Հետևեք մեզ։

Ինչո՞ւ ՔՊ-ական համայնքապետերը չեն կալանավորվում

15:52, 15 հուլիս 2023
Ինչո՞ւ ՔՊ-ական համայնքապետերը չեն կալանավորվում
Այն, որ իրավական պետությունը, օրենքն ու ժողովրդավարությունն իշխանությունների համար ոչինչ են և նրանք իրենց թիմի ամենաետիններին էլ պաշտպանելիս, նրանց հրապարակային հանցանքները թաքցնելիս գերազանցել են բոլոր նախկիններին վաղուց փաստ է։ 
 
Գործող իշխանությունների իրավական պետությունն ու ժողովրդավարությունը ամենաշատը բնութագրվում է քաղաքական ու թիրախավորված քրեական հետապնդումներով։ Իրենց անցանկալի յուրաքանչյուրը, հեռանալու պահանջը չկատարելու  դեպքում, ենթարկվում է հետապնդումների, նրա աշխատավայրում հանկարծ սկսում են ստուգումներ ու բացահայտվում են հիվանդացած ու 5 օր աշխատանքի չհաճախած աշխատակիցներին մի քանի հազար դրամ աշխատավարձ տալու կամ նմանատիպ դեպքեր, դրանք ներկայացվում են որպես «պետական դավաճանություններ» ու նրանք ձերբակալվում են, կալանավորվում՝ մինչև կգնան գործարքի։ Դե իսկ ովքեր գործարքի չեն գնում, մնում են կալանավորված։
 
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորումը, Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանի շուրջ խմորումները, Սյունիքի համայնքապետերի կալանավորումները ասվածի ցայտուն օրինակերն են։ Դրանք չափից ավելի պարզ են ցույց տալիս, թե ինչպես են հակադրվողները կալանավորվում, ինչպես են նրանց լիազորությունները կասեցվում, ինչպես են այլևս չհակադրվելու խոստում տվողներն ազատ արձակվում, ինչպես են պայքարողները մնում կալանքի տակ։
 
Բայց իհարկե սրա հակառակն էլ կա։ ՔՊ-ական համայնքապետերի մոտ ստուգումներ չեն կատարվում, նրանց ապօրինությունների մասին հրապարակումները չեն նկատվում, չեն ստուգվում, գործեր չեն հարուցվում, լիազորությունները չեն կասեցվում։
 
Ավելին, քիչ է թե հանցավոր բարքերը քննադատող իշխանությունները Փարաքար համայնքում համայնքապետ են կարգել ծանր մարմնական վնասվածք հասցնելու, ապա խուլիգանության համար դատված Դավիթ Մինասյանին, վերջինս այս տարվա ապրիլի 25-ին իր ղեկավարած համայնքու՝մ գիշերային ակումբում նորից հարբած խուլիգանություն անելու մեջ էր կասկածվում  ու դա մնաց անհետևանք՝ նա չձերբակալվեց, չկալանավորվեց, նրա լիազորությունները չկասեցվեցին։
 
Ժողովրդավար Հայաստանի վարչապետը, քննչական կոմիտեն ու դատախազությունը թող հրապարակային պարզաբանեն, թե ինչո՞ւ են այդ արարքի համար ուրիշները կալանավորվում, իսկ ՔՊ-ական համայնքապետը՝ ոչ, ինչո՞ւ են ուրիշներին անմիջապես հեռացնում պաշտոնից, իսկ Մինասյանին՝ ոչ։ Գլխավոր դատախազը վստահաբար պատկերացնում է, որ իր մտերիմներին «պրեմիաներ» տալու համար դատվելիս իրավունք չի ունենալու հավակնել նույնիսկ Դավիթ Մինասյանի բախտին։
 
Մ՛ի ստեք։ Մի խոսեք բարձր արժեքներից՝ անմիջապես առաջ կամ հետո անելով հակառակը, լռեք գոնե, դա ավելի քիչ անբարոյական է։
 
 
 
Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական