Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է․Վազգեն Առաջին (1991թ․)
Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Վազգեն Ա.-ն (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ-ին ք. Բուխարեստում (Ռումինիա): 1916 թվականին Պալճյանների ընտանիքը բռնել է գաղթի ճամփան, ընտանիքի հոր որոշման պատճառը երկրի պատերազմն էր և հարկավոր էր շտապ լքել Ռումինիան, նրանք մտահոգ էին, որ տեղի հայ բնակչությունը թուրքական ուժերի թիրախ կդառնա, եթե նրանց հաջողվի մտնել Ռումինիա։ Նրանք տեղափոխվել են Օդեսա, որտեղ էլ Լևոն-Կարապետը ստացել է իր նախնական կրթությունը հայկական նախակրթարանում։
Աբրահամի ու Սիրանույշի ընտանիքը Օդեսայում է ապրել 1914-1918 թվականները։ Այնուհետև Ռումինիայում վերահաստատվելուց հետո Լևոն-Կարապետը սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-1926 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–1943 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-1944 թվականներ) կազմում։1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում Հունաստանի հայող թեմի առաջնորդի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, վերանվանվելով Վազգեն Աբեղա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–1955 թվականներ)։ 1948 թվականի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։
Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու․ Վազգեն Ա
Վազգեն Առաջինն այն հոգևոր առաջնորդն է, որը կարողացավ բարձրացնել Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, նրան լսում էին, հավատում և սպասում, նրան հաջողվել է վերականգնել խորհրդային տարիների ընթացքում կորսված հավատը։ Նա բարձրացնում էր ոչ միայն եկեղեցուն, այլ նաև հասարակության, մշակույթի ու քաղաքականությանը վերաբերող հարցեր, նրա օրակարգում հողերի վերադարձի հարցն էր, իսկ հայրենադարձությունը նրա առաքելություններից մեկն էր։ Նա խորհրդային իշխանությունների առաջ ուղիղ հարց է բարձրացրել Մայր Աթոռի ինքնորույն որոշումներ կայացնելու մասին, իսկ նրան չէին մերժում։
Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու Պատմություն Արծրունյաց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։
1992 թվականի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թվականի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։
Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը:
Վազգեն Ա-ին բախտ է վիճակվել տեսնել Արցախյան ազատամարտի հաղթանակն ու Հայաստանի անկախությունը
Ազգային և հոգևոր արժեքների պահպանության, զարգացման գործում դրսևորած նվիրումի և մատուցած բացառիկ ծառայությունների համար, 1994թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչումն ու հայրենիքի առաջին շքանշանը շնորհվում է Նորին Վեհափառությանը: Անկախության հռչակումից հետո նա դարձավ հանրապետության առաջին ազգային հերոսը։ 1994թվականի օգոստոսի 18-ին՝ 86-ամյա հասակում Վեհափառը վաճխանվել է Երևանի հայրապետական իր առանձնատանը՝ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։
Նրա գերեզմանին փորաքրված է իր քարոզներում ամենաշատ կիրառված բառերը․ «Սեր ոչ երբեք անկանի»։
Վազգեն Ա-ն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ էր։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։