«Հետք»-ը շարունակում է սննդամթերքի փորձաքննությունների շարքը։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության ենք ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
Այս անգամ մեր փորձաքննությանն ավելացրել ենք նոր բաղադրիչ. նախքան լաբորատորիա հանձնելը, կաթնաշոռները տարել ենք Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։
Կաթնաշոռի կույր համտեսին մասնակցել են ֆակուլտետի ուսանողները` գնահատելով ապրանքների համը, հոտն ու որակական հատկանիշները։ Համտեսի վերջում նրանք պետք է քվեարկեին իրենց նախընտրած միայն մեկ նմուշի օգտին։
Ջերմային ռեժիմը չխախտելու համար նմուշները լաբորատորիա տեղափոխել ենք սառնարանով։ Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։
Ոլորտի մասնագետները մեկնաբանել են փորձաքննության արդյունքները, խոսել խախտումների առաջացման պատճառների ու հնարավոր հետևանքների մասին։
Կաթնաշոռում խմորասնկերի և բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։
«Եթե տարածքը լինի բորբոսնած, դա օդի միջոցով կարող է տարածվել ու հայտնվել արտադրանքի մեջ։ Արտադրանքն ինքն իրենով բազմացման համար միջավայր է, օդից ընկած ցանկացած բան կարող է հեշտությամբ բազմանալ»,- ասում է Կ. Դարբինյանը։
Բորբոսասնկերը նույնպես հիմնականում առաջանում են արտադրական գործիքներից, պայմաններից և օդից։
Խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր թիվը կարող է նշանակել նաև որ կաթնաշոռը պատրաստված է երկրորդական հումքի վերամշակումից (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։
Այս ցուցանիշների՝ նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է, քանի որ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։
Փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են՝ «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։
10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։
Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։
3 ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։
3 նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են՝ «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։
Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։
Քվեարկությամբ ամենաշատ ձայները՝ «համակրանքը» ստացել է «Մարիաննա» կաթնաշոռը՝ 5 ձայն, 3 ձայն ստացել է «Երեմյան փրոդաքթսը», 1-ական ձայն ստացել են «Անի» և «Բոնիլատ» կաթնաշոռները։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։