Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան¬սավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, Ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ: Հիմնվելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:
Թեմայի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ժամանակ քննարկվել են լաբորատորիաների ստանդարտներին, դրանց հետագա հագեցման և վերականգնման անհրաժեշտությանը, ինչպես նաև լաբորատորիաների լիարժեք գործարկման ու կիրառմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է նաև այս տարվա սեպտեմբերի 1-ից ԳՏՃՄ առարկաների ուսուցիչների աշխատավարձերի գործակցային բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարն այս թեմայի կապակցությամբ նշել է, որ սեպտեմբերից մեկնարկում է հավելավճարի նոր համակարգը բոլոր դպրոցների ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա: Նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն: Նախարարը հիշեցրել է, որ գյուղական փոքր դպրոցների համար կա ևս մեկ հավելավճարի ծրագիր, որի արդյունքում ստացվում է, որ գյուղական փոքր դպրոցի, օրինակ՝ ֆիզիկայի ուսուցիչը երկու ծրագրով էլ լրացուցիչ վարձատրվում է:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե այս ծրագիրը որքանով է անդրադառնում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձների վրա, ինչին ԿԳՄՍ նախարարը պատասխանել է, որ նրանց դեպքում բոլոր վերոնշյալ գործակիցները հաշվարկվում են արդեն ատեստավորման արդյունքում բարձրացված աշխատավարձի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Երևանի դպրոցներում լաբորատորիաների հիմնման հարցով, ինչին ի պատասխան նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ բացի այս ծրագրից, կա համագործակցության ծրագիր Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում արդեն այս տարի Արմավիրի մարզի բոլոր դպրոցները կստանան լաբորատորիաներ, մյուս տարի պլանավորված է, որ կստանան Արագածոտնի մարզի բոլոր դպրոցները, իսկ մնացած մարզերը և Երևանը նախատեսված են Միջնաժամկետ ծախսային ծրագրով: