Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսի ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողը նրան հարց ուղղեց՝ հիշեցնելով, թե Արցախի Հանրապետության իշխանությունը քննադատում է Հայաստանի վարած քաղաքականությունը՝ կապված Արցախի ապագայի հետ, Երևանը, սակայն, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում շարունակում է խոսել միայն Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին՝ առանց կարգավիճակի հարցի քննարկման, որին փաստացի դեմ է Արցախի իշխանությունը։
«Մոտեցումների այս տարբերության ֆոնին հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից Լեռնային Ղարաբաղի հարցը ընդհանրապես դուրս գա կամ հակառակը՝ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի»,- հարցրեց լրագրողը։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների ու երկխոսության կողմ։
«Եւ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությւոնը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Եւ կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, ժողովուրդը, կառավարությունն այս բանաձևի շրջանակներում հնրավարություն կունենան հասցեգրել իրենց հուզող բոլոր հարցերը և ոչ միայն հարցեր առաջադրել, բովանդակություն գեներացնել, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը և ոչ միայն քաղաքական պատասխանատվություն, և ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բանակցային օրակարգում փոփոխություն մտցնելուն, Փաշինյանն ասաց․ «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ մտածելու հարց է, ընդհանրապես, թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե՞, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, և այս հարցում նենք որոշում չունենք։ Սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք, և այդ դիրքորոշումը, ըստ էության, արտահայտվեց իմ հարցի պատասխանի առաջին հատվածում»,-ասաց նա։