Հետևեք մեզ։

Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շրջանում չկա ընդհանուր մոտեցում, դժվար է ակնկալել, որ Անվտանգության խորհուրդը կարող է ինչ-որ մի բանաձև կամ հայտարարություն ընդունել․ ՀՀ նախկին փոխարտգործնախարար

16:21, 17 օգոստոս 2023
Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շրջանում չկա ընդհանուր մոտեցում, դժվար է ակնկալել, որ Անվտանգության խորհուրդը կարող է ինչ-որ մի բանաձև կամ հայտարարություն ընդունել․ ՀՀ նախկին փոխարտգործնախարար

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցով հրավիրված հրատապ նիստի և դրանում հնչած ելույթների շուրջ Hayastan.news-ը զրուցել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։

 

-Պարոն Ապիտոնյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն ու գնահատականը ՄԱԿ ԱԽ երեկվա նիստի և դրանում հնչած ելույթների վերաբերյալ։

 

-Միանշանակ մի կարծիք դժվար է արտահայտել, որովհետև շատ մանրամասն վերլուծելու խնդիր կա։ Առաջինը, իհարկե, որոշ երկրների հետ շատ լուրջ աշխատանք կա տանելու, որոշ երկրների ուղղությամբ նաև խնդիրներ կան ավելի համապարփակ մոտեցումներն ուժեղացնելու։ Ընդհանուր տպավորությունս այն էր, որ քննարկումներն ավելի շատ դիրքորոշումների հստակեցման շուրջ էին, և այդ պարագայում հասկացվեց, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շրջանում չկա ընդհանուր մոտեցում։ Եւ եթե չկա ընդհանուր մոտեցում, շատ դժվար է ակնկալել, որ Անվտանգության խորհուրդը կարող է ինչ-որ մի բանաձև կամ հայտարարություն ընդունել։ Մի կողմից, իհարկե, հստակ էր նույն Ֆրանսիայի՝ ավելի հայամետ դիրքորոշումը, այնտեղ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բավականին շեշտադրումներ արեցին հենց հումանիտար ասպեկտի վրա, Ռուսաստանի դիրքորոշումը փոքր-ինչ այլ էր և ավելի շատ ելնում էր խաղաղապահ առաքելության կարիքներից և, ըստ այդմ, նաև փորձում էր որոշակիորեն սիրաշահել Ադրբեջանին՝ իր խաղաղապահ առաքելությունը հնարավոր ռիսկերից հեռու պահելու համար։ Այնտեղ Չինաստանի ուղղությամբ, կարծում եմ, լուրջ աշխատանքի կարիք կա, որովհետև բավականին պասիվ դիրքորոշում էր ու փոքր-ինչ տարօրինակ էր նույնիսկ Չինաստանի կողմից անգամ Արդարադատության միջազգային դատարանին հղում չանելը։

 

-Այս ամենը կարելի՞ է համարել Հայաստանի դիվանագիտական կորպուսի թերի աշխատանքի կամ ձախողման հետևանք։

 

-Չէ, իրականում լավ, հաջող աշխատանք էլ կար, թերություններ էլ կային, դժվար է միանշանակ գնահատական տալ։ Երևում էր, որ մի քանի երկրների հետ հստակ աշխատանք է տարվել։ Բայց խնդիրը նաև ավելի համապարփակ է, որովհետև, երբ մենք մոտենում ենք կոնֆլիկտի կարգավորմանը, կոնֆլիկտի կարգավորման պրոցեսներում շատ ավելի մեծ չափով աշխարհաքաղաքական գործոններ կան, և այդ գործոնները պայմանավորված են ոչ միայն դիվանագիտական ջանքերով, այլ շատ ավելի լուրջ՝ ուժային բալանսի խնդիրներով, և այս ուղղությամբ պետք է ասեմ, որ դիվանագիտությամբ շատ ավելի դժվար է լինելու ուղղել թերացումները ուժային հատվածում։ Այսինքն՝ ուժային հատվածում մեր՝ ոչ որոշիչ գործոն լինելը շարունակելու է ազդել նաև դիվանագիտական հաջողության վրա։ Հետևաբար, լավագույն դիվանագիտությունը նույնիսկ չի կարող փոխարինել տեղում ուժային հավասարակշռության վերականգնման կարևորությանը։

 

-Դուք ասացիք, որ ավելի շատ հումանիտար ասպեկտի վրա շեշտը դրվեց, իսկ քաղաքական առումով որևէ քննարկում կա՞ր։

 

-Մի շարք էլեմենտներ կային, իհարկե, հատկապես որոշ գործընկերների կողմից։ Որոշ երկրներ շեշտադրում արեցին նաև Արցախի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության վրա, որոշ երկրներ ուղղակի շեշտադրում արեցին՝ հիմնվելով նաև նախկինում գոյություն ունեցող ստատուսների վրա, մեկը Եվրամիության տարբերակն էր։ Երկրորդը՝ ԱՄՆ-ն որոշակիորեն խոսեց բնակչության ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին։ Այսինքն՝ որոշակի ինստիտուցիոնալ բաներ կային։ Կար նաև մյուս մոտեցումը, որ Ռուսաստանը առաջ քաշեց, այն է՝ եթե Հայաստանի ղեկավարությունը ընդունել է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես կարգավորման հիմք, հետևաբար պետք է ամեն ինչ որոշվի համաձայն Ադրբեջանի օրենսդրության, ինչն, իրականում, այդպես չէ։ Տարօրինակ է, որ Ռուսաստանն ինքն է Ալմա Աթայի հռչակագիրը վաղուց մոռացել որոշ հարևանների հետ շփումներում, հիմա ինչո՞ւ է որոշել դրա վրա հիմնվել։

 

-Արդյո՞ք Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսը, որ ճանաչում են Արցախը՝ Ադրբեջանի մաս, էապես չի փոխում միջազգային կառույցներում քննարկումների տրամաբանությունը։

 

-Միանշանակ փոխում է, որովհետև եթե մենք խոսում ենք փոխզիջումային կարգավորումների մասին, կարևորագույն մասը այստեղ ոչ թե զիջումն է, այլ փոխ բառը։ Հետևաբար ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ է ստացել այդ հայտարարությունների դիմաց, որ մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է շահել Հայաստանը դրանից։

 

-Այստեղ նաև հարց է առաջանում՝ այս դեպքում Հայաստանի Արցախի համար որպես ի՞նչ է հանդես գալիս միջազգային կառույցներում, եթե ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։

 

-Մենք ունեինք մոտեցում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այսօրվա կառավարությունը, կարծում եմ, այդ մոտեցումն այլևս չունի։ Եւ եթե նպատակ ունեն շատ ավելի մարդասիրական դաշտի վրա դնել, դա, ցավոք սրտի, շատ թուլացնում է քննարկման քաղաքական բովանդակությունը։ Մյուս կողմից՝ խնդիրները պետք է լուծել գետնի վրա, այստեղ, հետո նոր ակնկալել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ինչ-որ մի բանաձև է ընդունելու, որով հարց է լուծելու կամ ստիպելու է Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքը բացել, դա միամտություն է։ Տեսեք, ՄԱԿ-ն ունի երկու ազդեցության լծակ, առաջինը պատժամիջոցներն են, օրինական կարգով պատժամիջոցներ կարող է սահմանել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բայց տարածված է նաև ոչ միջազգային իրավունքից լիարժեքորեն բխող մոտեցումը, որը տարբեր երկրներում ընդունված է, դա առանձին պատժամիջոցներ սահմանելն է։

 

-Այսինքն՝ մենք հիմա գործնականում ՄԱԿ-ից որևէ լուրջ ակնկալիք կարո՞ղ ենք ունենալ, թե՞ ոչ։

 

-Դա եմ ասում՝ պատժամիջոցների մասին որևէ մեկը չհիշատակեց, հետևաբար դա նույնիսկ սեղանին դրված չէ, այսինքն՝ լավագույն դեպքում թղթային դատապարտում է լինելու։ Երկրորդ բանը, որով միջազգային հանրությունը կարող է միջամտել, դա արտոնված ռազմական միջամտությունն է, բայց դրա մասին այսօր, կարծում եմ, նույնիսկ հնարավոր էլ չէ մտածել։

 

-Ռազմական միջամտություն՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կողմի՞ց։ Իսկ դա չի՞ հակասի Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը։

 

-Միանշանակ, դրա համար էլ ասում եմ, որ չկա դա սեղանին։ Այսինքն՝ երկու հնարավորություն կա ճանապարհը բացելու։ Երրորդը մնում է Ադրբեջանի վրա բարոյական ճնշումը և Ադրբեջանի բարի կամքը՝ ենթարկվելու այդ բարոյական ճնշմանը, ինչի վրա հույս դնելը, կարծում եմ, տեղին չէ։ Ադրբեջանը Լաչինի միջանցքը կբացի միայն շատ մեծ այլ զիջման փոխարեն, բայց նույնիսկ այդ պարագայում դա երկարաժամկետ չի լինելու, իրենք պահելու են իրենց ներկայությունը, բեռները ստուգելու իրենց լիազորությունը որևէ մեկին չեն զիջելու, և մաքսիմումը՝ կարող է այնտեղ ռուսական խաղաղապահներից ներկայացուցիչ դնեն, բայց Ադրբեջանը, կարծում եմ, քայլ առ քայլ հաշվարկված գնում է դեպի իր նպատակը՝ Արցախը հայաթափելու և վերջնականապես ինտեգրելու Ադրբեջանին։

 

-ՄԱԿ ԱԽ նիստում Ակնայով (Աղդամ) ճանապարհն էր քննարկվում որպես այլընտրանքային միջոց, թեև որոշ երկրներ եղան, որ շեշտեցին՝ Ակնայով ճանապարհը չպետք է լինի Լաչինի միջանցքին այլընտրանք, բայց շատերը, այդ թվում՝ Ռուսաստանը, խոսեցին Ակնայով ճանապարհի մասին, որ այն կարող է այս հումանիտար ճգնաժամը լուծելու տարբերակ լինել։

 

-Երբ հարցը ոչ խելամիտ ձևով տեղափոխում են միայն հումանիտար դաշտ, այսինքն՝ խոսքը միայն այն մասին է, որ մարդիկ ստանան սնունդ, ստանան բժշկական օգնություն և այլն, այսինքն՝ հումանիտար դաշտում լինի այս ամբողջ լուծումը, դա, բնականաբար, շատ մեծ հաղթաթուղթ է դառնում Ադրբեջանի ձեռքին, որովհետև ինքն ասում է՝ եթե խնդիրը սովածներին կերակրելու, հիվանդներին բժշկելու մեջ է, ես պատրաստ եմ, ինչո՞ւ եք անպայման շեշտում, որ Հայաստանից Լաչինի ճանապարհով պետք է այդ ամենը գա, խնդրեմ՝ Աղդամից կարող է գալ, եթե դեղի մասին եք խոսում, սնունդի մասին եք խոսում։

Այսինքն՝ դա չհաշվարկվածության վերջնակետն է։ Հետևաբար, դրա նպատակը ո՞րն է՝ ապացուցել, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականությո՞ւն է վարում։ Իրականում, Ադրբեջանի ձեռքում որոշակի այլ հաղթաթուղթ էլ կա, ասում է՝ ես այդպիսի քաղաքականություն չեմ վարում, Աղդամի ճանապարհը բացեք, ես հենց հիմա էլ պատրաստ եմ և՛ դեղեր բերել, և՛ սնունդով ապահովել։ Այսինքն՝ մենք խնդիրը քաղաքական դաշտից, Արցախի կոլեկտիվ իրավունքներից տեղափոխում ենք Արցախի մարդասիրական իրավունքների դաշտ, ինչը սարսափելի իջեցնում է մեր նշաձողը։ Եւ այդ նշաձողը ՄԱԿ ԱԽ մակարդակով բարձրացնելը շատ ուշացած է, մենք առնվազն 2,-2,5 տարի ուշացել ենք։ Իսկ հիմա մենք ուղղակի հայցում ենք մարդասիրական աջակցություն սոված բնակչության համար, ինչը նշաձողի շատ մեծ իջեցում է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ