Ես կարծում եմ, որ այս իրավիճակում, ինչքան էլ տարօրինակ թվա, էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող։ Մենք պետք է փորձենք ամենասուր հարցերը նույնիսկ էսկալացիոն տրամաբանությունից դուրս դիտարկել և քննարկել։ Եւ, իմ կարծիքով, այս իրավիճակում լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը հստակ և աներկբա պատրաստակամություն հայտնի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի հետ քննարկելու։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք հարցադրումներ կան, որոնք նշանակում են մի բան, որ Հայաստանը ինչպես նախորդ 30 տարին, այնպես էլ հաջոդր 30 տարին պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում։
«Եթե որևէ պատրվակով Հայաստանը ձևակերպի բանաձև, որը պիտի նշանակի, որ Հայաստանը առաջիկա 30, 10, 5 տարիներին պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում, դա ասում եմ նաև այն պատճառով, որ 2020-ի պատերազմից հետո էդ մեղադրանանքրեը, որոնց մեջ շատ էական լեգիտիմություն կա, ինձ ուղղվել են, թե ինչու ես էդ ամենի մասին չէի խոսում 2018-19 թթ., հիմա, որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ և նման պարտավորություն ունեցող պաշտոնյա՝ ես հարկ եմ համարում ասել, որ եթե որևէ մեկը համարում է, որ Հայաստանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել առաջիկայում, ինքը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունը և անկախությունը դնում է կասկածի տակ։
Եւ սրա մասին վկայում է մեր պետական փորձը՝ մոտ և հեռու։ Եկեք արձանագրենք, որ մենք 2020-ի պատերազմից հետո, ըստ էության, գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը և պետականությունը։ Մենք էլ բան ենք արել՝ հարվածի տակ ենք դրել էդ պետությունը և պետականությունը։ Էլի եմ ասում՝ ոչ թե ուզելով ենք դա արել, այլ ընդհակառակը՝ շատ լավ մտադրություններով կամ շատ լեգիտիմ մտավախություններով։ Էսօր էլ նույն վիճակն է»,-ասաց նա։