Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանն անգամ հումանիտար օգնությունն արգելեց հասցնել Արցախ։ Այս մասին հայտարարում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:
«Երեկ Հայաստանից ուղարկված 360 տոննա մարդասիրական բեռն այդպես էլ դեռ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:
Արցախին Ակնայի (Աղդամի) այլընտրանքային ճանապարհով բեռներ մատակարարելու «ինտեգրացիոն» առաջարկները սին են ու կեղծ և արցախցիներին հիշեցնում են 1988-90-ականների վերջին Ստեփանակերտի երկաթուղային կայարան ուղարկված «հումանիտար օգնությունը»։ 35 տարի առաջ, առավել բարդ պայմաններում, արցախցին մերժեց այդ տարբերակը և դրան հակադրեց իր միասնական կամքը։
Արցախցիների արժանապատվությունը կենցաղային հոգսերով կոտրելու մարտավարությունը հիմա էլ դատապարտված է ձախողման:
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շրջափակման առաջին իսկ օրերից աջակցության ձեռք էր մեկնում Արցախի կառավարությանը համալրելու պարենային պահուստը: Գործակալության և աջակից բարերարների կողմից փետրվար ամսից կառավարությանը տրամադրված 280 տոննա բարձր որակի և կալորիականության սննդամթերքը նախատեսված է երկարաժամկետ պահպանության համար:
Սակայն տեղափոխման կազմակերպական խնդիրը առկախվել էր, և ավելի քան 225 տոննա բեռ դեռ մնում է ԱՀ կառավարության՝ Գորիսում տեղակայված պահեստում, մասնավորապես.
171 տոննա մակարոնեղեն,
10 տոննա ձվի փոշի,
9,5 տոննա կաթի փոշի,
10 տոննա բրնձի ալյուր,
10 տոննա հնդկաձավարի ալյուր,
6,2 տոննա ալյուր և մոտ 9 տոննա այլ սննդամթերք:
ԱՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում, գործակալությունը ձեռնամուխ է եղել Գորիսում գործող պահեստների բազայի հիման վրա ստեղծել Արցախի կառավարության հումանիտար մասնագիտացված կենտրոն:
Գիտակցելով բեռների հասանելիության անհրաժեշտությունը՝ մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ պետականության ամուր հիմքեր ունեցող երկիրը չի կարելի վերածել համակենտրոնացման ճամբարի և թողնել հումանիտար օգնությունների հույսին։
Պետք է, ոչ թե հումանիտար օգնությունների խնդիր լուծել, այլ ամեն ինչ անել վերադառնալու նորմալ բնականոն կյանքի»,- ասված է հայտարարության մեջ: