Արցախի Մարտակերտի շրջանի առաջնագծամերձ Նոր Ղազանչի համայնքում ադրբեջանական վերջին՝ հունիսի 28-ի սադրանքից հետո, փորձում են վերադառնալ բնականոն կյանքի:
Համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հակառակորդի կողմից ականանետային հրետակոծությունն ու անօդաչու թռչող սարքի կիրառումը գյուղամերձ տարածքում է եղել, իսկ համայնքում տասնյակից ավելի երեխաներ, այդ թվում՝ նորածիններ կան:
«Հրետակոծությունից հետո գյուղից ոչ ոք դուրս չի եկել: Այդ ընթացքում ստիպված էինք կանանց ու երեխաներին տեղափոխել գյուղի մոտակա՝ համեմատաբար ապահով տարածք, իսկ քիչ ավելի ուշ մեկ հղի կնոջ ճանապարհել ենք Ստեփանակերտ, քանի որ բժիշկների վերահսկողության ներքո գտնվելու կարիք էր առաջացել»,-պատմեց համայնքապետը:
Նրա խոսքով՝ շրջափակման հետևանքով գյուղում պարենամթերքի սղություն է առաջացել՝ հատկապես ալյուրի, ձեթի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների:
Մեր այցի պահին գյուղի միակ խանութը փակ էր: Ռուսլան Առուստամյանը տեղեկացրեց, որ խանութում ապրանքները վերջացել են, այն հիմա միայն առավոտներն է բացվում՝ հաց վաճառելու համար:
«Սննդամթերքի պաշար որոշ չափով ունենք, սակայն, հատկապես վերջին 10 օրերին ստեղծված իրավիճակի շարունակվելու դեպքում, լուրջ խնդիր կարող է առաջանալ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորության հարցին, համայնքապետը նշեց, որ վարելահողերի մեծ մասը գտնվում է շփման գծի տարածքում, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն մշակում:
«Մեր գյուղի և Կիչան համայնքի վարելահողերը հարևանությամբ են գտնվում: Անցած տարի այդ տարածքում ադրբեջանական դիրքերից կրակեցին դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ, ինչի պատճառով մարդիկ այդ հատվածում խուսափում են աշխատել»,- մանրամասնեց Առուստամյանը՝ հավելելով, որ առաջնագծից համեմատաբար հեռու գտնվող տարածքներում որոշ չափով կարողացել են հացահատիկայինների վարուցանք կատարել: Յուրաքանչյուր հողօգտագործող, ըստ իր ունեցած հեկտարի, շրջանային վարչակազմից կստանա համապատասխան ծավալով դիզվառելիք՝ բերքահավաքն իրականացնելու համար:
Նոր Ղազանչու բնակիչները Կարմիր խաչի աջակցությամբ նաև շուրջ 14 ջերմոց են հիմնել, որի բերքահավաքը նույնպես առջևում է: Այդուհանդերձ, համայնքի ղեկավարի խոսքով, որպես ձմեռվա պաշար, եղածն անբավարար է:
Համայնքի բնակչուհի Ստելլա Հայրապետյանի երկու որդիների ընտանիքներն էլ Նոր Ղազանչիում են բնակվում: Չորս թոռ ունի: Տարեց կինը մտահոգված է խաղաղ բնակիչներին ադրբեջանական՝ բավականին մոտ դիրքերից սպառնացող վտանգների պատճառով:
«Գյուղում բազմաթիվ երեխաներ, նորածիններ կան, երիտասարդ մայրեր, հղիներ: Վերջին ուժեղ պայթյունների ժամանակ երեխաները շատ էին վախեցել: Լավ էր, ժամանակին գոնե կարողացանք մի քիչ ապահով վայր հասնել: Բայց չենք էլ իմանում, թե մինչ այդ համեմատաբար անվտանգ վայր հասնելը մեզ հետ ինչ կկատարվի: Շատ ենք սիրում մեր գյուղը, ուզածներս ընդամենն այն է, որ երեխաները խաղաղ, արժանավայել ապրեն ու արարեն իրենց պապերի հողում: Ախր, մե՞ծ է մեր ուզածը...»,- հուզմունքից խոսքը չկարողացավ շարունակել մեր զրուցակիցը:
Երիտասարդ մայրերը պատմեցին, որ համայնքի միակ խանութը դատարկվել է, և նույնիսկ քաղցրավենիք չեն կարողանում գտնել երեխաների համար: Առայժմ միայն հաջողվում է Ստեփանակերտից մանկական սնունդ ու տակդիրներ գտնել, այն էլ՝ շատ սուղ խմբաքանակով:
«Ամեն դժվարության էլ պատրաստ ենք, միայն անվտանգության խնդիրն է բոլորիս անհանգստացնում: Չորս տարեկան երեխան արթնանում է հակառակորդի կրակոցներից ՝ ասում. «մամա խփում են, վեր կաց, տնից գնանք»: Բայց մեր մեծ նպատակները հայրենի գյուղի հետ են կապված: Ծնվել, մեծացել և ամուսնացել ենք այստեղ: Իմ բոլոր երազանքներն այստեղի հետ են կապված, բայց թշնամին չի թողնում որ դրանք իրականանան»,-ասաց երկու երեխաների մայր 24-ամյա Սոնա Ասլանյանը՝ հավելելով, որ այժմ կարողանում են երեխաների համար դեղորայքը, առաջին անհրաժեշտության սնունդն ու պարագաները գտնել, սակայն գնալով դրանք պակասում են: Բացի այդ, խոչընդոտներ են առաջացել նաև դրանք գյուղ հասցնելու հարցում:
«Նախկինում Ստեփանակերտ էինք գալիս Մարտակերտից եկող երթուղայինով, որպեսզի անհրաժեշտ ապրանքները բերենք, սակայն տրանսպորտային վառելիքի պակասության պատճառով այժմ երթուղայինը գերծանրաբեռնված է աշխատում: Շատ դեպքերում անգամ կանգնելու տեղ չկա»,-ներկայացրեց երիտասարդ մայրը՝ հայտնելով, որ հիվանդներին ու դեղորայք տեղափոխելու համար Նոր Ղազանչիում թեկուզ ժամանակավորապես, բայց գոնե դիզվառելիքով երկու ավտոմեքենա էին գործում, այժմ, սակայն, դրանց վառելիքն էլ չի գտնվում:
Նոր Ղազանչիում մեզ պատրաստակամ ուղեկցում էր 10-ամյա Թեմուր Առուստամյանը, ով հավաստիացրեց, որ լավ է սովորում հատկապես Մայրենի լեզու ու Մաթեմատիկա առարկաները:
Անկեղծացավ՝ երազում է մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ՝ շեշտելով՝ անպայման հարազատ գյուղի դպրոցում: Ստեփանակերտ գնալու ամենատարբեր գայթակղիչ առաջարկներից կտրուկ հրաժարվեց՝ պատասխանելով.
«Կուզենայի խաղաղություն ունենալ, կռիվ չլինի, մարդիկ չզոհվեն»: