Հետևեք մեզ։

Մի կողմ դրեք ամեն ինչ, փրկե՛նք Արցախը

22:05, 22 հուլիս 2023
Մի կողմ դրեք ամեն ինչ, փրկե՛նք Արցախը

Արցախի հարցին հայ ազգի վերաբերմունքը պարզ է ու սարսափելի։ Արցախի փրկության հարցը հայոց կողմից ընկալվում է որպես ինչ-որ մեկի՝ իշխանության գալու միջոց։ «Փրկենք Արցախը» կոչը մեր քաղաքացիների համար հեղափոխական կոչ է և այն շատերի կողմից արձագանք չի ստանում, քանի որ ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության գալու հետ։ Դա մի կողմից բնական է, քանի որ Արցախի հարցը քաղաքականացնում են գրեթե բոլորը։ Իրենց ընդդիմություն անվանող շատ քաղաքական ուժեր, ովքեր իրականում իրենց մասնակցությամբ միայն ցրում են իրական դժգոհություն արտահայտող մարդկանց հավաքները, վերացնում դրանց մասնակցելու՝ մարդկանց ցանկությունը և արդյունքում իրենց գոյությամբ երկարացնում Արցախը հանձնող իշխանության գոյությունը, ջանք չեն խնայում իրենցից բացի հավաքն առաջնորդող յուրաքանչյուրին սևացնելու համար։ Արդյունքում, այդ ուժերը իրենց ռեսուրսը ոչ թե ներդնում են Արցախի փրկությանն ուղղված ջանքերի, այլ բեմ բարձրացած, կամ շարժումն առաջնորդելու ցանկություն հայտնած յուրաքանչյուրին քարկոծելու վրա։

 

Ուշադրություն դարձրեք ու կտեսնեք, թե ինչպես են հանուն Արցախի հավաքին մարդաքանակ ապահովող կամ առավել ևս որևէ խոսք ասող, այն առաջնորդելու, դրան ուղղություն տալու փորձ անող յուրաքանչյուրին սևացնում, սկսում հիշել նրա այս կամ այն խոսքը, որի հետ համաձայն չեն եղել մի օր, սկսում պատմել, որ նա իրավունք չունի Արցախի մասին խոսել, քանի որ նա 5 տարի առաջ որևէ կերպ օգնել է կամ չի խանգարել Փաշինյանի իշխանության գալուն։

 

Ի՞նչ են ուզում այդպիսիք, ինչպե՞ս հավատաս, որ այս մարդկանց ցանկությունն Արցախը փրկելն է, ինչպե՞ս հավատաս, որ Արցախը փրկելու մասին նրանց խոսքերը ոչ թե քաղաքական խաղեր են, այլ Արցախը իսկապես փրկելու կոչեր, ինչպե՞ս հավատաս այդ կոչերին, երբ ոմանք կոչ են անում հավաքվել, ապա սկսում քարկոծել հավաքվածներին, ինչպե՞ս հավատաս, երբ հավաքվածների մեջ անմիջապես գզվռտոց է սկսվում։ Ինչպե՞ս հավատաս, երբ Արցախը փրկելու կոչին Հայաստանի ընդդիմադիր դաշտն արձագանքեց Արցախի իշխանություններից նեղացածի կեցվածքով ու բացակայեց, ուղղակի բացակայեց։

Փրկենք, ի վերջո, Արցախը…

 

 

Բեթղեհեմ Արաբյան

 

Վերլուծական