Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին։
Ավելի վաղ Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանը հայտնել էր 4 զոհի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 5 մարդու դի, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս 1 մարդ է մահացել հարևան Ադիյաման նահանգում։ Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից։ Հորդառատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել մարզի բազմաթիվ բնակավայրեր։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարզերում անձրեւները կշարունակվեն երկու օր, ուստի չեն բացառվում նոր հեղեղումներ ու սելավներ։







