Այս կիրակի Ջավախքի Գանձա գյուղում՝ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում, 56-րդ անգամ անցկացվեց Տերյանական պոզեիայի օրեր միջոցառումը։ Կազմակերպիչը Նինոծմինդայի քաղաքապետարանն էր՝ Ջավախքին աջակցություն հիմնադրամի (ՋԱՀ) աջակցությամբ։ Ամեն տարի այս օրը տերյանական պոեզիայի սիրահարներ, քաղաքական ու մշակութային գործիչներ են այցելում Գանձա՝ երգ ու պարելով, ելունթներով ու ասմունքով հիշելու հայ մեծանուն բանաստեղծին ու նրա թողած գրական ժառանգությունը։ Նախորդ տարիներին, հատկապես՝ մինչև 2018 թվականը, Հայաստանից Ջավախք էին այցելում բազմաթիվ պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ։ 2018-ից ու հատկապես պատերազմից հետո տերյանական օրերին հայաստանից գնալով ավելի քիչ մարդ է ներկա լինում։ Փոխարենը Գանձայում ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախկին ու ներկա պատգամավորներ, նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլք։
Գանձայում էր նաև Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, որի հետ էլ Hayastan.news-ը զրուցել է ինչպես տերյանական օրվա, այնպես էլ Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի և հայ-վրացական հարաբերությունների մասին։
-Պարո՛ն Պետրոսյան, ես հիշում եմ, որ նախորդ տարիներին շատ ավելի մեծ շուքով էր անցկացվում տերյանական օրվան նվիրված միջոցառումը, հիմա գնալով պակասում են թե՛ հյուրերը, թե՛ մասնակիցները։
-Համաձայն եմ։ Իհարկե, մենք այսօր ուզում ենք, որ մեր՝ բոլորիս տրամադրությունը տոնական լինի, բայց ցավալի է, որ այն գործընթացները, որ այսօր մեր ազգի մեջ, մեր պատմական հայրենիքում կան, մենք շատ դժվար ենք ընդունում այդ պրոցեսները, երևի թե դա ազդում է, որ ոչ բոլորը կարող են գալ ու այստեղ ուրախանալ։
-Դուք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եք եղել ու, վստահաբար, հետևում եք քաղաքական իրադարձություններին։ Հետաքրքիր է՝ ջավախքցիներն ինչպե՞ս են վերաբերում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին ու, հատկապես, Արցախում ստեղծված իրավիճակին։
-Ուրեմն Արցախի հետ կապված՝ հենց առաջին օրվանից, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, մինչև այսօր Ջավախքը կանգնած է եղել Արցախի կողքին։ Մենք աշխատել ենք, որ ինչ-որ մի բանով պիտանի լինենք արցախցիներին և մեր Ղարաբաղին։ Այսօր բոլոր ջավախքցիները շատ ցավով են ընդունում այն գործընթացը, որ տեղի է ունենում Արցախում և Հայաստանում։ Մենք ընդհանրապես չենք կարող պատկերացնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
-Բայց Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում։
-Ես ասեմ՝ մենք շատ վատ ենք ընդունում դա, որ նման հայտարարություններ ենք լսում։ Օգտվելով առիթից՝ ես կարող եմ կոչ անել Հայաստանի ղեկավարությանը, որ այս ձևի հայտարարություններ իրենք չանեն։ Ո՞նց կարող է Արցախը լինել Ադրբեջանի կազմում, դա ես չեմ կարող անգամ խոսքով ասել։ Յուրաքանչյուր ջավախքցի շատ վատ է ընդունում, որ լսում է՝ Արցախը պիտի լինել Ադրբեջանի կազմում։
-Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, նա այցելեց Ջավախք, նրան շատ լավ ընդունեցին, շուն նվիրեցին, պատիվ տվեցին։ Հիմա՞ էլ կա այդ ոգևորությունը Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ, թե՞ հիասթափվել ու երես են թեքել նրանից։
-Մենք՝ բոլորս, ջավախքցիներս ու ոչ միայն ջավախքիցներս, այլև վիրահայությունը շատ բարձր մակարդակով ընդունեցինք Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ իր այցի ժամանակ։ Այն ժամանակ ինքը էն ձևի խոսքեր էր ասում, որ բոլորս ոգևորված էինք, սպասում էինք, որ մի լավ բան պիտի լինի։ Անձամբ ես էլ եկել նրան դիմավորել եմ, ձեռքը սեղմել, ողջունել եմ, շնորհավորել եմ և այլն, և այլն։ Էսօր էդ ոգևորությունը չկա արդեն։
-Չե՞ք փոշմանում Ձեր արածի համար։
-Գիտե՞ք ինչ, եթե շարունակեր ինքը էն քաղաքականությունը, որի սկզբունքներով եկել էր իշխանության գլուխ, ես կոգևորվեի ու իր կողքը էլի կկանգնեի։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանըւ որոշեց այսպիսի քաղաքականություն վարել, Արցախը հանձնել։ Նրան մեղադրում են դավաճանության, թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու, հակահայկական քաղաքականության մեջ։ Դո՞ւք էլ եք այդպս կարծում։
-Կարող է ես չկարողանամ դա մեկնաբանել, թե ինչու, ես իր հետ չեմ խոսել։ Այնուամենայնիվ, երևի թե պետք էր ստեղծել ռեալ, օբյեկտիվ հանձնաժողով, որը սկսեր քննել այդ պրոցեսը, այդ ժամանակ երևի թե մենք կարողայաինք իմանալ՝ ինչի համար ոչ ճիշտ ուղղությամբ գնաց Արցախի հարցը։
-Ի դեպ, Հայաստանում ջավախքցի գործիչներ կան, որոնք ակտիվորեն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ՝ Շիրակ Թորոսյանը, որ նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ էր ու նախորդ իշխանության ներկայացուցիչ էր, իշխանափոխությունից անմիջապես հետո ճամբարափոխ եղավ, ու հիմա էլ Նիկոլ Փաշինյանին է պաշտպանում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ինչպես Շիրակ Թորոսյանի, այնպես էլ Փաշինյանի կողքին կանգնած այլ ջավախքիցների վարքը։
-Շիրակ Թորոսյանն այսօր ՔՊ-ական է, մի քանի տարի առաջ ՀՀԿ-ական էր, դրանից առաջ ուրիշ կուսակցության մեջ էր, հիմա ՔՊ-ից հետո մեկ ուրիշ կուսակցություն կլինի, կանցնի էն մյուս կուսակցության կողմը։ Ես լուրջ չեմ նայում իր քայլերին։ Էսօրվա դրությամբ ինքը պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե իշխանության մնա։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ