Խնամքի հաստատությունների դիտորդական խմբի փորձագետ Հայկ Մկրտչյանը գրում է․
«Կրկին կտրեցին ժապավեն, առանց հաշվի առնելու հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց մի ստվար զանգվածի կարիքները։
Օրերս հայտարարվեց, որ՝ «Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում բնակչության հետ շփումն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների հարմարավետության, աշխատանքների արագ կատարման նպատակով, արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը:
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը հիմնանորոգվել է, ինչը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին»։
Ինչպես երևում է նկարից, այս սպասարկման հարթակը միայն կանգնած մարդկանց համար է և ոչ մի ձև հարմարեցված չէ անվասայլակ օգտագործող, այլ աջակցող միջոց օգտագործող կամ կանգնելու դժվարություններ ունեցող անձանց համար։
Բացի այն, որ սա ուղիղ խախտում է ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից ընդունված 2018 թվականի ապրիլի 5-ին ընդունված ՀՀԿՀ 23-101-2017․«Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածուին հավանություն տալու մասին» N 43-Ա հրամանով հաստատված քաղաքաշինական նորմերի և համայնքի պատասխանատու մարմիններն անգամ թույլ չպետք է տային այս նախագծով հիմնանորոգումը, մի բան էլ հայտարարում են, թե իբր «համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին»։
Ուրեմն հերթով ասեմ՝
1․ Դրսի մուտքի թեքահարթակը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինական նորմերի թե թեքությամբ, թե եզրաքարերի բացակայությամբ, թե բարիքների բացակայությամբ։
2․ Սպասարկման սրահի կահավորումը բացարձակ չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
3․ Չկան հարմարություններ տեղեկատվությունը մատչելի փոխանցելու թե տեսողության և թե լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, էլեկտրոնային-տեղեկատվական համակարգերը որևէ աղերս չունեն համընդհանուր դիզայնի սկզբունքների հետ, ինչը օրենքի պահանջ է։
4․ Մուտքի դռները ծանր են և անհարմար էրգոնոմիկ բռնակներով
5․ Շարունակելի
Այսքանից հետո` թե բա միջազգային չափորոշիչներ։
Խնդրում եմ, էլի, հարգելի պաշտոնյաներ, միջազգային չափորոշիչ բառերը օգտագործելիս, գոնե պահպանեք տեղական օրեսնդրությունը, նոր խոսեք ինչ-որ բանից, որ ձեզ համար սիրուն, գուցե նախընտրական ժապավենային բառեր են, իսկ հազարավոր մեր հայրենակիցների համար անկախ և արժանապատիվ կյանքի գրավական»։