Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը։ Ներկայացնում ենք հարցուպատասխանից հատվածներ։
Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, որը ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում, վստահ եմ նաև Ձեզ, ինչպե՞ս եք արդարացնում Ձեր իշխանության մնալը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընտրություններով՝ ժողովրդի որոշմամբ, որովհետև այն, ինչ ես ասել և արել եմ, առաջինը՝ ես դրա պատասխանատվությունը կրել եմ և կրում եմ։ Դուք գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես հրաժարական եմ տվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, հենց պատասխանելու Ձեր բարձրացրած հարցին։ Որովհետև այդ հարցն ինչո՞ւ է միայն ուրիշների մոտ ծագում, այդ հարցն ինձ մոտ էլ է չէ՞ ծագում և ծագել է, ոմանց թվացել է, թե միմիայն իրենց մոտ է ծագել այդ հարցը, բայց բնականաբար ինձ մոտ էլ և մեր քաղաքական թիմում էլ է ծագել այդ հարցը։ Եվ մենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դեռևս դեկտեմբերին, հրապարակային մեր ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին առաջարկել ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ընդ որում, մենք կարող էին հենց նոյեմբերին կամ դեկտեմբերին անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց բոլորը հասկանում են, որ այդ խառնաշփոթ իրավիճակում, երբ ոչ մեկ պատրաստ չէ ընտրություններին, չէր էլ մտածել դրա մասին, ամենաշատը այսպես թե այնպես պատրաստ է լինելու իշխանությունը։
Դեկտեմբերին հրապարակային առաջարկել եմ ու այդտեղ մենք ունեինք իրավիճակ՝ ընդդիմությունն ասում էր՝ իշխանությունը պետք է հանձնել ընդդիմությանը, այսինքն՝ իրենց։ Մեր դիրքորոշումը հետևյալն էր, որ իշխանությունը կամ կառավարելու մանդատը մեր սեփականությունը չէ, որ ում ուզենք՝ տանք։ Մենք այդ մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը, բայց համաձայն էինք հանձնել միայն ժողովրդին և պարտավոր ենք ապահովել պայմաններ, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի ում պետք է փոխանցի այդ մանդատը։
Եվ մեր ամենակարևոր պարտավորությունն էր այդ իրավիճակում՝ ապահովել ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ շատ լարված, բայց ժողովրդավարական մթնոլորտում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել. ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության պահանջով Ընտրական օրենսգիրքը փոխել ենք՝ դարձնելով լիարժեք համամասնական ընտրակարգ, ինչը նշանակում է և կոնտեքստն էլ եղել է այնպիսին, որ տեղի է ունենում վարչապետի ընտրություններ, որն այսպես թե այնպես հին և նոր ընտրակարգով այդպիսին էր։
Տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություն, շատ ծանր մթնոլորտում, երբեմն ատելության խոսքով համեմված մթնոլորտում, տեղի է ունեցել քվեարկություն և ես, ըստ էության, ժողովրդի կողմից ուղիղ ընտրություններով ընտրվել եմ վարչապետ։ Որովհետև ընտրությունների այդ թվաբանության ներքո մեր սահմանադրության համաձայն վարչապետի թեկնածություն չի քննարկվում խորհրդարանում, այլ մեծամասնություն ձեռք բերած ուժը, իսկ մենք ձեռք ենք բերել սահմանադրական մեծամասնություն, միանգամից նշանակում է վարչապետ։ Շատ կարևոր է արձանագրել, որ միջազգային ողջ հանրությունը միաձայն ընտրությունները գնահատել է ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ։ Հիմա արդյոք ժողովուրդը կատարել է լավագույն ընտրությունը՝ այդ հարցին կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում։