընկերությունների գործունեությունը ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել էր։ Վերջերս էլ՝ այդ կասեցումները վերացվել էին։
Ո՞րն էր սալմոնելայի առաջացման պատճառը. թռչուննե՞րն էին հիվանդ, թե՞ միսն աղտոտվել էր սպանդի, փաթեթավորման կամ վերամշակման փուլերում։ Այս հարցին չեն ցանկանում պատասխանել երկու արտադրողները, իսկ ՍԱՏՄ-ն ասում է, որ վերահսկողության տվյալների ամփոփումից հետո միայն կհստակեցվի սալմոնելայի առաջացման պատճառը։
Մինչդեռ մինչև հարուցչի պատճառը չպարզվեր ու չվերացվեր, արտադրամասը որևէ տեսակի գործունեություն ծավալելու իրավունք չուներ, սակայն թե’ «Գետամեջ»-ը, թե’ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն շարունակել և շարունակում են աշխատել՝ առանց սալմոնելայի առաջացման հստակ պատճառը պարզելու։
«Գետամեջ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների գործունեության կասեցման որոշումներից հետո և ընթացքում «Հետք»-ի ընթերցողները պարբերաբար լուսանկարներ էին ուղարկում, որտեղ երևում էր, որ այս երկու ընկերության ապրանքները շարունակում են վաճառվել խանութներում։
«Հետք»-ը փորձել էր կապվել այս երկու ընկերությունների հետ՝ հասկանալու՝ ո՞րն է սալմոնելայի պատճառը, արդյոք թռչունները հիվանդ են եղել, անկում եղել է, թե՞ աղտոտումը երկրորդային է եղել։
«Արաքս թռչնաֆաբրիկան» այդպես էլ չցանկացավ մեկնաբանել իր արտադրամասում հայտնաբերված խախտումները, իսկ «Գետամեջ» ընկերության աշխատակիցն ասաց, որ իրենց մոտ «սալմոնելա չի եղել ընդհանրապես»։
Մենք հարցում էինք ուղարկել ՍԱՏՄ՝ պարզելու «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում և «Գետամեջ»-ում հայտնաբերված սալմոնելան ո՞ր փուլում է առաջացել, այն եղել է առաջնային (օրինակ՝ հիվանդ կենդանի), թե՞ երկրորդային (օրինակ՝ սպանդի, վերամշակման, փաթեթավորման փուլերում)։
ՍԱՏՄ-ից մեզ պատասխանել էին, որ քանի որ սննդամթերքի աղտոտումն արտադրության պրոցեսում հնարավոր է 3 միջանկյալ արտադրական գործընթացներում՝ թռչնամսի բուծում, մորթ, փաթեթավորում, ստուգումների արդյունքների վերլուծության հիման վրա բացվել է անասնահամաճարակային մշտադիտարկման հրաման.
«Վերահսկողական գործընթացների ավարտից և ամփոփումից հետո, դրանց տվյալների վերլուծության արդյունքում կհստակեցվի առաջնային կամ երկրորդային աղտոտվածության պատճառը»,-ՍԱՏՄ պատասխանը՝ «Հետք»-ին:
Այսինքն՝ փորձաքննությունից մեկ ամիս անց, առանց սալմոնելայի առաջացման պատճառը պարզելու, համապատասխան միջոցառումներ իրականացնելու և վերացնելու, ՍԱՏՄ-ն դեռևս չունի հստակ պատասխան՝ որն էր սալմոնելայի առաջացման պատճառը, իսկ այս երկու ընկերությունները շարունակում են թռչնամիս վաճառել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: