Հետևեք մեզ։

Գլուխները պատովն են տալիս, ովքեր էդպես են հասկանում․ ես Արայիկի պաշտպանը չեմ, բայց գիտեմ՝ ինչ է նշանակում լինել ղեկավար և ինչպիսին է այդ պայմաններում ղեկավարի վիճակը․ Մովսես Հակոբյան

16:29, 21 հուլիս 2023
Գլուխները պատովն են տալիս, ովքեր էդպես են հասկանում․ ես Արայիկի պաշտպանը չեմ, բայց գիտեմ՝ ինչ է նշանակում լինել ղեկավար և ինչպիսին է այդ պայմաններում ղեկավարի վիճակը․ Մովսես Հակոբյան

Ես հոգնել եմ ասել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ ամենը նախատեսված էր, և այդտեղ որևէ անակնկալ չկա։ Էսպես որ զարմացած նայում եք՝ ճանապարհը փակել են թուրքերը, նոյեմբերի 9-ի փաստաթղթով դա նախատեսված էր։

 

Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր ռազմական տեսուչ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

 

-Դուք հարցազրույցներից մեկում ասել էիք, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։ Հիմա՞ էլ եք պնդում, որ չի ստորագրվելու։

 

-Իհարկե, չի ստորագրվելու։

 

-Իսկ ի՞նչ է լինելու դրա փոխարեն, նոր պատերա՞զմ։

 

-Դուք անընդհատ դրդում եք, որ ես էդ բառն ասեմ՝ վերնագիր դնեք։ Կարող է պատերազմ լինի, կարող է և չլինի, նայած՝ ինչպես ես դու պատրաստվում պատերազմի։ Որպեսզի պատերազմ չլինի, պիտի պատրաստվես պատերազմի, պիտի քեզնից ուժ ներկայացնես, որ հակառակորդն իմանա՝   հարձակվեց, մռութին ստանալու է։ Մինչև հակառակորդը դա չզգա, անելու է այն, ինչ ցանկանում է։

 

-Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Արցախում ձերբակալել են ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, համացանցում շատ քննարկվեց այդ թեման, որ Արցախում, հավանաբար, ինչ-որ պորցեսներ են տեղի ունենում, և հատուկ այդ պրոցեսներից առաջ Բալասանյանին ձերբակալեցին, որ նա չխանգարեր հանկարծ։

 

-Տեղյակ չեմ՝ ինչի մասին է գործը, հարկ էլ չեմ համարում հարցնել։

 

-Իսկ Արցախում այսօր մեկը կա՞, որ կարող է այս կործանման դեմը առնել, Դուք այդպիսի կարող ուժ տեսնո՞ւմ եք այնտեղ։

 

-Եթե Դուք իմ անցյալն ուսումնասիրեք, իմանաք՝ ես ինչի համար եմ հրամանատար, ինչի համար եմ «Արցախի հերոս» ստացել, կհասկանաք, որ ես հենց էնպես խոսքեր չեմ կարող հնչեցնել։ Այն, ինչ ես հնչեցնեմ, առաջինը ես դա պիտի կարողանամ անել։ Ես չեմ հնչեցնում այնպիսի խոսքեր, որ ուրիշները գնան՝ անեն։

 

-Իսկ լուծումն ինչպե՞ս եք տեսնում, Արցախում մարդիկ արդեն սովամահ են լինում։

 

-Լուծումը տեսնում եմ լավ, խելոք իշխանության մեջ։

 

-Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ ասաց, որ ծայրահեղ քայլի է դիմում՝ նստացույց է սկսում, սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

 

-Ես որևէ բան այդ մարդկանց, ովքեր գտնվում են շրջափակման մեջ էլ չէ, այլ բաց բանտում, ես չեմ կարող այդ մարդկանց արարքներին գնահատական տալ։

 

-Բայց Արցախի նախագահն է Արայիկ Հարությունյանը, շարքային մեկը չէ։

 

-Հասկանում եմ, բայց Դուք գիտե՞ք՝ Արայիկ Հարությունյանն ինչով է զբաղվում։

 

-Շատերի կարծիքով՝ բիզնեսով։

 

-Դե, գլուխները պատովն են տալիս, ովքեր էդպես են հասկանում։ Այ էդ պատկերացումը՝ երկրի քանդման, դա է, որ նախկինները բիզինեսով են զբաղվել, մեկ էլ՝ թալանով։ Այ էդ բանը սարքել եք, հասարակությանը լարել ղեկավարների դեմ՝ էդ ձեր լրատվական հինգերորդ շարասյունով, հետո հարցնում եք՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Իսկ այն իրականությունը, որ մեր սուղ պայմաններում, շրջափակման մեջ ինչ-որ բան կարողացել ենք անել՝ երկիր պահել, բանակ պահել, որ հակառակորդը մեզնից վախենա, հասարակությանը դա չի բավարարել։ Հասարակությանը բավարարել է Սնիկերսը, կլուբնիկան, շքեղ կյանքը։ Իսկ Արայիկ Հարությունյանի մասով այդ ասածները համապատասխանում են այնքանով, որ ինքը նախկինում էլ ունեցել է բիզնեսներ, մնացածով որևէ բան չի համապատասխանում։ Ես Արայիկի պաշտպանը չեմ, բայց գիտեմ՝ ինչ է նշանակում լինել ղեկավար և ինչպիսին է այդ պայմաններում ղեկավարի վիճակը, երբ բոլորը բերանները բաց՝ սպասում են, թե Արայիկն ինչ պիտի անի, և գիտեն, թե Արայիկն Աստված է, հիմա Արայիկն իրենց փրկելու է։ 

 

-Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի հետ հազարամյակներ շարունակ ապրել են կողք-կողքի, հիմա էլ են պատրաստ ապրել, բայց հավասարը՝ հավասարի սկզբունքով։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

 

-Մարդ է, հիմա ասել է, ի՞նչ իմանամ՝ ինչի համար է ասել։ Դու պիտի լինես էնտեղ, իր կաշվի մեջ, որ հասկանաս՝ ինչի համար է էդ արտահայտությունն արել։ Երբ դու այնտեղ չես, որևէ մեկը մեկնաբանել, քննադատել՝ ճիշտ է անում, սխալ է անում, իրավունք չունի։

 

-Ի դեպ, Ձեզ համար տարօրինա՞կ չէ, որ արցախցիների մեծ մասը, ընդհուպ՝ Արայիկ Հարությունյան, չեն քննադատում Հայաստանի իշխանություններին, որ ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանի անունն անգամ չեն տալիս։

 

-Էնպես չի, որ չեն քննադատում, լիքը մարդ քննադատում է։ Բայց չի կարող Արայիկը քննադատի Նիկոլին, դու էլ լինես, վաղը դու էլ չես քննադատի։ Եթե լինես Արցախի առաջին դեմքը, էլի Նիկոլին չես քննադատի, որովհետև էսօր Արցախի ժողովրդին ֆինանսավորողն ինքն է։

 

-Բայց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողն էլ է ինքը, ֆինանսավորումն էլ հիմա դադարեցված է, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ։

 

-Դուք շատ ուշ եք դա հասկացել, որ ինքը դա արել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին

 

-Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչե՞լը նկատի ունեք։

 

-Այո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա է ենթադրում։ Էնտեղ ամեն ինչ պարզ գրված է, ուղղակի բոլորը վախենում են դրա մասին խոսելուց։

 

-Այսինքն՝ դեռ նոյեմբերի 9-ի՞ն էր Արցախը հանձնվել Ադրբեջանին կամ ճանաչվել Ադրբեջանի կազմում։

 

-Այո, բայց ինձ համար ավելի շուտ էր հանձնվել՝ 2018 թվականին, երբ գնացին ու Նիկոլին ձայն տվեցին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ