Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացնում ենք հատվածաբար․
Euronews – Ես Ստեփանակերտում գտնվող լրագրողի հետ եմ խոսել, ով գրեթե նույն ցավալի իրավիճակը ներկայացրեց։ Ուզում եմ խոսել 2020 թվականի մասին։ Հազարավոր մարդիկ են զոհվել՝ զինվորներ և քաղաքացիական անձիք։ Ես այստեղ էի, Հայաստանում, ու գնացի Լեռնային Ղարաբաղ այդ ընթացքում, խոսեցի զոհված զինվորականների մայրերի հետ, ես նաև մյուս կողմում ցավի ու ավերածությունների ականատեսը եղա իմ գործընկերների՝ Ադրբեջանում կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց ես հիշում եմ մայրերից մեկին Հայաստանում, ով իր որդու մահվան մեջ մեղադրում էր քաղաքական գործիչներին, ովքեր սովորել են դիվանագիտության արվեստը, բայց ընկել էին պատերազմի թակարդը։ Ձեր կարծիքով՝ Ձեր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։
Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն իհարկե լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան։
Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին։ Եվ ենթադրենք՝ այս շենքում են վատ քաղաքական գործիչներ, իսկ աշխարհի այն մյուս հազարավոր ուրիշ շենքերո՞ւմ։ Դրա համար շատ հեշտ բացատրություն է՝ կան մարդիկ և կան քաղաքական գործիչներ: Ահա այս վատ քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ մարդիկ լավ ապրեն, որը ճիշտ է մեծ հաշվով, մի տարընթերցմամբ՝ հաջորդ պահին, մանավանդ ժողովրդավարական հասարակության մեջ, կարող են տեղերով փոխվել՝ քաղաքական գործիչը կարող է դառնալ մարդ, մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ և իշխանավոր, և խնդիրն այն է, որ այդ ցիկլերը հազարավոր տարիներ կրկնվում են։