Հետևեք մեզ։

Խեղճ ՄԱԿ-ն ի՞նչ անի, երբ Փաշինյանն արդեն տվել է

14:51, 17 օգոստոս 2023
Խեղճ ՄԱԿ-ն ի՞նչ անի, երբ Փաշինյանն արդեն տվել է

Երեկ ՄԱԿ-ի ԱԽ նիստն էր ՝ ՀՀ նախաձեռնությամբ և Արցախի հարցով․  ի՞նչ է  սպասում Հայաստանը ՄԱԿ-ից․  Արարատ Միրզոյանի ելույթից պարզ դարձավ, որ պահանջը Լաչինի միջանցքը բացելն է, ինչն իրոք անհրաժեշտ է․ Արցախում հումանիտար աղետ է։

 

«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար» և խոսեց մարդասիրությունից, մարդասիրությունից ու փորձեց խղճահարություն առաջացնել մեջբերելով երեխաների։

 

Բայց մենք դա չէինք ուզում տեսնել․ օրինակ, ուզում էինք, որ ՀՀ ԱԳ նախարարը հակադարձեր Ալբանիային, պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ-ն ունենար ԱԳ նախարար, որ ալբանացի դիվանագետին ասեր՝ Արցախում Ադրբեջանի քաղաքացի հայեր չկան,  հակադարձեր Ռուսաստանին, հակադարձեր բոլոր նրանց, ովքեր առաջարկում են իբր այլընտրանքային Ակնայի ճանապարհը, իսկ Միրզոյանը լուռ համաձայն էր նրանց հետ, որովհետև այդ իրավիճակը ստեղծողներից մեկն է։ Չեք պատկերացնում, որովհետև Միրզոյանն ընդամենն ասաց․ «Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

 

Արարատ Միրզոյանը հասկանում է, որ միջազգային այդ մեխանիզմը չկա․ տարածաշրջանային խաղացող Ռուսաստանը բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառերով Ադրբեջանի հետ է, մյուս միջազգային մեխանիզմը՝ քրեական դատարանն էր, որի որոշումը երևի Ալիևը չի էլ կարդացել, ուր մնաց, թե իրագործի, այդ ի՞նչ հրեղեն միաջազգային մեխանիզմ են ակնկալում ՀՀ իշխանությունները, Ե՞Մ-ն, որի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են․․․

 

Միրզոյանը, որն այդ բարձր ամբիոնում լինելու իրավունք ունի, չի՞ լսել, որ Ակնային ճանապարհը Լաչինին հավասարեցնելուն պաշտոնական Ստեփանակերտը դեմ է։ Իհարկե լսել է, որովհետև անգամ Մալթայում էին լսել, Ադրբեջանին հստակ կոչ արեցին Լաչինին այլընտրանք Ակնան չառաջարկել։ Միրզոյանը լսել է, գիտի Ակնայի ճանապարհի վտանգների մասին, բայց, իբր թե՝ դե Հայաստանը դրա հետ կապ չունի, Ստեփանակերտը կորոշի։ Ո՞ր Ստեփանակերտը, որի 75-ի տոկոսն Ադրբեջանին տալու փաստաթղթի տակ Փաշինյանն է ստորագրել, իսկ 25 տոկոսը բանավոր ճանաչել է Ադրբեջանի մաս։ Թողնեիք Ստեփանակերտին այն կարգավիճակում, որում կար 2018-ին և այդ ժամանակ էլ ասեիք՝ թող բանակցի և թո՛ղ բանակցեր։

 

ՀՀ-ն ՄԱԿ-ում արտգործնախարար չուներ, որ ՌԴ ներկայացուցչին ասեր՝ ձեր կոմպրոմիսային տարբերակն առաջարկելուց և Ակնայի ճանապարհը ցույց տալուց առաջ ձեր բարեկամ Ադրբեջանին ստիպեք կատարել այն պայմանավորվածությունը, որի տակ ստորագրել է։

 

Արարատ Միրզոյանն իր համար գծել է կլոր գիծ և այդ գծի  մեջ թռվռում է իր սեփական ցանկությամբ ու Փաշինյանի հետ համաձայնությամբ։

 

Ի՞նչ անի աշխարհը կամ ՄԱԿ-ը․ գուցե կենցաղային թվա օրինակս, բայց տան սեփականատերն ինքն է որոշում ում նվիրել, կտակել, կամ վաճառել իր տունը․ այսինքն, երբ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, ՄԱԿ-ի անդամ երկիրը պետք է Փաշինյանի դեմ կռիվ տա՞, այսինքն, Ռուսաստանը պիտի ասի՝ չէ, Արցախն Ադրբեջանի մաս չէ, չի ասի, որովհետև այնտեղ 120 000 հայ է ապրում, ոչ թե ռուս կամ ալբանացի։

 

Միրզոյանները կեղծ են, նրանք այդ նիստերում սեփական շահն են սպասարկում, որ փաստեր արձանագրեն, նրանց բովանդակությունը հետաքրքիր չէ, նրանք հացի խնդիրը լուծելու մասին էլ չեն մտածում, որովհետև Փաշինյանն ասում է՝ բադրջան աճեցրեք։

 

 ՀՀ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրում է իր համար, ոչ թե Արցախի, որովհետև այնտեղ Արցախից հնչած ոչ մի միտք Միրզոյանը չի հնչեցնում․ ՀՀ իշխանությունը չի սպասարկում Արցախի շահը, պարզ է,  այս ամենով ՀՀ իշխանությունը լուծում է Փաշինյանին ուղղված հարցերի պատասխանի հարցը, որ հաջորդ առիթին Փաշինյանն ասի՝ իսկ ես ի՞նչ եմ խնայում Արցախին, քանի՞ անգամ ենք ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել։ Սա է այս ամենի պատճառը, այլապես Արարատ Միրզոյանն իր ելույթում շեշտը չէր դնի խղճահարություն առաջացնելու վրա, այլ կասեր՝ Ստեփանակերտը դեմ է Ակնայի ճանապարհին, այդ մասին բոլոր մակարդակներով հայտարարվել է։

 

Եվ վերջում,  եզրափակելով՝ ես կցանկանայի  ասել, որ 4-ամյա Էդվինը, 6-ամյա Անաստասիան, 7-ամյա Մարիան, 5-ամյա Դավիթը, 5-ամյա Տաթևը, 8-ամյա Սամվելը և շատ ուրիշներ, քանի որ երեխա են, դեռ հույս ունեն, որ  Հայաստանն իրենց Ադրբեջանին չի նվիրի, պարոն Միրզոյան։

 

Բեթղեհեմ Արաբյան