Հետևեք մեզ։

Դատական ու բյուրոկրատական քաշքշուկների պատճառով Չարենցավանում ձգձգվում են շինբարեկարգման աշխատանքները

14:16, 17 հուլիս 2023
Դատական ու բյուրոկրատական քաշքշուկների պատճառով Չարենցավանում ձգձգվում են շինբարեկարգման աշխատանքները

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու այնուհետև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հայտարարեցին, որ կառավարությունը բյուջեից ավելի քան մեկ միլիարդ դրամ է հատկացնելու, որ կապիտալ վերանորոգեն Չարենցավան մտնող և Չարենացավանից դեպի Կարենիս դուրս եկող հանրապետական նշանակության ճանապարհը։ Ճանապարհի նորոգման աշխատանքները պետք է սկսվեցին և ավարտվեին այս տարի, բայց արդեն տարվա կեսն ենք հասել, ու ոչ մի գործ արված չէ։

Չարենցավանի քաղաքապետարանից ամեն անգամ ասում են՝ մինչև ամսվա վերջ պետք է շինարարը սկսի աշխատանքները, սկզբում՝ մայիսի վերջ, հետո՝ հունիսի, հետո՝ հուլիսի։ Հիմա էլ, պարզվում է, օգոստոսին նոր պետք է սկսեն, եթե, իհարկե, սկսեն։ Իսկ թե երբ կավարտեն՝ հայտնի չէ։

Չարենցավանի քաղաքապետ Հակո Շահգալդյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց՝ համայնքն այստեղ անելիք չունի, քանի որ այդ ճանապարհը համայնքին չի պատկանում, այլ հանրապետական նշանակության ճանապարհ է, փողն էլ՝ շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ, պետությունն է հատկացում։ «Ես շինարարին հարցրել եմ, ասել է՝ ամենաուշը մինչև օգտոստոսի 10-15-ը կսկսեն։ Իրենք շահել են մրցույթը, հիմա պայմանագրի կնքման փուլն է, ու կառավարությունը առաջիկա նիստին պետք է գումարը հատկացնի։ Էն օրն էլ, որ իմացա՝ վարչապետն եկել էր Կոտայքի մարզ, ես իմացա, որ ճանապարհային դեպարտամենտի պետն ասել է՝ շուտով կսկսեն նաև այդ ճանապարհի շինարարությունը»,-ասաց Հակոբ Շահգալդյանը՝ նշելով, որ հաղթող ընկերությունը «Լևոն շին» ՍՊԸ-ն է։

 

Հարցին՝ շատ երկար չի՞ ձգձգվում այս պրոցեսը, քանզի ամառն արդեն ավարտվում է, քաղաքում փոսալցման աշխատանքներն էլ արդեն վերջացրել են, իսկ այս կարևոր ճանապարհի նորոգումը դեռ չեն էլ սկսել, քաղաապետ Հակոբ Շահգալդյանն ասաց, որ խնդիրը գնումների գործընթացի երկար լինելու մեջ է․ «Այնտեղ պայմանագրային գործըթնաց կա, անգործության շրջան կա, գումարը հատկացնելու գործընթաց կա, շինաշխատանքները պատրաստելու ընթացք կա։ Բայց ես 90 տոկոսով համոզված եմ, որ այս տարի կսկսեն, բայց չեմ կարծում, որ այս տարի կկարողանան ավարտել»։

 

Մինչդեռ, նշենք, որ դեռ անցյալ տարվանից խոսվում էր, որ այս տարի պետք է սկսեն ու մոտ եեք ամսում ավարտեն այդ աշխատանքները, և տարիներ շարունակ անբարեկարգ ճանապարհով երթևեկող վարորդներն էլ հույսով սպասում էին, որ վերջապես կնորոգվի այդ ճանապարհը։ Բայց, ինչպես հասկացանք Չարենցավանի համայնքապետի խոսքից, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով ձգձգվում է ընդամենը մի քանի կմ ճանապարհի նորոգումը, ու չի բացառվում՝ այս տարի ոչ էլ սկսեն և ավարտեն։ Այս տարի պետք է նաև սուբվենցիոն ծրագրով բակային ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեն Չարենցավանում, բայց դրանք էլ մինչ այս պահը դեռ չեն մեկնարկել։ Քաղաքապետն ասաց՝ բակային ասֆալտապատման աշխատանքներն էլ ամենաուշը մինչև օգոստոսի 15-ը կսկսեն՝ ընդհանուր 13 հազար քմ տարածք է ասֆալտապատվելու։ Թե ինչու են այս աշխատանքները ևս ուշ սկսում, սա գոնե համայնքի տիրապետության տակ է՝ կարող էին ավելի շուտ սկսել, Շահգալդյանը նորից նույնատիպ պատասխան տվեց, թե գործընթացն է այդպիսին՝ բացատրելով, թե ինչ փուլերով է անցնում գնումների գործընթացը։ Չարենցավանի քաղաքապետարանը տարվա սկզբին խոստացել էր, որ այս տարի պետք է սկսեն նաև Չարենցավան քաղաքի խորհրդանիշը հանդիսացող Գանգրահեր տղայի հուշարձանի, դրա պատվանդանի և հարակից տարածքի կապիտալ նորոգման աշխատանքները, որի համար ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն է գումար հատկացնելու։ Օրերս այդ գրասենյակից մարդիկ էին ժամանել Չարենցավանի քաղաքապետարան՝ քննարկելու հուշարձանի նորոգման հետ կապված հարցերը։ Շահգալդյանի խոսքով՝ Գանգրահեր տղայի հուշարձանի նորոգման աշխատանքների մեկնարկն էլ մինչև օգոստոսի կես կտրվի, որը պետք է ավարտեն մինչև հոկտեմբերի վերջ։

 

Չարենցավանում տարիներ ի վեր չլուծված է մնում նաև քաղաքային զբոսայգու խնդիրը։ Զբոսայգին դեռ նախորդ քաղաքապետի օրոք վարձակալության էր վերցրել ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին պատկանող ընկերությունը, որը պարտավորվել էր խնամել, բարեկարգել այգին, ամեն տարի այգում ներդրումներ կատարել, բայց այս տարիներին այգին բարեկարգվելու փոխարեն գնալով քանդվել ու ավերվել է՝ դառնալով շահագործման համար ոչ պիտանի։ Մոտ չորս տարի առաջ Չարենցավանի քաղաքապետարանը դատական գործընթաց էր սկսել նախկին պատգամավորի ընկերության դեմ, որ դատական կարգով լուծեին խնդիրն ու այգին վերադարձվեր ամբողջությամբ համայնքին, որ համայնքը կարողանար սեփական միջոցներով բարեկարգել այն, քանի որ վարձակալի հետ ընդհանուր հայտարարի գալ չէր հաջողվում, սակայն դատական գործընթացը մինչ օրս դեռ ձգձգվում է։

Վերջին ՏԻՄ ընտրություններում վերընտրվելուց Հակոբ Շահգալդյանը, չսպասելով դատական գործընթացի ավարտին, որոշում է կայացրել այդուհանդերձ սկսել այգում բարեկարգման աշխատանքները։

 

Հարցին՝ Ռոբերտ Թովմասյանին հարցրե՞լ են այգում աշխատանքներ սկսելու վերաբերյալ, Շահգալդյանն ասաց․ «Մենք չենք սպասել դատական գործընթացին ու չենք էլ պատրաստվում իրեն հարցնել՝ դա համայնքի սեփականությունն է»։ Մեր հարցին՝ այսքան տարի նա քաղաքապետ է, ինչո՞ւ միչև հիմա այդգու հարցը չէր լուծում, եթե կարող էր առանց հարցնելու բարեկարգել այգին, քաղաքապետն ասաց․ «Եթե վարձակալ կար, ինչո՞ւ պիտի անեի։ Ուղղակի տեսանք, որ էս գործընթացը երկարաձգվում է, մենք որոշեցինք մեր բանկիչների համար այգին բարեկարգել, որ կարողանան գնան իրենց ժամանակ անցկացնեն այնտեղ։ Եթե էդպիսին է վարձակալը, ես ի՞նչ անեմ։ Արդեն ուղիղ 17 տարի է այս վիճակը, էդ տարիների ընթացքում մենք միշտ գրել ենք, պահանջել ենք, ինքն էլ ասել է՝ ես անում եմ աշխատանքներ։ Հիմա համբերության բաժակը լցվել է։ 2019 դիմել ենք դատարան, արդեն չորս տարի է՝ դատական պրոցես գնում, ի՞նչ անենք մենք։ Համենայնդեպս, անկախ նրանից, թե դատական պրոցեսի ավարտին ինչ կորոշվի, դա համայնքի սեփականությունն է, որևէ մեկինը չի լինելու, ու մեր աշխատանքը չի գնա կորչի։ Դրա համար ավելի լավ է՝ հիմա անենք»։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ