Ղասեմ Սուլեյմանի․ իրանական համեստ ընտանիքում ծնված երեխան մի օր դառնալու էր Իրանի գլխավոր ռազմական ստրատեգը, իրանական արտաքին քաղաքականության գաղափարախոսը և հայտնվելու էր անձմամբ ԱՄՆ նախագահի և մի շարք երկրների թիրախում։
Ղասեմ Սուլեյմանին ծնվել է 1957 թվականին Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո 13 տարեկանում նա սկսել է աշխատել որպես բանվոր, իսկ ազատ ժամանակ զբաղվել է ծանրամարտով և միշտ ներկա է եղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քարոզներին։
1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ 22-ամյա Սուլեյմանին իր կարիերան սկսել է Իրանի ռազմական շրջանակներում և անմիջապես ընդունվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս: Ըստ Foreign Policy-ի, առաջին անգամ նա ստացել է ռազմական հանձնարարություններ՝ ընդամենը վեց շաբաթ ռազմական մարտավարական պատրաստությունից հետո:
Ո՞վ էր Սուլեյմանին և ի՞նչ ազդեցություն ուներ նա
Սուլեյմանին, ով ղեկավարում էր Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը, կարևոր դեր է խաղացել Մերձավոր Արևելքում իրանական ազդեցության տարածման գործում։ Գեներալը համարվում էր Իրանի ռազմական ջանքերի հիմնական ստրատեգը։ Նա գրեթե նույն ազդեցությունն ուներ Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եմենում։
Նա շիա պետությունների տարածաշրջանային միություն ստեղծելու Իրանի քաղաքականության շարժիչ ուժն էր: Այն երկրներում, որտեղ սունիները ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում, Սուլեյմանիին համարում էին իրենց գլխավոր թշնամին։
Գեներալ Սուլեյմանիին հաջողվել է փոխել ուժերի հարաբերակցությունը սիրիական պատերազմում հօգուտ Բաշար ալ-Ասադի և մեծացնել Իրանի ազդեցությունն Իրաքի վրա։ Նա մեղադրվում էր Իրաքում հարյուրավոր ամերիկացի զինվորականների սպանության և Իսրայելի վրա հարձակումներին աջակցելու մեջ։
Արևմուտքում նրան համարում էին չարի մարմնացում։ ԱՄՆ-ը նրան, իրանցի այլ պաշտոնյաների հետ, անվանել է ահաբեկիչ՝ 2011 թվականին մեղադրելով նրան Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու մեջ:
Նա համարվում էր տարածաշրջանի ամենաարդյունավետ ռազմական հետախույզը և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի աջ ձեռքը:
«Սենյակում կարող է լինել տասը հոգի, և երբ Սոլեյմանին ներս է մտնում, մյուսների հետ չի նստում, նստում է սենյակի մյուս կողմում, շատ հանգիստ, չի խոսում, չի մեկնաբանում, ինչ-որ բանի վրա նա պարզապես նստում և լսում է»,- The New Yorker-ին պատմել էր իրաքցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ իրանցի հրամանատարը հանրության առաջ սովորաբար ուշադրություն չէր գրավում իր վրա և գրեթե չէր բարձրացնում ձայնը՝ դրանով իսկ ցույց տալով մի հատկանիշ, որը արաբներն անվանում են «հիլիբ»։
Իրանում նրան և՛ հարգում էին, և՛ ատում: 2017 թվականին երկրում հայտնվեց մի շարժում, որը գեներալին կոչ էր անում առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այնուամենայնիվ, շատերն անհանգստանում էին, որ եթե նա հաղթի ընտրություններում, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» կունենա գրեթե անսահմանափակ իշխանություն: Նա սիրված էր կոշտ գծի կողմնակիցների և ռեժիմի կողմնակիցների շրջանում, բայց ոչ այնքան սիրված մնացած բնակչության շրջանում:
Սուլեյմանին, մի կողմից, գովեստի է արժանացել ԴԱԻՇ-ի ջիհադականների դեմ հաջող պայքարի համար, մյուս կողմից՝ նա համարվում է Սիրիայում մարդկանց մահվան համար պատասխանատու։
Կենտրոնական հետախուզության վարչության նախկին սպա Ջոն Մագուայրը 2013 թվականին նրան անվանել է Մերձավոր Արևելքի ամենահզոր գործիչը, որի մասին ոչ ոք չի լսել:
2014 թվականին Կանադայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը գեներալին, ով կռվում էր ահաբեկիչների դեմ, անվանել էր «ահաբեկչական գործակալ, որը հերոս է ձևանում»: Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ նույն կերպ էին արտահայտվում գեներալ Սուլեյմանիի հասցեին անգամ նրա մահից հետո։
«Արաբական գարունը Մերձավոր Արևելքում, այնուհետև «Իսլամական պետության» դեմ պայքարը գեներալ Սոլեյմանիին ստվերային կերպարից վերածեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքականության գլխավոր խաղացողի»,-New York Times-ին ասել է Իսրայելի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Թամիր Պարդոն:
Պատերազմ Սիրիայում․ Պուտինին համոզողը
Սուլեյմանիի ազդեցությունն աճել էր այն բանից հետո, երբ նրա զորքերն աջակցել էին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին քաղաքացիական պատերազմի մեջ, որը սկիզբ էր առել 2011 թվականից:
2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Սուլեյմանին հրամայել է իրաքյան աշխարհազորայիններին պաշտպանել Ասադի կառավարությունը։ Ենթադրվում է, որ 2015 թվականին Մոսկվայում գտնվելու ժամանակ ազդեցիկ գեներալը Վլադիմիր Պուտինին համոզել է հարձակում սկսել Սիրիայում հակակառավարական ուժերի դեմ: Այս միջամտությունը ռուսական քաղաքականության նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր, քանի որ մինչ այդ Ռուսաստանը երբեք ուղղակիորեն չի մասնակցել արաբական երկրների տարածքում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Սուլեյմանիի այցը Մոսկվա կարևոր քայլ էր ռուսական ռազմական միջամտության պլանավորման համար, որը փոխեց սիրիական պատերազմի ընթացքը և ստեղծեց նոր իրանա-ռուսական դաշինք՝ ի պաշտպանություն Ասադի:
Ռուսական կողմը պնդում էր, որ միջամտել է Սիրիայում ռազմական գործողություններին Ասադի պաշտոնական խնդրանքով, ով անձամբ է ներկայացրել այն խնդիրները, որոնց բախվել են կառավարական ուժերը։
Պայքար «ԴԱԻՇ»-ի դեմ
Շատերը նշում էին նրա մեծ ներդրումը Իսլամական պետության դեմ պայքարում։ Մարտերը, որոնք տևեցին 2014-ից մինչև 2017 թվականը, հազվագյուտ օրինակ էին Իրանի և ԱՄՆ-ի համար, որովհետև նրանք պայքարի միևնույն կողմում էին․ մեկ անգամ չէ, որ ԱՄՆ-ը և գեներալ Սուլեյմանիի զորքերը միաժամանակ հարձակվել են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա։
Թեհրանի համալսարանի ամերիկյան հետազոտությունների ղեկավար Մուհամմեդ Մարանդին ասել է, որ Սուլեյմանիի դերը ԻՊ-ին հաղթելու գործում նրան դարձրել է ազգային հերոս իրանցիների և Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների աչքում:
«Եթե չլինեին նրա նմանները, այս տարածաշրջանն իր ամբողջ տարածքում կտեսներ սև դրոշներ»,- ասել էր նա՝ նկատի ունենալով «ԻՊ» դրոշները։
2014 թվականին «ԴԱԻՇ»-ը գրավեց Իրաքի մոտ մեկ երրորդը: Երբ Իրանի և Իրանի կողմից աջակցվող ուժերը դարձան խմբի դեմ պայքարի հիմնական խաղացողները, սոցցանցերում սկսեցին շրջանառվել գեներալ Սոլեյմանիի համազգեստով լուսանկարները մարտի դաշտում:
Նման հրապարակայնությունը լուրերի տեղիք տվեցին, որ գեներալը փորձում է հայտնի դառնալ՝ Իրանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Նա հերքեց դրանք՝ ասելով, որ իրեն միշտ տեսել է միայն որպես զինվոր և ոչ քաղաքական առաջնորդ։
Սուլեյմանիի՝ նախագահի և մահվան լուրերի համար
Իրանում սկսվել էր գեներալ Սուլեյմանիին քաղաքականություն ներգրավելու արշավը: Նրան անվանում էին Իրանի ամենաազնիվ և ամենաքիչ կոռումպացված քաղաքական գործիչը և կոչ էին անում առաջադրվել 2017 թվականին նախագահական ընտրություններում:
Այս գաղափարի հակառակորդները վախենում էին առանց այն էլ հզոր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցության աճից։
Սուլեյմանիի մահվան մասին լուրերը մեկ անգամ չէ, որ պտտվել էին․ առաջին անգամ նա «հուղարկավորվել է» 2006-ի ավիավթարից հետո, որի հետևանքով զոհվեցին այլ իրանցի զինվորականներ: 2012-ին լուրեր էին պտտվում, որ նա մահացել է Դամասկոսում՝ ռմբակոծության ժամանակ, բայց պայթյունի հետևանքով զոհվել էին Բաշար ալ-Ասադի հիմնական օգնականները։
2015 թվականի նոյեմբերին տեղեկություններ շրջանառվեցին, որ Սուլեյմանին սպանվել կամ ծանր վիրավորվել է Ասադին հավատարիմ ուժերի կողմից սիրիական Հալեպի շուրջ մարտերի ժամանակ։
2019-ի հոկտեմբերին Թեհրանը հայտարարեց արաբական երկրների և Իսրայելի միջև խափանված դավադրության մասին՝ Սուլեյմանիին սպանելու նպատակով։
Սպանությունից առաջ և հետո
2019-ի դեկտեմբերի 31-ին, մի քանի հազար մարդ փորձել էր ներխուժել Բաղդադում ամերիկյան դեսպանատուն՝ ի նշան բողոքի շիա աշխարհազորայինների վրա ամերիկյան ավիահարվածների դեմ։ Նրանցից ոմանց հաջողվել էր կոտրել դիվանագիտական ներկայացուցչության դարպասները և ներխուժել ներս, սակայն ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ իրավիճակը վերահսկվում է, և դիվանագիտական առաքելության անձնակազմը տարհանվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման մեջ մեղադրել էր Իրանին։
«Իրանն իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը մեր հաստատություններից որևէ մեկի կորստի կամ վնաս հասցնելու համար: Նրանք շատ ծանր գին կվճարեն: Սա նախազգուշացում չէ, այլ սպառնալիք: Շնորհավոր Նոր տարի»,-գրել է Թրամփը Թվիթերում։
Հունվարի 1-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ եթե Իրանը ցանկանում է դիմակայել մարտահրավերներին և պայքարել, ապա դա կանի վճռականորեն:
«Մենք պատերազմի չենք ձգտում, բայց խստորեն պաշտպանում ենք Իրանի ազգային շահերը, արժանապատվությունն ու փառքը: Եթե ինչ-որ մեկը սպառնա մեզ, մենք չենք վարանի դիմադրել և հակահարված տալ»,- ասել էր նա:
Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել էր անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։
Իրանի Press TV-ն հայտնել էր, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ էր հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել էր ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ։
«Նահատակությունը նրա պարգևն էր այն անդադար գործունեության համար, որով նա զբաղվում էր այս տարիների ընթացքում,- ասվում էր Իրանի առաջնորդի պաշտոնական Twitter-ում։- Թեև նա հեռացավ, բայց Ալլահի կամքով նրա գործն ու ճանապարհը կանգ չեն առնի։ «Սարսափելի վրեժ է սպասվում հանցագործներին, ովքեր անցյալ գիշեր ներկել են իրենց կեղտոտ ձեռքերը նրա և մյուս նահատակների արյունով»։
Խամենեին «Ղոդս» հատուկ նշանակության ջոկատի նոր հրամանատար էր նշանակել Իսմայիլ Քաանիին՝ Սոլեյմանիի նախկին տեղակալին։
Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության մեջ, ԱՄՆ-ից բացի մեղադրում է նաև Եվրոպայի և մերձավոր արևելքի երկրների մի մասին: «Դոյչե Վելեն» գրում է, որ Իրանի պետական լրատվամիջոցների հաստատմամբ, գեներալի սպանության մեջ իրենց դերը խաղացել են՝ Գերմանիան, Բրիտանիան, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Քուվեյթն ու Քաթարը:
Իրաքում սպանված Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 7-ին` իր հարազատ Քերման քաղաքում: