Հետևեք մեզ։

Ֆինանսավորում չկա՞

18:14, 04 հուլիս 2023
Ֆինանսավորում չկա՞
Երբ երկրում կատարվող կոնկրետ ապօրինությունների հանդեպ խուլ ու համր են կոնկրետ մարդիկ՝ գործադիր իշխանությունն ու  խորհրդարանը ներկայացնողները կամ գլխավոր դատախազը, չես զարմանում, որովհետև նրանք ճառեր են ասում միայն մարդկանց վրա ազդելու համար: Նրանք խոսում են նախկինների ապօրինությունների մասին, դրանք չեն կարողանում բացահայտել օրինական ճանապարհով ու դիմում են ապօրինությունների, իսկ իրենցից մեկի բացահայտ ապօրինությունների դեպքում անամոթաբար լուռ են, չեն տեսնում, չեն լսում, բայց դա նրանց չի խանգարում վաղն էլ ճառեր ասել՝ «սպիտակ օձիքների հանցավորության» մասին։ Երբ ապօրինությունների հանդեպ կույր է Մարդու իրավունքների պաշտպանը, չես զարմանում, քանի որ մենք Մարդու իրավունքների պաշտպան չունենք։
 
Բայց ահա, երբ մարդու իրավունքներով զբաղվող, այդ առթիվ հաճախ ավելորդ աղմկող իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները կան միայն այն դեպքում, երբ թեման իրենց շահած գրանտի մեջ տեղավորվում է, դա արդեն տխուր է։
 
Հարցն ամենևին կոնկրետ չէ, օրինակներ շատ կան, ավելին, համեմատությունն էլ տեղին չէ։ Բայց պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե, օրինակ, Դավիթ Հարությունյանի փոխարեն ծառայողական քննության ենթարկվեր մի պարեկ, ով իր 8-ամյա կրթությամբ, կիսատ սերտած մի քանի ամսվա դասերը, հերթական անգամ ապօրինի ու անիմաստ ձերբակալել է քաղաքացուն, ով ընդամենը նրանից պահանջել է դադարեցնել կյանքից նախկինում նեղացածի պահվածքը, իջնել բարձունքից ու խոսել կոռեկտ։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե այդ քննության հետևում լիներ ոչ թե Կարեն Անդրեասյանը, այլ Վահե Ղազարյանը։
 
Իսկույն ոտքի կկանգնեին Հայաստանը պարեկավորելու հարցում արտասահմանյան փողերի ծախսմանը մասնակցած իրավապաշտպանները, պարեկին կդարձնեին սրբոց սուրբը, քաղաքացուն կներկայացնեին որպես ահաբեկիչ, ու կպահանջեին Վահե Ղազարյանի հրաժարականը։ 
 
Ինչու՞: Բոլորդ ընդամենը աշխատավա՞րձ եք վաստակում։ Հետաքրքիր չէ՞ որևէ մեկիդ, որ դատավորին պատժելուց առաջ լսեն նրան, հետաքրքիր չէ՞, որ գոնե այդպիսի խախտումներով չանեն ձեր երազած  ու իրենց անձնական հաշվեհարդարների միջոց դարձած վեթինգը:
 
Այո, օրինակները շատ են, շատ են նաև իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղված են միայն փող բերելով, դա իրենցով անելով, ու թիրախավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց, նրանց մասին բացասական զեկույցներ գրել տալով։
 
Այսպիսի ՀԿ-ների խնդիրը իրավունքը կամ օրենքը չէ, նրանք խնդիր ունեն քննադատել պետական մարմինները ղեկավարողներին կամ նրանց կառավարման ձևն, ու որևէ կերպ, օրինակ, ներդրված մեկին ղեկավար նշանակելով կամ անիմաստ խորհուրդներ ձևավորելով ու դրանց մեջ մտնելով, թափանցել դրանց կառավարման մեջ, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կառավարելու համար այնտեղ են տարել Հայկուհի Հարությունյանին։
 
Իսկ որ դրանից հետո իրենց մարդը անում է հենց այն ամենի հակառակը, ինչի մասին խոսելով իրենք փող են վաստակում, արդեն ոչ մեկի հետաքրքիր չէ…
 
 
Բեթղեհեմ Արաբյան
 
 

Վերլուծական