Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խստորեն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, միաժամանակ, սակայն, ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Հայաստանի հայտարարություններն արմատապես փոխել են 2020 թթ․ եռակողմ հայտարարության հիմնարար պայմանները, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմը ԵՄ հովանու ներքո Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․
«2022 թ. հոկտեմբերին և 2023 թ. մայիսին ԵՄ հովանու ներքո անցկացվող հանդիպումներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության սուվերեն որոշումը, բայց դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը: Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հավելել են՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է ԼՂ-ում բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր վճռականությունը և նշել է՝ հայ-ադրբեջանական համաձայնագրի մասը պետք է լինեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։
Ռուսական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել՝ Մոսկվայում նախաձեռնել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։