Արցախում փաստաբանները ոստիկանների կողմից ենթարկվել են ֆիզիկական բռնության։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը և հրապարակել լուսանկարներ։
«Գլխավոր դատախազության դիմաց հավաքված փաստաբաններին բերման են ենթարկել ոստիկանություն։ Ընդ որում՝ բերման ենթարկելու գործողությունը զուգորդվել է խիստ ֆիզիկական բռնությամբ, փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։ ԱԱյն զուգորդվել է նաև հայհոյանքներով, բացի այդ՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը վերցրել է լրագրողի տեսահսկող սարքը և ջնջել այն, թե ինչպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրանք փաստաբանների նկատմամբ»,- տեսանյութում ասել է Երիցյանը։
Երիցյանը նշում է, որ իրենք զրկված են իրենց պաշտպանյալին տեսակցելու հնարավորությունից։
Ավելի ուշ Երիցյանը ևս մեկ գրառում է արել, որում մասնավորապես նշել է․
«Չեմ կարծում, որ երեկվա դեպքը ողջունվել և քննադատության չի արաժանացել ՆԳ նախարարի կողմից։ Վերջինիս մեղքի բաժինը հիմնականում տեսնում եմ այն բանում, որ ոստիկանության ոչ օրինաչափ գործողությունները մնում են անպատիժ (խոսքը վերաբերում է կարգապահական պատժին), հակառակ, այսինքն՝ պատասխանատվության ենթարկելու պարագայում դրական տեղաշարժը կլիներ տեսանելի։
Կոնկրետ ՆԳ նախարարի անձի մասով, որևէ բացասական կարծիք չունեմ։ Ավելին՝ կան մի շարք արարքներ որոնք խրախուսվում և գովասանքի են արժանանում ոչ միայն իմ, այլև իրավաբանական ողջ համայնքի կողմից։ Ուղղակի ցավալին այն է, որ ոստիկանությունում տեղի են ունենում այնպիսի դեպքեր, ինչպիսինը երեկ տեղի էր ունեցել մեր հետ։ Կամա թե ակամա, բայց նման գործողությունների հետևանքով վրա հասնող հանրային պատասխանատվությունը միշտ էլ դրվում է վերադաս մարմնի վրա
Ֆեյսբուքյան էջի մասով կատարված հայտարարության հետ արտահայատածս համաձայնությանը, վերաբերում է հետևյալին․ եթե ՆԳ նախարարի պաշտոնեական գործունեությունը լուսաբանվում է լրագրողների կողմից, տեղ գտնում ֆեյսբուքյան տարբեր էջերում և դրան որևէ մեկը չի խոչընդոտում, ապա փաստաբանի նկատմամբ իրականացված ոչ օրինաչափ գործողությունները կամ որևէ այլ, բայց հրապարակային գործունեություն ֆիքսող լրագրողի կամ ցանկացած այլ անձի գործունեությանը ոստիկանը միջամտել ևս չի կարող։ Էլ ինչ խոսք արարքի հակաիրավական և քրեական պատասխանտվության ենթակա լինելու մասին։
Սամվել Բաբայանի կողմից անցկացվող հանդիպումների, հավաքների, հրապարակային այլ գործողությունների մասով ես որևէ ասելիք չունեմ և այն չեմ քննադատում։ Քննադատում եմ միայն այն, որ կոնկրետ դեպքում ցուցաբերվել է խտրական մոտեցում, անկախ նրանից տարբերակում դրվել է փաստաբանների և Սամվել Բաբայանի, թե մեր և օրինակ Պողոս Պողոսյանի կամ այլ անձանց կամ շրջանակի միջև»։
Արդեն այսօր Երիցյանը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որը ևս ներկայացնում ենք ստորև․
«ԱՀ Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասի 1․6 կետի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Կալանավորումը հանդիսանում է խափանման միջոց, որի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող և խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտումը վերացնող մարմինը հենց դատախազությունն է։ Կալանավորն ունի իր պաշտպանի հետ ցանկացած պահի, անարգել և կոնֆեդենցիալ եղանակով տեսակցելու սահմանադրական հիմնարար իրավունք, հետևաբար եթե իր այդ իրավունքը չի իրացվում, ապա աղերս ունենք օրենքի խախտման, այսինքն օրինականության սկզբունքի անտեսման հետ։
Մինչդեռ ձեր տրամաբանությամբ՝ պաշտպանը կոնկրետ քրեական գործի շրջանականերում իր և մեղադրյալի քրեադատավարական իրավունքը խախտվելու, այսինքն պաշտպանյալին տեսակցելու արգելքի առնչվելու պարագայում պետք է վարչական դատավարության կարգով հայցի դատական պաշտպանություն, սպասի 7-8 ամիս, որից հետո դատական ակտը ձեռքին փորձի տեսակցել իր պաշտպանյալին։ Դիրքորոշման աբսուրդի աստիճանը գոնե պատկերացնո՞ւմ եք։
Հա ու ամենակարևորը․ Ինչու չեք անդրադառնում այն հարցին, որ Արցախն ապահովված է կալանավորների պահման վայրով՝ քննչական մեկուսարանով, մինչդեռ անձինք ապօրինի պահվում են ԱԱ ծառայության ձերբակալվածների պահման վայրում։
Ինչ վերաբերում է ձեր այն տրամաբանությանը, որ պաշտպանը չի կարող ոչ աշխատանքային օրերին ու ժամերին տեսակցել իր պաշտպանին՝ նշեմ, որ նման անհեթեթութան մասին խոսում էին նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում, բայց հեռավոր 2014 թվականին։ ՀՀ ՄԻ պաշտպանը նույն տարվա իր տարեկան զեկույցում անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց՝ փաստաբանին տեսակցելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման այդ խնդրին: Արդեն 2015թ.-ին՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել է լրացում և սահմանվել պաշտպանի ինչպես նաև պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հստակ հնարավորություն ոչ աշխատանքային օրերին: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում նման նախագծի ներկայացման զեկույցում հստակ նշվել է, որ նման լրացում կատարելու նպատակը գործնականում առկա այն խնդիրների լուծումն է, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքին և սահմանափակում ազատությունից զրկված անձի՝ պաշտպանի հետ անարգել տեսակցելու սահմանադրական հիմնարար իրավունքը։ Արձանագրվել է նաև, որ պաշտպանի հետ ցանկացած պահի անարգել տեսակցելու իրավունք պաշտպանյալն ունի Սահմանդրության ու ՔրԴՕ-ի ուժով։
Անդրադառնամ նաև պաշտպանյալիս մեղասգրված արարքին, որից ասես կախված եք թելի պես և որը շահարկում եք ձեր անգործությունն արդարացնելու գործում, ապա հիշեցնում եմ, որ անձը (պետական գաղտնիքի և զինվորական ծառայության հետ երբևէ ու որևէ աղերս չունեցող քաղաքացին), ում շահերի պաշտպանությունն իրականացվում է մեր փաստաբանական գրասենյակի կողմից, պետական դավաճան չէ, այլ առանց որևէ թույլատրելի ապացույցների մեղադրվում է պետական դավաճանություն կատարելու մեջ (սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համացանցով օտարերկրացի քաղաքացուն հրապարակել է ԳԱՂՏՆԻՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ հրապարակային ու բոլորին հասանելի տեղեկություններ։ Ըստ ԱՀ ԱԱ ծառայության՝ օտարերկացին հանդիսացել է ադրբեջանցի, չնայած մեր պաշտպանյալն այդ մասին որևէ կասկած անգամ չի ունեցել)։
Նրա արարքում պետական դավաճանության հանցակազմն ուղղակի բացակայում է՝ պայմանավորված թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ կողմերի բացակայությամբ։ Արցախում, այդ թվում նաև իմ մասնակցությամբ բազմիցս արդարացվել են անձինք (արդարացման հիմքով կարճվել է քրեական գործի վարույթը), ովքեր մեղադրվում էին պետական դավաճանության մեջ։ Այսինքն՝ նրանց առաջադրված մեղադրանքը հերքվել է։ Էլ ինչ խոսք այն մասին, որ յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանության իրավունք։ Թե՛ դուք և թե՛ ԱԱԾ-ն անգամ ադրբեջանցիներին եք ընձեռնել նման հնարավարություն, մինչդեռ չգիտես ինչու քննադատում եք կոնկրետ հենց այս դեպքը»։