Ինձ համար մարդու բարեկրթությունը սկսվում է իրեն ծառայություն մատուցող մարդուն ցուցաբերած վերաբերմունքից` անկախ նրանից, թե դիմացինն ինչ լեզվով է խոսում, ինչ գույնի մաշկ ունի, որ ազգությանն է պատկանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Մեր բազմաթիվ հայրենակիցներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Ես տեսել եմ խանութի աշխատողներ Գլենդելում, ովքեր չեն տիրապետում անգլերենին, Փարիզում, ովքեր չեն տիրապետում ֆրանսերենին, բանվորներ Մոսկվայում, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, բայց նրանց նկատմամբ որևէ մեկի անհարգալից վերաբերմունքը ես կհամարեմ դատապարտելի։
Կարող եք բազմաթիվ լեզուներով հաղորդակցվել, ստանալ լավագույն կրթությունը, կրել անթերի հագուստ, բայց բարմենի, մատուցողի, մաքրուհու նկատմամբ ունեցած անհարգալից վերաբերմունքը կխոսի Ձեր անբարեկիրթ լինելու մասին»,- գրել էր Արշակյանը և հրապարակել լուսանկար:
Այսօր Հակոբ Արշակյանը նոր գրառմամբ անդրադարձել է վերոնշյալ գրառման մեկնաբանություններին.
«Հետաքրքրությամբ կարդացի երեկվա իմ նկարի տակ արված բոլոր մեկնաբանությունները և ցանկանում եմ արձագանքել․
1. Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է պահվեն առանց բացառության. սա քննարկման ենթակա չէ։ Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները նման խնամքով են վերաբերվում օրենքներին և դրանց նկատմամբ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն։ Համոզված եմ, որ վերահսկողական մարմինները նույնպես աչալուրջ են այս հարցում։
2․ Հայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից։ Որպես օրինակ կարող եմ մատնանշել, որ Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների (այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները), միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը։
3. Նախորդ գրառման մեջ կարևորել եմ հատկապես ծառայություն մատուցող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Շատ կարևոր է, որ Հայաստանը օտարերկրացիների համար դառնում է ապրելու և աշխատելու նախընտրելի երկիր։ Սա խոսում է մեր հասարակության հյուրասիրության, հանդուրժողականության, ծառայությունների հասանելիության, ինչպես նաև պետական քաղաքականության արդյունավետության մասին։
Մեր խնդիրն է ի ցույց դնել Հայաստանի ունեցած առավելությունները և որևէ միջադեպի պատճառով չստվերել վերոնշյալը, իսկ օրենքի գերակայության հաստատման տեսանկյունից անշուշտ քայլեր կան ձեռնարկելու, և համապատասխան մարմինները հետևողականորեն պետք է զբաղվեն բարձրաձայնված խնդիրներով։
Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար»։