Հետևեք մեզ։

Քաղաքական պոպուլիստների իշխանությունը գործում է, քանի դեռ այն ընկալելի է նրանց երկրպագող հանրության համար. նախկին իմքայլական պատգամավոր

13:33, 30 հունիս 2023
Քաղաքական պոպուլիստների իշխանությունը գործում է, քանի դեռ այն ընկալելի է նրանց երկրպագող հանրության համար. նախկին իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ մեր պետության շուրջ և ներսում ընթացող զարգացումներին հանրության մի հատվածի արձագանքը (անտարբերությունը նույնպես արձագանք է) փաստում է այն խորքային՝ պետականության համար թերևս ողբերգական, բարոյահոգեբանական ճգնաժամի մասին:

 

«Վերջին մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ հանրության այդ նույն հատվածը, ոչ միայն կտրվել է իր Մայր-պատմության օրրանից, այլև իր չափով չի գիտակցում ազգային-պետական օրակարգից բխող ճշմարտությունները և օրհասական իրողությունները:

 

Գերմանացի աստվածաբան Դիտրիխ Բոնհոֆերը, Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց 10 տարի անց գրել է, որ «Հիմարությունը ավելի վտանգավոր թշնամի է բարուն, քան չարիքը. հիմարը իրեն համար անհարմար փաստերին պարզապես չի հավատում, հակադրում է դատարկ քննադատությունն, իսկ անհերքելի փաստերին արձագանքում է թե դրանք բացառություններ են: Հիմարը շատ արագ է դառնում վտանգավոր, քանի որ նրան դժվար չէ դարձնել ագրեսիվ: Ապուշներին որև է բան հիմնավորելը հիմնականում անօգուտ է և հաճախ անգամ վտանգավոր: Քաղաքական պոպուլիստների և շաղակրատների իշխանությունը գործում է, քանի դեռ այն ընկալելի է նրանց երկրպագող հանրության համար»:

 

Ի վերջո Բոնհոֆերը գալիս է այն եզրակացության, որ «Պետք չէ մարդկանց մի հատվածին հիմար համարել ցանկացած պարագայում, քանի որ զանգվածների հիմարությունը կախված է իրենց կառավարիչների սպասումներից, այսինքն իշխանությունները օգուտ ստանում են հանրային հիմարությունից, թե վերջինիս անկախ և իմաստուն լինելուց»:

 

Մարդկային հիմարության տեսության հարցում անչափ ուշագրավ է 1976 թ. իտալացի հայտնի գիտնական Կառլո Չիպոլիի «Մարդկային հիմարության հիմնական օրենքները» աշխատությունը, որտեղ հեղինակը սահմանեց մարդկային հիմարության 5 օրենքները.

 

1. Մարդը միշտ թերագնահատում է իրեն շրջապատող հիմարների թիվը։

2. Մարդու հիմար լինելու հավանականությունը կախված չէ նրա մյուս որակներից։

3. Հիմարն այն մարդն է, ում գործողությունները հանգեցնում են կորուստների մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի համար, և միևնույն ժամանակ օգուտ չեն տալիս գործող սուբյեկտին կամ նույնիսկ վնաս չեն դառնում նրա համար:

4. Ոչ հիմար մարդիկ միշտ թերագնահատում են հիմար մարդկանց կործանարար ներուժը:

5. Հիմարը՝ ամենավտանգավոր անձի տեսակն է»,- գրել է նա։