Հետևեք մեզ։

Բժիշկները բրոքերներ չեն՝ բժիշկներ են, մենք ոչ մեկին չենք անտեսում․ Ավանեսյանը՝ աշխատավարձերի հարցում տարբերակված մոտեցման մասին (տեսանյութ)

19:08, 29 հունիս 2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Hayastan.news-ն այսօր զրուցել է այս տարվա հունվարի 1-ից բոնուսային համակարգի ներդրման և դրա շնորհիվ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացման մասին։ Մասնավորապես, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են այդ բոնուսային համակարգից օգտվում հիմնականում ընտանեկան բժիշկները, մանկաբույժներն ու թերապևտները, իսկ նեղ մասնագիտացմամբ բժիշկները, օրինակ՝ նյարդաբան, վնասվածքաբան, ակնաբույժ, գինեկոլոգ, ռենտգենոլոգ և այլք, այդ համակարգից չեն օգտվում։

 

Ավանեսյանը նախ ասաց, որ իրենց այս պահին բոնուսային համակարգի շնորհիվ աշխատավարձի բարձրացման տեմպը չի գոհացնում, և պետք է ավելի շատ տեղեկատվական արշավ իրականացնեն, որ բժիշկները տեղյակ լինեն։ Ապա, անդրադառնալով տարբերակված մոտեցմանը, թե ինչո՞ւ են դրանից օգտվում հիմնականում ընտանեկան բժիշկները, Ավանեսյանն ասաց․ «Վերջին տարիների մեր ամբողջ քաղաքականությունը ընտանեկան բժշկության խրախուսումն է, որովհետև դա է լուծումը ճիշտ, օպտիմալ առաջնային օղակ ունենալու։ Նեղ մասնագետները պետք է լինեն հնարավորինս օպտիմալ քանակով քաղաքացիների սպասարկող պոլիկլինիկաներում, ունենան բավարար հագեցվածություն և բավարար մասնագիտական ներուժ՝ սպասարկելու և կոնսուլտացիաներ անելու նաև ընտանեկան բժիշկներին»։

 

Նա նաև նշեց, որ երբ ցանկացած բարեփոխում անում ես, մշտապես այդ մտավախությունը կա, որ երբ մի խմբի համար բարելավվում են պայմանները, արդյոք դա անարդա՞ր, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ անարդար չէ։ «Այստեղ առաջնահերություններ կան, և սա չի նշանակում, որ մենք այստեղ կանգնելու ենք, ուղղակի տարեցտարի ավելացնելու ենք բոլորի աշխատավարձերը»,-ասաց նա՝ նշելով, թե իրենց կողմից որևէ մեկն անտեսված չէ, բոլոր մասնագետներն էլ ունենալու են բարելավում։

Հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը խրախուսում միջնորդությունը, երբ, օրինակ, ընտանեկան բժիշկը քաղաքացուն զանգում հրավիրիրում է՝ Պապ թեստ հանձնելու, որի ամբողջ աշխատանքը, սակայն, կատարում է գինեկոլոգը, բայց վարձատրվում է ընտանեկան բժիշկը։ Ստացվում է՝ ընտանեկան բժիշկը, այսպես ասած, բրոքերական աշխատանքի դիմա՞ց է վարձատրվում։

«Ամեն մասնագիտություն ունի իր անվանումները, և մի փորձեք անալոգիաներ կիրառել, բժիշկները բրոքերներ չեն՝ բժիշկներ են, և, անդրադառնալով հարցին, նորից կրկնում եմ՝ բոլոր մասնագետներն էլ մեր ուշադրության կենտրոնում են, և հնարավորության աճի պարագայում բոլորի աշխատանքային պայմաններն էլ բարելավվելու են»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ