Նիկոլ Փաշինյանի կողմից ամենաշատը արտաբերված ու ամեն անգամ կեղծված միտքն այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նա, սակայն, այս մասին հիշում է միայն իր էմոցիոնալ պոռթկումների ժամանակ՝ անելով հակապետական հայտարարություններ՝ «ժողովուրդը կդատի հրապարակում» կամ «ժողովուրդն է պահանջում, ուրեմն պետք ա դատվի» մակարդակի։
Իսկ ահա, երբ բանը հասնում է նրան, որ ժողովուրդը որոշել է ոչ թե Նիկոլի մի հակառակորդի դատվելու հարցը, այլ այն, ինչ իրականում պետք է որոշի, օրինակ, իր քաղաքապետին, Նիկոլ Փաշինյանի մտքերը խառնվում են և նա ու իր խումբը հրապարակավ ի ցույց են դնում, որ իրենց ժողովրդավարությունը կեղծ է։
Այսպես եղավ նաև Ալավերդիում, որտեղ նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններում ՔՊ-ն չստացավ անհրաժեշտ ձայներ և դրանց վերջնարդյունքում քաղաքապետ դարձավ ոչ թե քպ-ական Արեն Մկրտչյանը, այլ «Ապրելու Երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը։
Պատմությունն սկսենք նրանից, որ դեռ առաջադրման փուլում լուրեր կային, որ ՔՊ-ականներն Արկադի Թամազյանին փորձել են համոզել չառաջադրվել, ապա առաջարկել են իրենց ցուցակի երկրորդ համարը, քանի որ Ալավերդու քաղաքապետի աթոռը նախատեսել էին Արեն Մկրտչյանի համար։ Ի պատիվ Արկադի Թամազյանի՝ նա չի տրվել ճնշումներին ու չի գնացել գործարքի։
Ընտրություններում պարտությունն ընդունելու և հետևություններ անելու, օրինակ, պատերազմից դառնացած ժողովրդին սեփական ռոմանտիկ ժամանցի լուսանկարներով չզայրացնելու փոխարեն, ՔՊ-ականներն սկսեցին հետապնդումներ, փորձեցին խարդավանքներ հյուսել Թամազյանի ու նրա թիմակիցների միջև, իրենցով անել նրանցից մի քանիսին, ու հնարավոր այլ միջոցներով հասնել նրան, որ Թամազյանը հրաժարվի քաղաքապետի պաշտոնից։
Իսկ ո՞ւմ դեմ է պայքարում ՔՊ-ն Ալավերդիում և ո՞ւմ համար։
Արեն Մկրտչյանը Ալավերդիում ու ամենուր չճանաչված, ընտրություններում ձայները բացառապես ՔՊ-ական լինելու պատճառով ստացած, ՔՊ-ի բոլոր հակապետական ակցիաներին, օրինակ՝ դատարանների դռները փակելուն մասնակցած երիտասարդ է, ով վերջին շրջանում՝ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների, Արցախի կորստի ավելի քան իրական վտանգի պայմաններում խորհրդարանի ամբիոնն զբաղեցրել էր իր երեխայի ծննդյան առթիվ ինքն իրեն շնորհավորելու համար ու խոսում էր, իբր ինքն իր երեխային լավ երկիր է պարտք։ Առիթ կունենանք դեռ Մկրտչյան Արենին բացատրելու, որ լավ երկիր ունենալուն ինքը չի կարող մասնակցել, քանի որ իր քայլն արդեն խոսում է, որ նա երկիր, խորհրդարան ու նման այլ բառերի իմաստը չի հասկանում։
Իսկ ահա Արկադի Թամազյանը նախկինում, առանց քաղաքական պատկանելության 2012 թվականին և 2016 թվականին ընտրվել է Լոռու մարզի Ճոճկան համայնքի ղեկավար, ապա՝ 2017 ին Ախթալա համայնքի ղեկավար՝ հաղթելով հանրապետական կուսակցության թեկնածուին։
Ինչու՞ իշխանությունը չի կարողանում հաշտվել նրա հետ, որ Ալավերդին պետք է ղեկավարի համայնքի ղեկավարման 10 տարվա փորձով, դեռ նախկին իշխանությանը դեմ գնացած ու հաղթած Արկադի Թամազյանը՞, ինչո՞ւ է կռիվ տալիս նրա դեմ՝ հանուն համայնք ղեկավարելու հետ կապ չունեցող Արեն Մկրտչյանի: Նիկոլ Փաշինյանը գիտի, չէ՞, որ Մկրտչյանն իր ձայներն ստացել է կամ վարչական ռեսուրսի կամ էլ ՔՊ-ական լինելու պատճառով և անձամբ գրեթե ձայն չի ստացել։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսպիսին է՝ բացահայտ այսպիսին։ Նա անթաքույց է հետապնդում իրենց պարտության մատնած համայնքապետերին, որքան էլ որ նրանք արդար ու ժողովրդի կողմից ընտրված լինեն։ Նա բացահայտ է փորփրում իրենց հաղթածների գործերը մի բան գտնելու համար ու բացահայտ է թաքցնել տալիս իր կուսակիցների ամենալկտի հանցանքները։
Բեթղեհեմ Արաբյան