Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»

10:20, 11 մարտ 2023
Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի:

Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր:

Տեղեկացանք նաեւ, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել եւ Քովիդի գծով համակարգողը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առայժմ իրավապահները Սմբատյանին միայն հարցաքննել են, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:

 

Շղթան այսքանով չի ավարտվում: Հարցաքննվել են նաեւ 5 հիվանդանոցի տնօրեններ, որոնք Քովիդով հիվանդների են սպասարկել:

 

Հարցաքննվել են նաեւ առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը եւ Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են:

Այսպիսով, նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում, քանի որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նրա դեմ ցուցմունք տվողներ կան, ինչը ենթադրել է տալիս, որ Թորոսյանը եւս առաջիկայում գուցե ձերբակալվի: