Հետևեք մեզ։

Բաքվի «քավարանը»․․․ ․ թե՞այդ դեպքում էլ կգա թվաքանակը՝ ես այսքան ՀՀ քաղաքացու վարչապետն եմ

19:29, 29 հուլիս 2023
Բաքվի  «քավարանը»․․․ ․ թե՞այդ դեպքում էլ կգա թվաքանակը՝ ես այսքան ՀՀ քաղաքացու վարչապետն եմ

Բաքուն հերթական քայլն է անում ընդդեմ հայության․ Արցախյան ազատամարտի, քառօրյա պատերազմի, 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցները թիրախավորված են, բայց արդեն ոչ Արցախի տարածքում մնալով, այլ նրանց քայլափոխը կարող է նրանց տանել Բաքվի բանտ՝ միջազգային անկախ կազմակերպության ձեռքի տակից։


Անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպությունը, երաշխիք չէ, որ բուժառուն, մարդն իր  մոտից կես վայրկյանում Բաքվի բանտում չի հայտնվի։

Ալիևի պետությունը քայլերի մշակած հաջորդականություն ունի, իսկ մեր պետության ղեկավարը Բաքվի բոլոր գործողություններին ի պատասխան իր հայտարարություններն ավարտում է հետևյալ կերպ՝ Հայաստանը չի հրաժարվում խաղաղության օրակարգից և ներշնչում է իրեն, որ ինքը 29 800 քկմ տարածքի վարչապետն է, և հավանաբար մտքում գլխի ընկնում է, որ 29 800 քկմ վարչապետն է, թե ոչ, պայմանավորված է Ալիևի «բարի կամքով», օրինակ, Ալիևի զորքն եկավ Տեղ ու մնաց։

Պետք է ճիշտ հասկանալ, ոչ ոք չի ասում, որ Փաշինյանը հրապարակավ խոսի պատերազմից, դրա վառ օրինակն էլ ունենք նոր տարածքներ բերող նախկին ՊՆ նախարարի տեսքով, բայց խաղաղության մասին բարձր խոսելիս, պատերազմի մասին լուռ պետք է պատրաստվել, սակայն մեր զենքը դեռևս փառատոններն են  աննախադեպ թվով ու անհասկանալի բովանդակությամբ, մեր պետությունը միայն դրանց է պատրաստվում։ Հակադարձում, թե լուռ է պատրաստվում, դրա համար չգիտենք, լավ,  իտալական մոդուլային զորանոցները և պատմությունը ջնջելու պետական քաղաքականությունը վկա։

 

Կարմիր խաչի միջոցով Հայաստան այցելող հային,  Լաչինում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել են՝ պատճառը Արցախյան ազատամարտին մասնակից լինելն է։ Մենք երեկ կատարվող գործողությունը մոռանում ենք, Ալիևի պետությունը հավաքագրել է, ստեղծել, գուցե հորինել, գուցե, գուցե ստացել է տվյալ, որով կարող է ինչ-որ բան ինչ-որ միջոցներով վերագրել մարդուն ու տանել բանտ։ 

Թվում է, թե էլ բացատրելու կարիք չկա, բայց կա․ իսկ քանի՞ մարդ կռված չէ Արցախում՝ ազատագրական պայքարի մասնակիցներ, քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակիցներ, իսկ Արցախում ծառայածները՞։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանի «գործը» Բաքուն կարող է տարածել բոլոր նրանց վրա, ովքեր մասնակցել հայրենիքի պաշտպանության մարտերին։


Սա ոչ միայն մեսիջ է, այլ թելադրություն բոլոր մասնակցիներին, որ իրենք տարբերակ չունեն անգամ բուժման նպատակով դուրս գալ Արցախից, և առանց որևէ տարանջատման՝ Հայաստանում  էլ սերունդներ են կռվել հանուն հայրենիքի։

Քայլերի, բանակցությունների, բառերի շղթան ասելուց առաջ մտածել է պետք, հաշվարկել չափազանց շատ, անել այնպես, որ մարդը չթիրախավորվի, որովհետև վաղն անցակետ հասնել էլ պետք չէ, Բաքվից կասեն՝ «մեր տարածքն է, եկել ենք տնից բերման ենթարկենք»։ Այս ամենը թվարկելը մեկ նպատակ ունի․ այն, ինչ ասում է Փաշինյանը, ինչ պլանավորում է, ինչ հրամցնում է, իրականության հետ կապ չունեն ու չեն ունենալու, որովհետև անհնար է արձանագրել մի փաստաթղթի բոլոր կետերը խախտելու մասին, բայց մտածել, որ նոր պայմանագրի կետերը չեն խախտվի, երբ ստորագրողը նույն մարդն է։ Չնայած, հանուն արդարության, Փաշինյանը երբեմն ասում է, որ ստորագրելը դեռ երաշխիք չէ, որ նեգատիվ զարգացումներ չեն լինի, պարզապես այդ պարագայում էլ հարցերի մյուս շարքն է առաջանում․․․

Հարց է  առաջանում․ ապաշրջափակման մասին խոսող, Ադրբեջանի հետ ՀՀ սահմանները բացող և իրեն 29 800 քկմ վարչապետ համարող Փաշինյանը հաշվի առե՞լ է, որ իր համոզմամբ՝ Ադրբեջան-Ռուսաստան ճանապարհից օգտվող քաղաքացիները հնարավոր է Բաքվի «քավարանից» ընկնել բանտ, թե՞ Փաշինյանը նկատի է ունեցել միայն իրեն, որովհետև դա իրեն չի սպառնում, թե՞ այլ պատճառ կա, թե՞ այդ դեպքում էլ կգա թվաքանակը՝ ես այսքան ՀՀ քաղաքացու վարչապետն եմ․․․

 

Բեթղեհեմ Արաբյան