Դատախազության աշխատակիցների օրվան նվիրված «գրանտային» միջոցառման շրջանակներում դատախազներին շնորհավորելիս Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ դատախազության համակարգն առաջին անգամ ղեկավարում է կին իրավաբան, որին առաջադրելիս առաջնորդվել են ոչ թե գենդերային, այլ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Սա էլ է հարց, թե Փաշինյանն ինչ մոտեցմամբ ու իրավական որ գիտելիքով է ընտրել նրան «որպես պրոֆեսիոնալ իրավաբան»։
Շատ ավելի վատ է, որ Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի աթոռին հայտնվելը նույնիսկ գենդերային մոտեցման արդյունք չէ, որովհետև որևէ այլ ողջամիտ բան նրա պաշտոնավարումը չի բացատրում։
Ոմանք, հավանաբար, կողջունեն, որ դատախազության աշխատողի օրը նշվել է եվրոպական կառույցների աջակցությամբ ու եվրոպական ձևով, պետական բյուջեից էլ փող չի ծախսվել։ Բայց, նախ, պետական մարմնի հեղինակության տեսանկյունից վատ է, որ այդ մարմնի օրը նշում են գրանտային ֆինանսավորմամբ, բացի այդ էլ հավաքվելու և իրար հիմնականում անտեղի գովելու համար գումար ծախսել պետք չէր, առավել ևս, որ գլխավոր դատախազը բյուջե խնայելու հետ այդքան էլ սեր չունի, թեև նույնիսկ ԱԺ-ում հայտարարում էր, թե իբր տարեկան զեկույցը գունավոր չեն տպել գումար խնայելու համար։
Իրապես, Աննա Վարդապետյանի կողմից դատախազության համակարգ ղեկավարելը բացառիկ իրադարձություն է, Փաշինյանի սիրած՝ աննախադեպ, որովհետև առաջին անգամ համակարգը ղեկավարում է մեկն, ով պետական բյուջեի միջոցները ծախսում է «փուչիկ-փարթիների», ներկայացուցչական ծախսերի անվան տակ թանկարժեք պարագաների վրա, ով դատախազներին չի պարգևատրում ընդհանրապես, իսկ ինքն իրեն յուրաքանչյուր ամիս պարգևատրում է, ով ոտնատակ է տվել դատախազի ինքնուրույնությունը և հրաման ստանալիս ընդունակ չէ նույնիսկ բացատրել, որ այն աբսուրդի չափ ապօրինի է, ով զբաղված է խարդավանքներ հյուսելով, ով կարողանում է հրապարակային խոսել բարձր արժեքներից, որի հակառակը րոպեներ առաջ արդեն արել է։
Դատախազության համակարգը ղեկավարում է մեկն, ում հրամանով մարզից մարզ տեղափոխված դատախազները լրատվամիջոցներից են իմանում, որ այլ աշխատավայր ունեն, դա անում է մեկն, ով հենց դրանով է իրեն «ղեկավար» ու «ուժեղ զգում» տեսախցիկների առաջ, բայց ոչ փակ սենյակում, մեկն, ում համար դատախազական աշխատանքն սկսվում ու ավարտվում է ինքնագովազդի վայրերում հայտնվելով, ի դեպ, Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո և Մարիամ Փաշինյանի ներկայացմամբ, դա, Վարդապետյանի համար մեծ պատիվ է, իհարկե։ Շղթան շարունակելի է՝ անձամբ թանգարաններ գոտիներ տանելով ու հայ կանանց լուսանկարի ֆոնին ֆոտոսեսիա անելով, որ իր դրական կերպարի մասին միֆը սոցցանցերում գովազդվի, ի դեպ, սա այլ թեմա է և այլ մասնագետի գործ․․․
Դատախազության համակարգը ղեկավարում է մեկն, ով ինքն էլ վստահ է, որ իրեն պարզապես չեն սիրում, մեկն, ում տատիկները գլուխները թափ են տալիս և ասում՝ սա մարդ չդարձավ, մեկն, ում օրոք դատախազությունը փաստաբանի կարիք ունի, մեկն ում ղեկավարման ներքո քաղաքացու պաշտպան դատախազության համակարգը իրեն չի կարողանում պաշտպանել, մեկն, ում ղեկավարման ժամանակ, պատմության մեջ առաջին անգամ, դատախազության համակարգի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են․․․
Բեթղեհեմ Արաբյան