Հետևեք մեզ։

Շատ դժվար է երբեմն գնալ այնպիսի զիջումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել․ Նիկոլ Փաշինյան

00:08, 02 օգոստոս 2023
Շատ դժվար է երբեմն գնալ այնպիսի զիջումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացնում ենք հատվածաբար․

 

Euronews – Դուք մի շատ կարևոր բան նշեցիք այստեղ։ Այս տարածաշրջանում առկա է շատ կոնկրետ ու ողբերգական ցիկլ, որտեղ մեկի հաղթանակը կարող է արձանագրվել միայն ու միայն մյուսի կապիտուլյացիայի միջոցով։ Այսօր ես խոսեցի մի երիտասարդ հայի հետ, ով ինձ ասաց, որ նա անկախության սերնդի ներկայացուցիչ է և որ դեռ շատ փոքր էր՝ հայ և ադրբեջանցի երեխաների միջև երկխոսություններ էին կազմակերպվում Վրաստանի միջնորդությամբ։ Եվ նա ասաց, որ շատ բարյացակամորեն է դա հիշում։ Ի՞նչ եք կարծում, եթե խաղաղությանը հնարավոր լինի հասնել, նկատի ունեմ խաղաղության պայմանագիր կնքվի, հնարավոր կլինի՞ այն իրագործել այսքան ցավի մեջ, թե՞ ընդհակառակը, խաղաղությունը պետք է կառուցվի ներքևից դեպի վերև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛, իհարկե հավատում եմ։ Ես ուզում եմ իմ խոսքին ի շարունակություն հետևյալ մի նյուանսի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել։ Քաղաքական գործիչներն իրականում և՛ հանրային տրամադրություններ ստեղծողներ են, և՛ հանրային տրամադրություններ կրողներ են, և՛ հանրային տրամադրության վրա ազդողներ են, և հանրային տրամադրությունից ազդվողներ են։ Դա շատ բարդ համակարգ է, բայց քանի որ Դուք խոսեցիք երիտասարդության մասին, հիշում եմ 2018 թվականին ես մի այդպիսի գաղափար առաջ քաշեցի։ Ես տեսնում էի, թե սոցիալական ցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերն ինչպիսի ագրեսիվ բառամթերք են օգտագործում։ Եվ իմ հրապարակային ասուլիսներից մեկում կոչ արեցի, որպեսզի սոցիալական ցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերը, որոնք հիմնականում յութուբում նույն տեսանյութի տակ մեկնաբանություններ էին գրում, որպեսզի այդ հարթակն օգտագործեն խոսելու, ոչ թե հայհոյելու համար։ Ես կոչ արեցի այդ ժամանակ, բայց այդ կոչն, իհարկե, ինչպես հետո պարզվեց, բավարար արդյունք չեղավ կամ գուցե մենք բավարար հետևողականությամբ չաշխատեցինք այդ ուղղությամբ։

Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։

Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է։

Վերլուծական