Hayastan.news-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը որոշել է ԱԺ բակում՝ ծառերի տակ, սրճարան կառուցել։ Ֆիքսել էինք, որ արդեն հողային աշխատանքներ են իրականացվում այնտեղ՝ բետոնե լիցքերի համար փոսեր են փորվել, և այս պահին այնտեղ ընթանում է սրճարանի կառուցման աշխատանքները։
Hayastan.news-ն այս առիթով հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմ՝ պարզելու մի քանի հարցի պատասխան․
-Ե՞րբ և ի՞նչ հիմնավորմամբ է որոշվել Ազգային ժողովի տարածքում կառուցել բացօթյա սրճարան։
-Սրճարան չկառուցելու պարագայում արդյոք կտուժի՞ խորհրդարանի աշխատանքը։ Եթե այո, ապա այս տարիներին, որ սրճարան չկար, հաշվարկ կամ ուսումնասիրություն ունե՞ն, թե որքանով է տուժել խորհրդարանի և անձամբ խորհրդարանականների աշխատանքը։
-Ո՞ր ընկերությունն է իրականացնելու շինարարությունը և որքա՞ն գումար է հատկացվելու դրա համար։
-Ո՞ր ընկերությունն է շահագործելու տվյալ սրճարանը, արդեն հայտարարվե՞լ է դրա համար մրցույթ։
-Ե՞րբ է նախատեսվում սրճարանի բացումը։
Թվարկած այս հարցերից ԱԺ աշխատակազմը, սովորության համաձայն, պատասխանել է մասնակի։ Մասնավորապես, նրանք շրջանցել են այն հարցը, թե սրճարան չկառուցելու պարագայում արդյոք կտուժի՞ խորհրդարանի աշխատանքը։ Փոխարենը նշել են, թե ինչու են որոշել սրճարան կառուցել՝ Ազգային ժողովի ճաշարանի ընդլայնման նպատակով։
«Ազգային ժողովի ճաշարանի ընդլայնման վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ճաշարանը փոքր է, իսկ օգտվողները շատ են, հատկապես՝ ընդմիջման ժամերին»,-պատասխանել են ԱԺ աշխատակազմից։ Նկատենք, որ ԱԺ ճաշարանը տակավին վերջերս էր նորոգվել, թարմացվելու վերաբացվել, և անգամ նոր ճաշարանի դեպքում այնպես չէ, թե այցելուներն այնքան շատ էին լինում, որ նստելու տեղ չէր լինում։ Ավելին, ճաշարանն ունի նաև երկու նախասրահ, որոնցից մեկը առհասարակ չի օգտագործվում, քանի որ կարիքը չկա, իսկ մյուսն էլ ծխողների համար է նախատեսված, և դժվար է ասել, թե այն միշտ լեփ-լեցուն է լինում։ Ուստի, դրսում սրճարան կառուցելու որոշումը ավելի շատ ժամանցային է, այլ ոչ թե՝ կարիքից դրդված։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է տարին կլոր բյուջեի հաշվին տուրիստական այցերի մեկնող և էկզոտիկ երկրների սրճարաններում իրենց ժամանցն ապահովող պատգամավորների և աշխատակազմի համար ժամանցի մի փոքր հատված ապահովել նաև խորհրդարանի տարածքում, որ եթե գործուղման անվան տակ շրջագայության չեն գտնվում, ապա խորհրդարանում գտնվելիս շատ չձանձրանան՝ իջնեն սրճարանում ժամանակ անցկացնեն։ Ի դեպ, սրճարանը ճաշարան չէ, այսինքն՝ այն իր ֆորմատով ոչ թե զուտ սնվելու, այլ ավելի շատ ժամանակ անցկացնելու վայր է, դրա համար էլ ԱԺ-ում գործող սննդի կետի անունը դրել են ճաշարան, ոչ թե սրճարան կամ ռեստորան։ Մյուս հարցերին ևս տվել էին ոչ հստակ պատասխաններ, մասնավորապես՝ դեռևս որոշում չկա, թե որ ընկերությունը կշահագործի ճաշարանը և երբ կսկսի շահագործվել այն՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո։
Ինչ վերաբերում է շինարարության համար հայտարարված մրցույթին, հաղթած ընկերությանն ու պայմանագրի արժեքին, ապա ԱԺ աշխատակազմից տրամադրած պայմանագրում նշված է, որ Ազգային ժողովի բակի սրճարանի սալիկապատման աշխատանքների համար պայմանագիր է կնքվել «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 686 հազար 684 դրամ։ Այսինքն՝ հենց այսքան է ԱԺ-ն պետական միջոցներից վճարելու «Հիպերնովա» ընկերությանը, որ վերջինս սալիկապատում իրականացնի։ Բայց սա դեռ միայն սալիկապատման աշխատանքների գումարն է։ Դրանից հետո գումար են հատկացնելու արդեն կահույքի, տեխնիկայի, սպասքի և այլ պարագաների համար։
Ընդ որում, մենք պայմանագրում գտանք նաև նախահաշիվը, որում բավականին տպավորիչ թվեր էին նշված, թե շուկայականից ինչ բարձր արժեքով են պատվիրել որոշ աշխատանքներ։ Մասնավորապես՝ 1 ք/մ գլաքար (Брусчатка) շարելու համար «Հիպերնովա» շինարարական ընկերությունը պահանջել է 13,480 դրամ, և ԱԺ աշխատակազմը համաձայնել է այս թվին, չնայած որ այլ շինարարների հետ խոսեցինք՝ զգալի, նույնիսկ՝ մի քանի անգամ ցածր գին ասացին։ Ընդհանուր պետք է շարվի 122,73 ք/մ գլաքար՝ 1 մլն 654 հազար 400 դրամ արժեքով։ Իսկ բազալտե եզրաքար շարելու մեկ գծամետրի դիմաց ԱԺ աշխատակազմը համաձայնել է վճարել ոչ ավել, ոչ պակաս՝ 12,000 դրամ։ Ընդհանուր պետք է շարվի 147 գծամետր եզրաքար՝ 1 մլն 764 հազար դրամ արժեքով։ Մեզ ասացին՝ սա նույնպես բարձր գին է այսպիսի աշխատանքի համար, և հնարավոր էր ավելի մատչելի գնով գտնել։ Ի դեպ, «Հիպերնովան» առաջին անգամ չէ, որ «ամենացածր գներով» շինաշխատանքներ է կատարում ԱԺ աշխատակազմի պատվերով։ 2019-ին հիմնադրված այս ընկերությունը այս տարիներին հասցրել է նաև ներկել ԱԺ ճաղավանդակները, թարմացնել պարսպի գույնը, վերանորոգել է ԱԺ տնտեսական շինությունները, ասֆալտապատել ԱԺ ավտոտնտեսության հատակը և ոչ միայն։
Ի դեպ, այս պայմանագիրը կնքվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին։ Այսինքն՝ ԱԺ-ում այսպիսի տպավորիչ գներով սրճարան կառուցելու որոշումը դեռ վաղուց էր կայացված։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ