Հետևեք մեզ։

Հատկացված ժամանակը սպառվում է

15:17, 03 հուլիս 2023
Հատկացված ժամանակը սպառվում է
Դատախազների օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերից շատ պարզ չէր, թե Աննա Վարդապետյանն, ի վերջո, ինչո՞ւ է հայտնվել դատախազությունում՝ հատկապես, որ նա իրեն բնորոշ ձևով նախ փորձեց խլացնել բոլորի ուշադրությունը թոշակների մասին լուրերով, ապա կրկնեց արդարության մասին թեզերը ու դե մի երկու խոսք էլ նվիրեց Վարդապետյանին։
 
Մենք ու Աննա Վարդապետյանը գիտենք, որ նա գլխավոր դատախազ է նշանակվել ու շարունակում է աշխատել ոչ թե գենդերային կամ մասնագիտական մոտեցման արդյունքում, այլ միայն այն պատճառով, որ նա ծնվել է 35 կամ ավելի տարի առաջ, իսկ իրական թեկնածուն չէր հաղթահարել ու դեռ չի հաղթահարել գլխավոր դատախազի տարիքային ցենզը։   
 
Աննա Վարդապետյանի պաշտոնավարման ընթացքը ևս սրա ապացույցն է։ Նախ, նա բավական քիչ բան է որոշում դատախազությունում, կամ որոշում է գրեթե ոչինչ, բացի իր կողմից համակարգ բերված ու իրեն շրջապատող հիմնականում կանանց բազմապատիկ պարգևատրումներից։ 
 
Բացի այդ, գլխավոր դատախազի փոփոխական տրամադրությունները ևս ապացուցում են, որ նա ինքն իր համար միշտ անհանգիստ է։ Վարդապետյանը կասկածում է բոլորին և ամեն ինչին, արագ փոխում վերաբերմունքը շրջապատի հանդեպ, մի օր վստահում իր ամենասիրելի տեղակալներին, հաջորդ օրը կասկածում նույնիսկ նրանց, փոխում նրանց պատասխանատվության ոլորտները ու շարունակ փնտրում նորերին, ովքեր միշտ և ամեն ինչում խոնարհ են։ 
 
Ի դեպ, Վարդապետյանն ի պատասխան դրա՝ այդպիսիներին նաև հատուցում է և հանուն նրանց պատրաստ է ամեն ինչի։ Հենց այդ տրամաբանությամբ է կադրային բարեփոխումների մասին աղմկող գլխավոր դատախազը դատախազությունում առաջընթացներ ապահովում այս պահին ու հավանաբար դեռ նաև առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում իր ամենասիրելի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի դուստրերի համար։
 
Այդ տրամաբանությամբ է եղել նաև հուլիսմեկյան խրախուսումների շքերթը։ Աննա Վարդապետյանն ընդգծված անարդար է գտնվել այդ հարցում ևս, և դատախազության 105-ամյակի առթիվ մեդալներ ու այլ շոշափելի պարգևներ տվել է դատախազությունում ընդամենը 105 օրից մի քիչ ավելի աշխատող իր մտերիմներին, իսկ համակարգում երկար ծառայություն անցած ոչ բարձրաստիճան դատախազները հիմնականում մանր-մունր խրախուսանքներ են ստացել կամ չեն ստացել ոչինչ։ Եվ ընդհանրապես, դատախազության օրվա միջոցառումներին կարծես դատախազ չկար և Վարդապետյան Աննան, իրեն կառավարության անդամ կամ կառավարությանը ենթակա համարելով, կառավարության կազմն էր հավաքել՝ հենց դատախազության աշխատանքի մասին խոսելու համար։
 
Աննա Վարդապետյանին իմացողները գիտեն, որ նա դատախազական աշխատանքով առանձնապես չի զբաղվում, դրանով չի էլ կարող զբաղվել, իսկ պաշտոնն ստացել է կարճ ընթացքի համար ու սպառում է իրեն փոխելու համար անհրաժեշտ ժամանակը։ 
Աննա Վարդապետյանը պաշտոնն ստանձնել է դատախազի հետ կապ չունեցող տեղեր այցելելու, լուսանկարվելու, թաքնված ամբիցիաները բավարարելու, մարդկանց թիկնապահներով զարմացնելու և նրանց հսկողության տակ քայլելիս իրեն կարմիր գորգի վրա զգալու համար։ Նա բոլոր միջավայրերում խոսում է միայն իր թիկնապահներից, ընկերական շրջապատում պատմում, որ իրեն բոլորը զեկուցում են, որ չնայած ինքը զայրանում է, բայց ենթականերն իրեն ողողում են ծաղիկներով, ցածրակարգ պատմություններով փորձում հասկացնել, որ մտերիմ է վարչապետի ընտանիքի հետ։ Աննա Վարդապետյանը բացահայտ մրցավազքի մեջ է քննչական կոմիտեների հետ և դարձյալ սուրճի սեղանի շուրջ արհամարհաբար պարծենում է նրանց հանդեպ իր դիրքով: Գլխավոր դատախազն այնքան է իջեցրել դիրքը, որ իր «բարձր» դիրքը փորձում է հիմնավորել՝ պատմելով, որ ոստիկանությունից իր նամակներին ավելի արագ են պատասխանում, քան, օրինակ,Արգիշտի Քյարամյանի կամ Սասուն Խաչատրյանի։
 
Գլխավոր դատախազն այն աստիճան է իջեցրել դատախազության դիրքը ու այն աստիճան անելիք չունի, որ զբաղված է քննչականների «պադվալների» սանիտարական մաքրումներով՝ այնտեղ մնացած իրեղեն ապացույցներն անձամբ թանգարաններ հանձնելով ու լուսանկարվելով։
 
Աննա Վարդապետյանն արդեն անցել է իրեն տրված ճանապարհի կեսը՝ գերազանցելով լույսի արագությունը…
 
 
Բեթղեհեմ Արաբյան
 

Վերլուծական