Հետևեք մեզ։

Մի քանի հարյուր վանական ունեցող Հաղպատի վանքն այսօր դպիր չունի կամ մոմավաճառ տիկինը եկեղեցին առանց զանգերի չի թողնում (լուսանկարներ)

17:54, 28 հուլիս 2023
Մի քանի հարյուր վանական ունեցող Հաղպատի վանքն այսօր դպիր չունի կամ մոմավաճառ տիկինը եկեղեցին առանց զանգերի չի թողնում (լուսանկարներ)

Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունըը որպես պետական կրոն, մեր երկրի ամենահարուստ ժառանգություններից մեկը աշխարհում նմանը չունեցող վանական համալիրներն են, եկեղեցիները՝ յուրօրինակ ճարտարապետությամբ, կոթողները, որոնք միայն մենք ունենք։

 

Բայց․․․ ժամանակին, երբ մշակութային ժառանգության հարցերն առավել ակտիվ էին, որովհետև հումանիտար աղետի առաջ կանգնած չէինք, իսկ պետականությունն՝ անվտանգության, և դեսպանատներն աշխատում էին, հայկական համայնքներն առավել ակտիվ էին, այլ երկրներում գտվող եկեղեցիների վիճակի, գործող լինել-չլինելու, վերանորոգման հարցերն՝ արդիական։

Բայց Հայաստանում էլ վիճակը մխիթարող չէ, խոնարհված և ավերակ դարձած եկեղեցիների թիվը հասնում է մի քանի հարյուրի։

 

Պատմական ու մշակութային վայրեր ամեն այց չէ, որ քեզ, որպես հայի, հպարտության զգացում է տալիս, ամեն այց չէ, որ կենտրոնացնում է միայն փառահեղ կոթողի լուծումների վրա, որը երբեմն առձեռակերտ է թվում։

 

Հաղպատի վանական համալիր․ մշակութային հուշարձան է Հայաստանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է 1996-ից։

 

 

 

Վանական համալիրի կառուցումը մեկնարկել է 10-րդ դարում։ Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի թագավորը և նրա կին Խոսրովանույշը՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար։

 

Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը։ Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։

 

 

 

 

Հաղպատի վանական համալիրը կազմում են Սբ․ Նշան եկեղեցին, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ, դամբարաններ և խաչքարեր, բաղնիք: Համալիրի շենքերի մեծ մասը կառուցված է կապտավուն, սրբատաշ բազալտից: Վանքը շրջապատված է աշտարակավոր պարսպով: Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ:

 

Աշտարակավոր պարիսպը վնասված է, եկեղեցին պարուրված է կարմիր ժապավենով՝ վթարային է։ Hayastan.news-ին ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչությունից հայտնեցին, որ նախագծման և նախահաշվարկային աշխատանքներ արված են, մինչև տարեվերջ պետությունը 59 մլն դրամ պետք է հատկացնի վերականգնողական և ամրաշինական աշխատանքների համար։

 

 

 

Հաղպատում վաղուց նախկին ակտիվությունը չկա, եկեղեցու զանգերը ղողանջում են միայն ժամերգությունից առաջ, պատճառն անսպասելի էր․ երբեմնի հոգևոր կենտրոնում, երբ անգամ աղոթատեղիները երեք հարկ ունեին, այժմ դպիր չկա։ Այսինքն, երբեմնի հոգևոր հզոր կենտրոնը  կրտսեր աստիճանավոր չունի (ընթերցող-գրակարդաց, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ տրվող մեկ ընդհանուր անվանումն է դպիր)։ Ի դեպ, ինչպես նշվում է «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարանում, զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարությունների անբաժան մասն է: 

 

 

Իմ հարցին, թե ո՞րն է պատճառը, որ վանքում դպիրներ չկան, շատ կարճ պատասխան հնչեց․ հիմա մայրերն իրենց երեխաներին այդպես են դաստիարականում։ Կարճ տևեց իմ խոսակցությունն այն կնոջ հետ, ով Հաղպատի մասին մեծ սիրով և ոգևորվածությամբ պատմում է հյուրերին, մոմ է վաճառում և տալիս է եկեղեցու զանգերը ժամերգությունից առաջ և դա արել է 44 օր անընդմեջ՝ պատերազմին։ Պարզվեց, որ նա նաև եկեղեցու սպասավորի մայրն է։ Իսկ վանքին վերագրվող այն առասպելին, թե անվանումն առաջացել է հմուտ վարպետի և որդու վեճից, տիկինը մեջբերում է իրական պատմությունը․ «Վանքի անունը հաղբ բառից է, որը նշանակում է թակարդ, որոգայթ, մնացածը լեգենդ է»։ Ի դեպ, գրական նյութերի վրա ևս վանքի անունը գրված է «Հաղբատ»։ Կինն այս մասին պատմում է բոլոր հարց տվողներին ու հետաքրքրվողներին, բայց ոչ որպես հարցազրույց։

 Թվում է, թե սովորական է՝ ժամանակները փոխվում են, պահանջները, երիտասարդների ու պատանիների նպատակները, բայց սովորական չէ․ այն, որ Հաղպատի վանքը դպիր չունի դա պետության ու եկեղեցու խնդիրն է։

 

Լոռվա անկյունում վեհաբար խոյացող այդ հոյակերտ վանական համալիր պետք չէ այցելել որպես զբոսաշրջիկ, լուսանկարվել ու վերադառնալ։ Պետք է իմանալ, որ Հաղպատի վանական համալիրը Հայաստանի կարևոր կրթական կենտրոններից մեկն է եղել։ Հաղպատում գրադարան է եղել 11-րդ դարից։ Այստեղ ուսանել և դասավանդել է Գրիգոր Մագիստրոսը։ Հաղպատի վանքն ունեցել է մի քանի հարյուր վանական։ Նրանք ձգտում էին ունենալ հայկական բոլոր ձեռագրերն ու գրքերը։ Գրադարանը դարձել է հայկական առաջին մատենադարանը։ Երբ մտնում ենք գրադարան  այժմ էլ ներսում գտնվող գետնափոր կժեր կան։ Դրանք հատուկ նշանակությունն են ունեցել։ Ձեռագրերը երկար ժամանակ պահպանելու համար անհրաժեշտ է եղել խոնավություն ապահովել․ և հենց այդ կժերի մեջ պահել են գինի և կաթնամթերք, այդպիսով ապահովեով ձեռագրերին անհրաժեշտ խոնավությունը։

 

 

Հաղպատ վանական համալիրում աչքի է ընկնում Համազասպ վանահոր անունը կրող ժամատունը, որը կառուցվել է 13-րդ դարում՝ ենթադրվում է 1257թ.-ին: Իր առհելի չափերի շնորհիվ (400մ) համարվում է միջնադարյան Հայաստանի ամենամեծ ժամատունը: Տանիքի համար հիմք են հանդիսանում չորս սյուները, իսկ հորինվածքն ամբողջացնում են խաչվող կամարները:

 

 

Զանգակատան կառուցումը վերագրվում է Համազասպ և Հովհաննես եպիսկոպոս եղբայրներին: Զանգակատան հատակագիծն ունի քառանկյան ձև, եռահարկ է, երկրորդ և երրորդ հարկերը բարձրանում են պատերին կցված քարե սանդուղքներով: Արտաքուստ առաջին հարկի խաչաձև հորինվածքը 2-րդ հարկում ստանում է 8-անիստ եզրաձև: Առաջին 2 հարկերում տեղավորված են աղոթքի 7 խորաններ, որոնցից 3-ը գտնվում են երկրորդ հարկում, իսկ երրորդ հարկի 4 խորանների պատերը կամարաձև միանալով, իրենց վրա են կրում 6 սյունանի գմբեթ-ռոտոնդան:

 

 

Հաղպատ գյուղում նշում են՝ վանքն իրենց հպարտությունն է, պատմությունն է, ամեն օր են այցելում, անկախ նրանից, թե երբ են հնչում եկեղեցու զանգերը․․․

 

 

Բեթղեհեմ Արաբյան