Հետևեք մեզ։

ԵՊՀ-ն դժգույն ու դժբախտ դառնալու ճանապարհին․ որովհետև պետությունը պարեկին շատ է վճարում

15:31, 19 հուլիս 2023
ԵՊՀ-ն դժգույն ու դժբախտ դառնալու ճանապարհին․ որովհետև պետությունը պարեկին շատ է վճարում

ԵՊՀ-ն այս տարի կունենա առկա ուսուցմամբ սովորող 2147 ուսանող, թափուր է մնացել 1042 տեղ․ այստեղ կարելի է շնորհավորել իշխանություններին, նրանց հաջողվել է քաղաքացիներին, ընդ որում, նոր սերնդին համոզել, որ սովորել պետք չէ։ Եվ դա համոզել են սեփական օրինակով և վարած քաղաքականությամբ, որովհետև պետությունը պարեկին շատ է վճարում․․․

Այս մտքին հակասողներ կլինեն․ դե որ գնում են ի՞նչ, չեն սովորում և այլն, ծույլերի քանակի բազմաթիվ օրինակներ կբերեն և վերջ, բայց պետությունը խնդիր ունի կիրթ քաղաքացի ունենալու, ամեն ինչ անելու, որ բուհում ուսանողը սովորի, այսինքն, եթե գնում են, և գնացողների մի մասը չի սովորում, դա կրկին պետության խնդիրն է, դրա համար մի ամբողջ մեծ նախարարություն կա, սակայն, ընդհանրապես, իշխանություններին ձեռնտու չէ կիրթ քաղաքացիներ ունենալ, որովհետև, նրանք, սովորաբար, իրենց ընտրազանգվածը չեն լինում։

Բայց ՀՀ իշխանությունն այլ բան է անում․ կրթվելն ու կրթությունը կարգավորում է ճիշտ այնպես, ինչպես պարեկը երևանյան խաչմերուկը։

Երբ պարեկային ծառայության համակարգը նոր էր ներդվում և հարցում էի արել ոստիկանությանը, որտեղից 2021 թվականի օգոստոսի դրությամբ հայտնել էին, որ   պարեկային ծառայողներից 315-ն ունեն միջնակարգ կրթություն, 350 ծառայող՝ բակալավրի աստիճան, 47-ը՝ մագիստրոսի աստիճան, իսկ ընդհանուր թվից  205-ը եղել է  գործազուրկ։ Սակայն, ավելի շատ պարեկներ էին պետք պետությանը, որովհետև պարեկային ծառայությունը ներդրվեց նաև մարզերում, կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դիմել և ասաց՝ պարեկ դառնալու համար կրթություն պետք չէ, հինգ ամսյա դասընթաց է, կանցնեն, կդառնան պարեկ։

Ստացվում է այսպես․ եթե դու նորմալ մարդ ես, ունես իրավաբանի կրթություն, սովորել ես, օրինակ, ոստիկանության ակադեմիայում, բայց ՃՈ-ում ես աշխատում՝ բարեխիղճ, նկատողություն ու հանցանքներ չունես, միևնույն է,  դու պետությանը պետք չես, որովհետև ինքը անկիրթներին է բերում, որովհետև որոշել է ՃՈ-ն փոխել, ոչ թե ՃՈ-ի անբարեխիղճներին կամ հանցագործներին։ Այսպես դասավորվեց շատերի ճակատագիրը, կամ չգիտես ինչպե՞ս ու ինչո՞ւ ձևավորված հանձնաժողովի մոտ տարիների ծառայողը պետք է քննություն տար, ներկայացներ   Facebook, Instagram, Odnoklassniki ցանցերում իր էջերը, ու պատվից ցածր չհամարելով մրցակիցներ 5-ամյսա դասընթաց անցածի հետ, ու տարբեր մասնագիտության տեր անձինք  որոշեին՝ բարձրագույն կրթություն ստացած  ու երկարամյա փորձ ունեցո՞ղն է մնում ծառայության, թե՞ միջնակարգ կրթությամբ իրենց «սանը»։

Սա պետական քաղաքականություն է, երբ մարդուն տալիս ես կարևոր գործառույթներ և ասում ես՝ մի կրթվիր, պետական քաղաքականություն է, երբ Մատենադարանի տնօրեն է նշանակվում ոմն թատերագետ, ի՞նչ է, Մատենադարանում համապատասխան մասնագետ չկար, իհարկե շատերը կային, բայց դա պետությանը պետք չէ, այդպես են քանդում պետական ինստիտուտները, երբ խելացի ու սրտացավ մասնագետների համար ղեկավար են կարգում մեկին, որը պարզապես լավ է խոնարհվում և լավ խոսում դրա հակառակի մասին, երբ ԱԺ պատգամավորը սեռով պայմանավորված պաշտոնյա է ընտրում, երբ պատգամավորների կեսը դեռ սովորում է գրել սովորել, երբ խելացին տեղ չունի, երբ 30 տարվա նյարդաբանի աշխատավարձը չի հասնում 100 000-ի, իսկ պարեկը նրանից քառապատիկ շատ է ստանում, որովհետև արել է մեկ բան՝ չի կրթվել, որովհետև պետությունը չկթրվելը բարձր է գնահատում, որովհետև պարեկների PR-ի վրա ավելի շատ միջոցներ է ծախսվում, քան այն ուսանողների, որոնք սովորում են, և գումար չունեն բուհ հաճախելու համար։

Եվ այսքանից հետո, հումորները, թե ինչի՞դ է պետք սովորել, ի՞նչ ես ուզում դառնալ, որ սովորում ես, վարչապե՞տ, դրա համար դիպլոմ պետք չէ, կհանգեցնեն նրան, որ ԵՊՀ-ն դժգույն ու դժբախտ բուհ կդառնա, ու մեզ պե՞տք է ԵՊՀ-ն․․․

 

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական