Հետևեք մեզ։

Մեր նախարարությունից եղել են տարբեր ցույցերի մասնակիցներ, նրանք ազատ են իրենց կարծիքն արտահայտել՝ լինի վարչության պետ, բաժնի պետ․ ԱՍՀ նախարար

20:26, 05 օգոստոս 2023
Մեր նախարարությունից եղել են տարբեր ցույցերի մասնակիցներ, նրանք ազատ են իրենց կարծիքն արտահայտել՝ լինի վարչության պետ, բաժնի պետ․ ԱՍՀ նախարար

Երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր ստորագրեց «Մանթաշյանց» գործարարների միության հետ։  Նպատակը աշխատանք փնտրողներին նաև այս միության միջոցով աշխատանքով ապահովելն է։

Hayastan.news-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱՍՀ  նախարար Նարեկ Մկրտչյանին։

 

-Պարոն Մկրտչյան, Դուք աշխատաշուկայի մասով այսօր ի՞նչ խնդիրներ կմատնանշեք, հատկապես, որ այսօր էլ նախկինից մնացած այն խնդիրը կա, որ եթե դու չունես խնամի-ծանոթ-բարեկամական կապեր, եթե լավ հարաբերություններ չունես օրվա իշխանությունների հետ, ապա քեզ համար այդ դռները ավելի նեղ են բացված։

 

-Իրականում, ոլորտում կա համակարգային խնդիր, և այդ համակարգային խնդիրը լուծելու համար մենք որոշեցինք, որ զբաղվածության ծրագրերը դադարեցնում ենք, և որ պետք է ունենանք ոլորտի ռազմավարություն, որը երբեք չենք ունեցել։ Եւ հիմա այդ ռազմավարությամբ մենք անդրադառնում ենք բոլոր այն հարցերին, որոնք կլուծեն այս խնդիրները։ Ամենակարևոր խնդիրներից մեկը նշեմ՝ պահանջարկ և առաջարկ անհամապատասխանությունն է, հմտությունների բացակայությունը, աշխատաշուկայի պահանջի, տրամադրվող կրթության և մասնագիտությունների անհամապատասխանությունը։

Մեր մյուս խնդիրը բարձր արտադրողականությամբ մասնագետներ ունենալն է, որ ունենանք այնպիսի մարդիկ, որոնք կարողանան բարձր արտադրողականությամբ բազմակի էֆեկտներ ներկայացնել։ Մենք այսօր ունենք զբաղվածության ծրագրեր, որոնցից մեկով, որը երեք բաղադրիչ ունեցող ծրագիր է և բավականին լավ աշխատեց, 2016 և 2020 թթպատերազմի մասնակիցների համար զբաղվածության ծրագիրն է։ Պիլոտային ծրագիրը 200  հոգու համար էր, և այնքանով լավ աշխատեց ծրագիրը, որ փետրվարի 15-ին պետք է ավարտվեր ծրագիրը, մենք դեկտեմբերի 2-ին արդեն 280 հոգի մարդ ունեինք, այսինքն՝ երկու ամիս շուտ ավարտեցինք ծրագիրը։ Մենք նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար ենք 2021-ից սկսած՝ իրականացնում ծրագիր, և բոլոր նրանք, որոնք ցանկություն են ունեցել ներգրավվելու, անպայման ներգրավվել և մասնակից են դարձել։ Մի ծրագրով, եթե չեմ սխալվում, 300-ից ավելի մասնակից ենք ունեցել, և դա շարունակվում է։

 

-Մենք այսօր ունենք ռուսների մեծ հոսք դեպի Հայաստան, և տեսնում ենք, որ նրանք հիմնականում սպասարկման ոլորտում են ներգրավված, հետաքրքիր է՝ օտարերկրյա քաղաքացիները ձեր նախարարության ուշադրության կենտրոնո՞ւմ են, և նրանք կարո՞ղ են դիմել ԱՍՀ նախարարություն՝ օգտվելու ինչ-որ ծրագրերից։

 

-Իրականում, միայն ռուսները չեն, հիմա կզարմանաք, որ իմանաք՝ Հայաստանում նաև Հարավային Կորեայից կան մարդիկ, որոնք տարբեր կազմակերպություններում աշխատում են այսօր։ Իրենք, ըստ էության, համարվում են կարևոր ռեսուրս նաև մեզ համար և, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են։ Բայց այս խնդրին մենք ուզում ենք ոչ թե այսօրեական լուծում  տալ, այլ այսպես ենք պատկերացնում, որ մարդիկ, օրինակ, որոնք կրթություն չեն ստացել Հայաստանում, հանրային ռեսուրս չի ծախսվել նրանց կրթության, առողջապահության վրա, և իրենք եկել են Հայաստան, մեծ մասը կամ որոշներն ունեն բարձր արտադրողականություն, և մենք համարում ենք, որ պետք է իրենց դիտարկենք  մեր ընդհանրական քաղաքականության համատեքստում։ Մենք այսօր հասել ենք վերջին փուլին, շուտով՝ մինչև սեպտեմբեր, կլինի ժողովրդագրության ռազմավարությունը, որը ուղիղ կապված է նաև զբաղվածության ռազմավարության հետ։

-Դուք խոսեցիք հմտություններից, գիտելիքի կարևորությունից և այլն, բայց վստահ եմ՝ տեղյակ եք, որ Ձեր թիմի՝ իշխանության գալուց հետո մարդկանց մեջ ձևավորվեց այնպիսի համոզմունք, որ եթե դու քայլել ես Նիկոլ Փաշինյանի հետ, եթե դու ՔՊ-ից ես, կապ չունի՝ դու գիտելիք ունես, խելք ունես, թե ոչ, անգամ եթե դու տգիտության ես ձգտում է, միևնույն է՝ դու կարող ես անգամ բարձր պաշտոն զբաղեցնել այս իշխանության օրոք։

-Այդքան էլ համաձայն չեմ, օրինակ, եթե Դուք վերցնեք այն նշանակումները վերջին երկու տարում, ուսումնասիրեք իրենց կրթական փորձառությունը, կարծում եմ՝ հակառակ տպավորությունը կթողնի։ Եթե ես խոսեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գործող տարբեր հիերարխիայի պաշտոնների նշանակման սկզբունքի մասին, ես շատ մարկանց եմ հնարավորություն տվել ներգրավվելու տարբեր պաշտոններում, որոնք ոչ քայլել են 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Իմ քայլի» գործընկերների հետ, ոչ որևէ ուղիղ առնչություն ունեն, բայց ունեն լավ կրթություն, ունեն լավ փորձ և շարունակում են աշխատել։

-Բայց ձեր կառավարության առաջնային օղակի պաշտոնյաները հիմնականում Փաշինյանի հետ քայլածներն են։

-Քաղաքականության մեջ, կարծում եմ, կա մի շատ պարզ տրամաբանություն՝ երբ իշխանության է գալիս ինչ-որ մի ուժ, իշխանությունը, բնականաբար, պետք է իր թիմով ստանձնի պատասխանատվություն։

 

-Ձեր նախարարությունում ընդդիմադիր հայացքներով աշխատակիցներ կա՞ն։

 

-Ինձ թվում  է՝ կլինեն, որովհետև մենք ապրում ենք ազատ Հայաստանում, ժողովրդավարական երկրում, մեր նախարարությունից եղել են տարբեր ցույցերի մասնակիցներ, որոնք երբեք չեն խոչընդոտվել իրենց կարծիքն արտահայտելիս։

 

-Իսկ կարո՞ղ է, օրինակ, ձեր նախարարության որևէ վարչության պետ, պետի տեղակալ, թեկուզ՝ մամուլի խոսնակը ընդդիմադիր գրառում անի, քննադատի Ձեզ, ձեր իշխանությանը։

 

-Ազատ է յուրաքանչյուր քաղաքացի, լինի դա վարչության պետ, բաժնի պետ կամ այլ աշխատակից, իր կարծիքը՝ քաղաքական կլինի, ապաքաղաքական կլինի, արտահայտել։ Մի բան է, որ սահմանված կարգով քաղծառայողներին չի թույլատրվում աշխատանքի ժամին զբաղվել քաղաքականությամբ։ Իսկ մնացած մասով բազմաթիվ դեպքեր եղել են, որևիցե խնդիր չի առաջացել։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ