Հեղափոխական Հայաստանին բարձրագույն դատական խորհրդի նախագահ այդպես էլ «չսազեց»՝ առաջինին գաղտնի ձայնագրեցին, ապա առաջինը ձայնագրեց երկրորդին, Կարեն Անդրեասյանն էլ, տեսնելով, որ իրեն ոչ ոք «բանի տեղ» չի դնում, ձայնագրեց ինքն իրեն՝ մանրամասն ցույց տալով, թե ինչ այլանդակություններով է զբաղված դատավորի գործով, ինչպես է բացահայտ զրկում նրան պաշտպանվելու իրավունքից, ինչպես է բռնաբարում արդարադատությունը։
Այստեղ ասելիքն առաջին այն է, որ ամեն ինչ, նույնիսկ՝ ապօրինություն անելու համար, առնվազն պետք է ապիկար չլինել, բան, որն ամենքին վիճակված չէ։
Մենք, իհարկե, մանրամասն գիտենք, թե Կարեն Անդրեասյանի երիտիշխանական մտերիմներից ովքեր են ընկել նրա հետևից, երբվանից և իրենց որ պահանջներն ու խնդրանքները չանելու համար, գիտենք, թե ինչպես են նրանք Անդրեասյանի սայթաքումներն ու դիտավորյալ ապօրինություններն օգտագործում նրա դեմ։ Սա՝ ցավոք, քանի որ Հայաստանում ապօրինություններ անողի հետևից ընկնում են միայն նրա հետ անձնական հարցեր ունենալու դեպքում, երբ նա, օրինակ, հասկանում է, որ «նստել են իր վզին» ու որոշում է չկատարել հերթական «բարեկամին» մի պաշտոն տալու պահանջը։
Սա շատ վատ է պետության, այն էլ՝ Հայաստսնի պես պետության համար, բայց արդար ու լավ է Անդրեասյան Կարենի համար, ով ոչ վաղ անցյալում՝ դեռ նախարարի աթոռն անտեղի ծանրաբեռնելիս, իր այդ նույն մտերիմների հետ թիկունք կազմած խարդավանքներ էր հյուսում ուրիշների դեմ, անձնական պատճառներով հրահանգում չաշխատել այս կամ այն կառույցի այս կամ այն պաշտոնյայի հետ, փորձում այսօր իրեն «ջարդուփշուր» անողների միջոցով նրա պաշտոնանկության հասնել, սպառնալիքով ազատվում ենթականերից և այլն։
Հաջորդ ու շատ կարևոր ասելիքն այն է, որ սրանք նախկին ձայնագրվածների օրինակով, գոնե, չխրատվեցին, ու չգիտես ինչու կարծում են, որ կկարողանան իրենց սրբի տեղ դնելով ուտել վանքի հավերը, խոսել օրինականությունից՝ դրանից անմիջապես առաջ արած լինելով ամենալկտի ապօրինությունը։
Կարեն Անդրեասյանի նման չդատավորը, դատավորներին կարգապահական պատասխանատվության է ենթարկում եվրոդատարանի վճռի արժանացած խախտում կատարելու համար այն դեպքում, երբ ինքը որպես դատավոր ստորաբար՝ խաբելով զրկում է դատավորին պաշտպանվելու հնարավորությունից ու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի շահառու է։
Ո՞վ է սրան կարգել այստեղ, ո՞վ է դատավորների համար դատավոր կարգել մեկին, որն ընդունակ է փակել տալ նիստերի դահլիճի դուռը՝ պաշտպանների մուտքն արգելելու համար, ո՞վ է ԲԴԽ նախագահի աթոռին դրել մեկին, ով ԲԴԽ-ն վերածել է 90-ականների «քաղմասի»։
Ու սա նույն Կարեն Անդրեասյանն է, ով դա անելուց հետո, հպարտ սանձարձակությամբ դուրս էր գալիս փողոց՝ սովը բավարարելու, հիշում իր սնվելու իրավունքն ու իրեն հարց ուղղող լրագրողին առողջություն ցանկանում։
Փոշմանեցինք, մենք Կարեն Անդրեասյանին առողջություն էլ չենք ցանկանում, դա էլ նրան այլևս չի փրկելու ու մենք փողոցում էլի հանդիպելու ենք…
Բեթղեհեմ Արաբյան