Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է՝ պայմանավորվածություն եղել է նախ օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, ապա՝ Լաչինի միջանցքը

11:56, 14 օգոստոս 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է՝ պայմանավորվածություն եղել է նախ օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, ապա՝ Լաչինի միջանցքը

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով զինտեխնիկա է տեղակայում հայ-ադրբեջանական պայմանական սահմանին»:


«Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» բոլոր օրինական միջոցներով», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։


Հայտարարության մեջ նշվում է նաև, թե վերջերս, մի շարք ինտենսիվ խորհրդակցություններից և «մաքոքային դիվանագիտության» ջանքերից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր երթուղիներով մարդասիրական բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։


«Տեղի բնակիչների կարիքները բավարարելու համար առաջին խնդիրը Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհի օգտագործումն էր։ Դրան 24 ժամվա ընթացքում պետք է հաջորդեր ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի ճանապարհի օգտագործման վերականգնումը: Բոլոր կողմերը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը և ԿԽՄԿ-ն, պատրաստ էին գործնականում իրականացնել այս համաձայնությունները։ Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում անցկացնել Եվլախում։ Սակայն 2023 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանը վերջին պահին հետ կանգնեց վերջին պահին ձեռք բերված երկու պայմանավորվածություններից՝ առաջ քաշելով քաղաքական դրդապատճառներ»


Ադրբեջանական կողմը նշել է, թե «Հայաստանը միտումնավոր խոչընդոտում է այդ դիվանագիտական ջանքերը»։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով ռուսական պետական ​​կառույցներում իր աղբյուրին, գրում է, որ Ակնայի ճանապարհով ապրանքների մատակարարումն ի վերջո կգործարկվի: Ըստ աղբյուրի՝ ի սկզբանե այդ տարբերակին համաձայն են եղել թե՛ Ադրբեջանը, թե՛ ԼՂՀ-ն: Մասնավորապես, աղբյուրը թերթին ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Ղարաբաղի ժողովուրդը։ Դրա էությունն այն էր, որ Ակնայով ճանապարհը բացվեր, և դրանով ԿԽՄԿ-ի միջոցով սկսվեր անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։

 

Ըստ Լավրովի առաջարկի՝ այդ երթուղով երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց պետք է վերականգնվեր նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։ «Այս տարբերակը գտնվում էր պատրաստականության բարձր աստիճանում»,- ասել է թերթի աղբյուրը: Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես: Հետո, աղբյուրը նշել է, ԼՂՀ-ից հայտարարեցին, թե Ակնայով չպետք է ուղարկվեն ադրբեջանական ծագման ապրանքները, այնուհետև տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված միջադեպը։

Վերլուծական