Հայաստանում վերջին հինգ տարում յուրաքանչյուր մարդու մասին նախկինի ու ներկայի համեմատականներն են․ քաղաքական ամբիոններից մինչև բակ թեման պտտվում է մեկ հարցի շուրջ՝ առաջ և հիմա։ Սա քաղաքական առումով վատ է, որովհետև մենք միայն համեմատում ենք և օրակարգային, անվտանգային թեմաները կորում են համեմատականների տրցակի մեջ։
Բայց, երբ այդ համեմատականների մեջ ի հայտ է գալիս անինքնասիրությունը, որը դառնում է պետական քաղաքականություն, բերում է ողբերգության և, ցավոք, ոչ անձնական։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան vs Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան․ քաղաքական խաբերություն կամ հայրենավաճառը․
Ամենակենցաղային օրինակը բերեմ․ ես սիրում եմ կարճ բանավեճ, և որպեսզի այն արագ ավարտվի, կիրառում եմ մեկ հնարք․ դիտավորյալ փոխում եմ անունները՝ ասում եմ միտք, և վերագրում, օրինակ Սերժ Սարգսյանին: Բանավեճի մասնակիցները քննադատում են, ասում եմ՝ ներեցեք, սխալվեցի՝ Նիկոլ Փաշինյանն էր ասել։ Ավարտը լավ է ստացվում։
Արարատ Միրզոյանի դեպքում սա մի փոքր դժվար է, որովհետև մեկ օր Նժդեհին մեջբերող անձը այսօր Կլաարի ասած Խանքենդիին չի հակադարձում, այսօր ասում է՝ Արցախն արցախցիներով տալիս ենք Ադրբեջանին։
Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացարձակ չի էլ ճանաչում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Քաղաքական հետևյալ թեզով էր այսօր Արցախի անունը չտվող Արարատ Միրզոյանը գնում խորհրդարանական ընտրությունների․ ընտրություններից մեկ շաբաթ առաջ արված գրառումն է․ «Հանուն Հայաստանի և Արցախի, հանու՛ն կյանքի, հանու՛ն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա»։ Նա խաբել է, սա սուտ է։ Միրզոյանն այլևս Արցախ բառն անգամ չի տալիս։
2020-ի փետրվարին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը համարում էր Արցախի ինքնորոշումը, հիմա իր քաղաքական ղեկավարի հետ հարցնում է՝ ումի՞ց ինքնորոքշվի:
Պատասխան՝ ումից որ 2020-ի հունվարի 18-ին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում երեք անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո։
ԱԺ նախագահը խաբել է, նա բազմիցս է ասել, որ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունն արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է։ Արարատ Միրզոյանը սուտ է խոսել, որ ՀՀ-ն արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է, նա չի ասել, որ ՀՀ-ն Արցախի ինքնորոշման իրավունքը վերացնողն է։
Արարատ Միրզոյանը 2020-ի մայիսի 9-ին է այցելել էր Արցախ, պատերազմից հինգ ամիս առաջ, երբ Արցախի այդ ժամանակվա ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումից հետո գրել էր․
«Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախ պաշտոնական այցի ժամանակ հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
Շնորհավորեցի գործընկերոջս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ և կրկին վերահաստատեցի, որ Արցախյան հակամարտության խնդիրը պիտի լուծվի` հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը։
Քննարկման ընթացքում ամփոփեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության արդյունքները»։
Պատերազմ, հոկտեմբերի 15․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր․
«Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։
Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը։
Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ են ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։
Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։
Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։
Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։
Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»։
Հակափաստարկները, թե պատերազմն իրավիճակ է փոխել, Միրզոյանի դեպքում չեն աշխատում, որովհետև Արցախ իր վերջին այցին՝ պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 7-ին, Արարատ Միրզոյանը կրկին կարևորել էր ինքնորոշման իրավունքը․
«Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե' Հայաստանում, և թե' Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»։
Անգամ 2021-ի ապրիլի Միրզոյան ԱԺ նախագահը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում հայտարարում էր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրականացված չէ։
Պատմաբան Արարատ Միրզոյանին պետք է գրել պատմության գրքերում, որպես դասական օրինակ, թե, ի թիվս այլոց, ինչպիսին չպետք է լինի մարդը, հայը, քաղաքական գործիչը, կամ ունենալ փայլուն օրինակ, թե ինչպիսին է հայրենավաճառը, երբ ԱԺ նախագահի աթոռից տեղափոխվում է ԱԳ նախարարի աթոռին։
Կամ Արարատ Միրզոյանը պետք է բացատրություն տա և մի օր տալու է․ ի՞նչ է փոխվել կամ ո՞րն է գինը, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին մոռացել է, և Արցախը հանձնող առաջամարտիկներից մեկն է, էլ չի ասում՝ «սիրելի՛ Արցախ», էլ չի ասում՝ «Արցախը մեր հայրենիքն է», Արարատ Միրզոյանը պետք է բացատրի, թե ինչի՞ դիմաց է մոռացել Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչի՞ դիմաց է Սումգայիթի ջարդերից խոսող մարդը հետո խոսում Ալիևի տիրապետության տակ արցախցիների անվտանգության երաշխիքներից, նա պետք է բացատրի և ենթարկվի պատասխանատվության, որովհետև մարդը գիտի Սումգայիթը, բառացի ասել է․ «հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո» և իմանալով այս ամենը, գիտակցաբար, Արցախը հանձնում է՝ իմանալով, թե ինչ սպասվում արցախցիներին, այսինքն՝ Միրզոյանը գիտակցաբար նպաստում է այն ցեղասպանությանն ու էթնիկ զտմանը, ինչի մասին իրենք խոսում են։
Նախկինում ոչ մի գնով հայրենիք ու տուն չզիջող Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել է․ «Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը», դուք ովքե՞ր եք, իսկ ի՞նչ եք արել Արցախի համար։
Այո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ճիշտ էր՝ Արցախը հայրենիք է, տուն է, իսկ հայրենիքն ու տունը չեն զիջվում ոչ մի գնով․ իսկ հիմա, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, որքա՞ն է զիջմանդ գինը, ո՞րն է գինը․․․
Բեթղեհեմ Արաբյան