Ակնայով ճանապարհի տարբերակը շատ վտանգավոր խաղ է՝ մեզ համար անընդունելի։ Ես չգիտեմ՝ ասե՞լ է Լավրովը նման բան, թե՞ չի ասել, կամ որտեղից է «Կոմերսանտը» դա գտել, որքանով է իրականությանը համապատասխանում՝ դա թողնենք մի կողմ։ Ակնայի ճանապարհը որևէ կապ չունի Բերձորի միջանցքի հետ, մեկը մյուսով փոխարինելը սխալ է տակավին և շատ վտանգավոր։ Ի՞նչ է նշանակում՝ Ակնայով թող բացեն, հետո՝ Լաչինի միջանցքը։ Միջանցքի կարգավիճակը 2020 թվակաանի նոյեմբերի 9-ի պայմանագրով հաստակեցված է։ Ավելին, Ռուսաստանը համարվում է այդ ամենի երաշխավորը։ Բերձորի միջանցքը առանց այն էլ պիտի բացեն, որովհետև Ադրբեջանը կոպտորեն խախտում է այդ ամենը։ Երաշխավորը Ռուսաստանն է, և պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ միջանցքը լիարժեք օգտագործվի։ Դրանից հետո Ակնայով ճանապարհ կլինի, կուզենանք օգտագործել դա, թե չենք ուզենա՝ լրիվ այլ հարց է։
Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ռուսական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Լավրովի առաջարկությամբ եկել էին համաձայնության, որ սկզբում բացվի Ակնայով (Աղդամով) ճանապարհը, հետո բացվի Բերձորի (Լաչինի) միջանցքը, սակայն վերջում Արցախի իշխանությունները հրաժարվել են։ Հարցին՝ Արցախի իշխանությունների հետ այդ հարցն, ամեն դեպքում, քննարկվե՞լ է, և Եվլախում հանդիպման մասով պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ էր, թե՞ ոչ, պարոն Բաբայանն ասաց․ «Տեսեք, տարբեր մոտեցումներ կան, առաջարկներ կան, մենք բազմաթիվ անգամ դրա մասին խոսել ենք, որ մենք դեմ չենք բանակցություններին։ Բայց բանակցությւոնները կամ հանդիպումները զուտ հանդիպումների համար չեն իրականացվում։ Երբեմն լինում է ժամանակաշրջան, որ ավելի լավ է՝ չհանդիպես, քան հանդիպես։ Ադրբեջանը հստակ ասում է՝ դուք գալու եք և քննարկելու եք մեզ հետ այսպես կոչված «ինտերգրացիան», այսինքն՝ Արցախի պետականության ապամոնտաժումը, այսինքն՝ Արցախի վերացման գործընթացը։ Սրա մասին մենք ի՞նչ քննարկենք, իրենք չեն ասում՝ գնանք, խոսենք, տեսնենք՝ ինչ մարդասիրական հարցեր կան։ Չէ, էս հարցն են դնում, և ադրբեջանական երկխոսություն են դա համարում։ Մենք չենք ընդունում դա։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ չենք բանակցելու, երբ ժամանակը գա, բայց համապատասխան ձևաչափով։ Բայց այս պահին կարծում ենք՝ ձևաչափը ճիշտ չէ, թեման ճիշտ չէ»։
Նրա խոսքով՝ եթե գնալու են պետությունը ապամոնտաժելու մասին բանակցեն, ապա դրա հետևանքները շատ ավելի վատ են լինելու, քան բանակցությունների բացակայության պայմաններում։ «Իսկ եթե կան, օրինակ, մարդասիրական բնույթի հարցեր, որոնք բազմաթիվ անգամ նման հանդիպումներ եղել են 2020 թվականից հետո, այսինքն՝ որոնողական աշխատանքներ են եղել, գազատարի խափանումներ, էլեկտրաէներգիա, վարուցանքսեր և այլն, այսպիսի հարցերը՝ այո։ Բայց հիմա Ադրբեջանը, փաստորեն, օկուպացրել է Լաչինի միջանցքը, առևանգում է մեր բնակիչներին, ինչի մասին բազմաթիվ անգամ ասել ենք։ Դրա համար ամենակարևորը հիմա սկզբունքայնությունն է, որովհետև մենք այն վիճակում ենք գտնվում, որ եթե սկզբունքային չլինենք, վերանալու ենք՝ նվաստանալով»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ