Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ ճանապարհների սպասարկման վիճակին ու դժգոհեց, որ դրանք չեն մաքրվում անձրևների բերած կեղտից։ Վարչապետը խոսում էր որպես վարորդ, հիշում իր տեսած ճանապարհների վիճակը, թվարկում՝ Դիլիջան- Իջևան ավտոճանապարհի փոսերը։ Նա նույնիսկ խիստ խոսեց՝ պահանջեց իր սեղանին դնել մեղավորների անունները, ապա ձայնը տվեց Գնել Սանոսյանին, ով բացատրեց, որ վիճակը նախկինի համեմատ լավ է, բայց խնդիրներ շատ կան վարչապետի նշած մակարդակի սպասարկում ապահովելու համար։
Փաշինյանի ելույթի մեջ մի դրական և մի քանի բացասական բան կա։
Դրականն այն է, որ նա, ի վերջո, արձանագրում է, որ իրենք շատ վատ են անում այն, ինչ խոստացել են լավ անել։
Իսկ բացասականները շատ-շատ են։ Նախ, նրա ելույթից պարզ է, որ ճանապարհների վերանորոգման ու սպասարկման ոլորտում վերահսկողություն չկա և վարչապետը մեզ պես՝ որպես վարորդ, պետք է փոսերի հանդիպի, որպեսզի հարցը քննարկվի։ Վատ է նաև, որ վարչապետը խնդիրը նկատել է ղեկին նստելուց ու էքսկուրսիա գնալուց հետո և, օրինակ, Երևանի փոսերն ու դրանց անորակ վերանորոգումները չի նկատում։
Բայց ավելի վատն այն է, որ վարչապետը չգիտի, որ իր նշած վիճակի մեղավորներից մեկը հենց Գնել Սանոսյանն է, ումից նա մեղավորների անուններ է սպասում։ Վարչապետը չգիտի, որ Երևանում նույն վիճակի մեղավորն իր թիմակից քաղաքապետերն են։
Հենց նրանք իրենց պարտականությունները չեն կատարել ու աշխատանքից դուրս չեն շպրտել նրանց, ովքեր պարտավոր լինելով հսկել, որ ճանապարհը պատշաճ վերանորոգեն, ոչ միայն չեն արել դա, այլ նաև ընդունել են անորակ ասֆալտը։
Լուսանկարներում Երևանի կենտրոնական փողոցներից մեկն է՝ Հրաչյա Քոչար փողոցի սկզբնամասը, մետրոյի Բարեկամություն կայարանի մոտ։ Լուսանկարներից մեկն արված է շաբաթվա սկզբին, մյուսը՝ վերջին և ինչպես տեսնում եք՝ քիչ է, թե նոր կառուցված ճանապարհն ու դրա տակ գտնվող ջրահեռացման հորը փլվել են, 5 օրից ավելի է՝ այնտեղ ճաղեր են դրվել ու թողնվել և դա օրվա կոնկրետ ժամերի անանցանելի խցանման պատճառ է։ Կամ, շուրջ երկու ամիս առաջ էր, որ ավտոբուսն ընկել էր նոր ասֆալտապատված ճանապարհի մեջ, քանի որ այն ակնհայտ անորակ էր կառուցվել ու փլվել, կամ օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերը ցույց էր տալիս, թե ինչպես է գորգի պես պոկվում այդ աստիճան անորակ ասֆալտը։
Ընդհանրապես, վարչապետին, Գնել Սանոսյանին, Տիգրան Ավինյանին ու նրանց ենթակա հարուստ վարչության պետերին չէր խանգարի նկատել, որ Հայաստանում ճանապարհների վերանորոգումները ոչ միայն անորակ են, այլև ի սկզբանե պլանավորված են այնպես, որ մաքսիմալ անհարմարություն պատճառեն վարորդներին։
Նրանք նախ քանդում են ճանապարհն ու թողնում այն օրերով։ Բոլորս ենք տեսնում, որ ճանապարհաշինարարները փողոցում հորեր փորելուց ու երթևեկության համար այն գրեթե անպիտան դարձնելուց հետո, մի քանի ծուռ մետաղ են ցցում դրանց մոտ, սխալ տեղերում ինչ-որ նշաններ դնում այնպես, որ այդ փոսն ընկնող վարորդն այն կտեսնի փոսն ընկնելուց երկու վայրկյան առաջ, ու օրերով բացակայում փոսերի մոտից, այնտեղ ոչ մի աշխատանք չեն կատարում։ Այո, ի տարբերություն նորմալ երկրների՝ Հայաստանում ճանապարհը վերանորոգողները բոլորիցս շատ են հանգստյան օրեր վայելում։ Կիսավեր փողոցներում իրենց փորած փոսերի մոտից նրանց բացակայությունը այլ կերպ չես բացատրի։
Ի դեպ, վատ չէր լինի տեսնել նաև, որ շաբաթներով մնալուց հետո մի օր, ի վերջո, լցված այդ փոսերը հաճախ ասֆալտապատվում են այնպես, որ ասֆալտի հին ու նոր շերտերի միջև հսկայական տարբերություն կա ու ավտոմեքենան նոր վերանորոգված ճանապարհով անցնելիս ցնցվում է։
Վարչապետին չէր խանգարի իմանալ, որ պարեկներին պետք էր սովորեցնել ոչ թե վարորդին կես բառ ասելու դեպքում գետնին պառկեցնելն ու ապօրինի ձերբակալելը, այլ պետք էր բացատրել, որ նրանք ճանապարհի հսկայական, մեքենաներ ջարդող փոսերի կողքով անտարբեր չպետք է անցնեն և դրանց մասին պետք է հայտնեն պատկան մարմիններին, իսկ նրանք պետք է նորոգեն այն։ Նրանց կարելի էր սովորեցնել նաև, որ շաբաթներով փորված փոսերի պատճառով առաջացող խցանումների կողքով չպետք է անհաղորդ անցնել, այլ դրանք պետք է բացել՝ երթևեկությունը իրավիճակին համահունչ կարգավորելով։
Զավեշտալի է, երբ չաշխատող լուսացույցի պատճառով առաջացած երկար խցանումը հաղթահարելիս զարմանում ես՝ ինչո՞ւ պարեկներ չկան, որ գոնե կանխեն խաչմերուկում վթարներն, ապա առաջ ես գնում ու հայտնաբերում պարեկներին, ովքեր քո պես խցանման մեջ սպասում են, որ ճանապարհն ազատվի ու անցնեն…։
Ի դեպ, վարչապետին չէր խանգարի իմանալ նաև, որ ԱԱԾ-ն դատախազ ծեծելու փոխարեն կարող է պարզել, թե ի՞նչ հանցանքի արդյունքում են նոր կառուցված ճանապարհները քանդվում, հորեր առաջանում, ո՞վ է անորակ նորոգում ու խաբում պետությանը, ո՞վ է կոռուպցիայի մեջ թաթախվել ու ընդունում է անորակ ասֆալտը։ Աննա Վարդապետյանն էլ փաստացի անձամբ «ծեծվելու» ու ոչնչանալու փոխարեն կարող էր պահանջել ստուգել այդ ամենը…
Բեթղեհեմ Արաբյան