Հետևեք մեզ։

Հունաստանը` կրակի մեջ. Հռոդոսում զբոսաշրջիկներն ու տեղացիները տարհանվել են, այրվել են հյուրանոցները, օդերևութաբանները սպասում են 45+ աստիճան շոգի (լուսանկարներ, տեսանյութեր)

01:08, 23 հուլիս 2023
Հունաստանը` կրակի մեջ. Հռոդոսում զբոսաշրջիկներն ու տեղացիները տարհանվել են, այրվել են հյուրանոցները, օդերևութաբանները սպասում են 45+ աստիճան շոգի (լուսանկարներ, տեսանյութեր)

Հունաստանում մոլոգնող շոգը հուլիսի 18-ից խոշոր հրդեհների պատճառ է դարձել։ 

 

Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող Հռոդոս կղզում բռնկված հրդեհը վերահսկողությունից դուրս է եկել, այն հինգերորդ օրն անընդմեջ այրում է կղզին՝ պատճառելով անհաշվելի ավերածություններ։

 

Հրդեհն այրել է անտառի հսկայական տարածք, իսկ կրակի տակ ավերվել են նաև շքեղ հյուրանոցներ, որոնցից վարձակալները հերթով հեռանում են։

 

 

Հունական Հռոդոս կղզու իրենց տներից ու հյուրանոցներից տարհանվել են հազարավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է երկրի հրշեջ ծառայությունը։

 

 

Կղզու արևելքում իրավիճակը համեմատաբար ավելի ծանր է, և լողափերից մարդկանց տարհանում են առափնյա պահպանության նավերով և մասնավոր նավերով։

 

 

Առկա տեղեկությունների համաձայն՝ զբոսաշրջային այս հայտնի տարածք են շարժվում նաև հունական նավատորմի նավերը։

Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ իրենք այժմ պայքարում են հրդեհների դեմ երկրի բազմաթիվ շրջաններում, սակայն Հռոդոսում դրանք ամենադժվարն են, քամին երբեմն անհնարին է դարձնում կրակի դեմ պայքարը։

Քիոթարիի շրջանում հրդեհից արդեն տուժել է երեք հյուրանոց, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են հինգ ուղղաթիռ և 173 հրշեջ։

 

Ավելի ուշ Հռոդոսի հյուրանոցային բոլոր ստորաբաժանումներն առանց խնդիրների տարհանվել են անվտանգ վայրեր, մինչդեռ մոտ 2000 մարդ փրկվել է ծովով։ Տվյալները հայտնել է Հռոդոսում հրշեջ վարչության մամուլի ներկայացուցիչը։

 

 

Բրիտանացի զբոսաշրջիկ Բեքի Մալիգանը BBC-ն պատմել է, որ իրենց տարհանել են իր հյուրանոցից դեպի ծովափ, որտեղ նրանք հարյուրավոր այլ հանգստացողների հետ մնացել են սաստիկ շոգի տակ:

 

«Լողափում կա միայն մեկ փոքրիկ տնակ, և մենք չափազանց շատ ենք», - ասել է նա BBC-ին: «Շատ երեխաներ, օրվա կեսին, և մենք չենք կարող որևէ տեղ գնալ և նստել ենք այստեղ առանց որևէ օգնության: Դա ուղղակի զզվելի է»:

 

Մեկ այլ հանգստացող` Սայմոն Ուիթլին պատմել է, որ ճաշի ժամանակ մոխիրը սկսել է թափվել իր պիցցայի վրա։

 

«Հյուրանոցում ասացին, որ դա նորմալ երևույթ է, և անհանգստանալու ոչինչ չկա, քանի որ նրանք կապ են հաստատել իշխանությունների հետ և հայտնել են իրավիճակի մասին», - ասել է նա։

 

Ավելի ուշ նրա հյուրանոցի հյուրերը տարհանվել են։ «Տեսանք, որ այրվել է լողափի բարը, որտեղ մենք եղել ենք նախորդ օրը։ Ամեն ինչ թանձր ծխի մեջ էր։ Մենք երկու պայուսակ թողեցինք հյուրանոցում` իրերով», - ասել է Ուիթլին:

 

TUI զբոսաշրջային ընկերությունը հայտնել է, որ թեև իր հյուրանոցներից միայն փոքր մասն է ուղղակիորեն տուժել հրդեհից, նրանք որոշել են իրենց զբոսաշրջիկներին այլ վայրեր տեղափոխել՝ կանխարգելելու համար հնարավոր վտանգը:

Շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին, Սլովակիայից հրշեջները նույնպես ժամանել են Հռոդոս՝ օգնելու տեղի փրկարարներին:

 

«Հռոդոսում իրավիճակը լուրջ է և չափազանց բարդ։ Ուժեղ քամու և հրդեհի ուղղության արագ փոփոխության պատճառով հրշեջները ստիպված են եղել նահանջել և տեղափոխվել այլ վայր»,- գրել են Սլովակիայի հրշեջ-փրկարարական ծառայությունները Facebook-ում։

Հունաստանում այս շաբաթավերջին էլ ավելի ինտենսիվ շոգ է սպասվում, օդերևութաբանները զգուշացնում են, որ ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 45°C: Հունաստանի ազգային օդերևութաբանական ծառայության (EMY) տվյալներով՝ շոգի գագաթնակետը կլինի կիրակի օրը։ Իրավիճակը հնարավոր է ավելի վատթարանա երկուշաբթի, կանխատեսվում է, որ Հունաստանին կբախվի անոմալ բարձր ջերմաստիճանի հերթական ալիքը, որը կտևի մինչև հաջորդ շաբաթավերջ, իսկ կրակն արդեն հասել է ծովին։

 

Երկրի առաջատար օդերևութաբաններից մեկի կարծիքով՝ հնարավոր է, որ ջերմաստիճանը հասնի վերջին 50 տարվա պատմական մաքսիմումին։

 

Իշխանությունները նախազգուշացնում են նոր հրդեհների բարձր ռիսկի մասին, քանի որ ջերմային ալիքը դեռ չի մարելու։

 

Երկրի բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից օրվա ամենաշոգ ժամերին, իսկ Հունաստանի մայրաքաղաքի գլխավոր զբոսաշրջային գրավչությունը՝ Աթենքի Ակրոպոլիսը, որոշ ժամանակ փակ կլինի հանրության համար։

 

Հազարավոր հեկտար անտառային հողերի, տների և ձեռնարկությունների ոչնչացումը շարունակվում է, իսկ «Կլեոն» ջերմային ալիքն այսօրվանից թևակոխում է իր երկրորդ փուլը։

Քաղաքացիական պաշտպանությունը իրազեկման քարտեզ է հրապարակել` կարմիրով ներկելով ռիսկային և հրդեհվող հատվածները։

Հրապարակած քարտեզի համաձայն՝ երկրի կեսը կանգնած է ծայրահեղ հրդեհների վտանգի առաջ՝ ներառյալ Ատտիկան, Էվիան, Կորինթոսը և Հռոդոսը, որի մասին վերը նշվեց։