Հետևեք մեզ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում, ՖԻՖԱ-ն հաստատել է 2026-ի ԱԱ կարգը և կատարել մի շարք փոփոխություններ

20:25, 14 մարտ 2023
Աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում, ՖԻՖԱ-ն հաստատել է 2026-ի ԱԱ կարգը և կատարել մի շարք փոփոխություններ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կառավարման խորհուրդը հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության ձևաչափը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

2017 թվականին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ 2026 թվականի աշխարհի առաջնությանն առաջին անգամ 48 թիմ կմասնակցի։ Մրցաշարի խմբային փուլը բաղկացած է լինելու 72 հանդիպումից. թիմերը կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրը չորս թիմով, քառյակից դուրս կգա առաջին տեղերը զբաղեցրած երկու թիմ և երրորդ տեղերը զբաղեցրած ութ լավագույն թիմ։ Խմբային փուլից հետո թիմերը կխաղան 1/16 եզրափակիչ փուլում։ Ընդհանուր առմամբ մրցաշարը բաղկացած կլինի 104 հանդիպումից։ Նախկինում աշխարհի առաջնությանը մասնակցել է 32 թիմ, մրցաշարը բաղկացած է եղել 64 հանդիպումից։

Մրցաշարը կտևի 56 օր։ Եզրափակիչ հանդիպումը նշանակված է 2026 թվականի հուլիսի 19-ին։ Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի երեք երկրում՝ Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։