Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հավաքում են հետախուզական տվյալներ, որոնք հետագայում օգտագործվում են Կիևի կողմից՝ ռուսական ուժերին հարվածելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ «ԱՄՆ զինված ուժերի գործունեությունը մեր սահմանների անմիջական մերձակայքում մտահոգության տեղիք է տալիս և անընդունելի է։ Մենք լավ գիտենք, թե ինչ նպատակով են օգտագործվում հետախուզական և հարվածային անօդաչուները»,- ասել է դիվանագետը դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ, որն առնչվում է Սև ծովում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի կործանման հետ։
Անտոնովը նշել է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը նման թռիչքներ են կատարում ամեն օր։ «Ի՞նչ են անում նրանք ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Պատասխանն ակնհայտ է՝ նրանք հետախուզական տեղեկատվություն են հավաքում, որը հետագայում օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից՝ հարվածելու մեր զինված ուժերին և տարածքին»: